26/12/2025

ԵՄ-ում էլ են կարծում, որ արցախցիների վերադարձի հարցը կապված չէ արևմտյան Ադրբեջանի հետ

Մի քանի օր է քննարկվում է Նիկոլ Փաշինյանի կողմից վտանգավոր առաջարկն Ադրբեջանին, որով մեկ նժարի վրա է դնում այսպես կոչված 300 հազար ադրբեջանցիների Հայաստատան վերադարձի հարցը արցախցիների Արցախ վերադարձի հետ։

Գերմանիա այցի ընթացքում Փաշինյանն ասել է, որ Արցախ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է, ապա շարունակել․ «Ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետեւ որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։

Առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ՝ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ ասում են՝ պիտի վերադառնանք եւ այլն, ես ասել եմ՝ դա իրատեսական չէ։

Բայց, մյուս կողմից, Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արեւմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե որը որի պատճառն է, որն է պատճառ, եւ որը՝ հետեւանք։ Ես ասում եմ՝ եկեք նստենք, ճանապարհային քարտեզ մշակենք՝ ոնց ենք այդ թեման հանում…»։

Տպավորություն է, որ օտար պետություններն ավելի լավ են գիտակցում եւ  պաշտպանում Հայաստանի ու արցախցիների շահերը, քան Նիկոլ Փաշինյանը։ Ընդամենը մեկ տարի առաջ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ «իրենց տները պետք է վարադառնան ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Բաքվի հայերը», ինչպես նաև Շամխորի, Շեքիի, Կիրովաբադի, Սումգայիթի, Խանլարի և Ադրբեջանի այլ շրջանների հայերը:

ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ հարցը բնավ կապ չունի Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արեւմտյան Ադրբեջան» հասկացության հետ, դրանք տարբեր բաներ են։

Տոյվո Կլաարի խոսքերով, Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մի մասը:  «Հուսով եմ, որ թշնամության և բռնության էջը վերջնականապես կշրջվի մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի բնակչության բոլոր շերտերի, այդ թվում՝ ղարաբաղահայության։

ԵՄ-ն շատ հստակ է արտահայտվել այս հարցի շուրջ. ղարաբաղցի հայերի վերադարձի հարցը լինելու է կարգավորման գործընթացի մաս։ Ակնկալում եմ, որ Բաքվի և նրանց (ղարաբաղահայերի – խմբ.) միջև ուղիղ բանակցություններ տեղի կունենան իրենց հայրենի շրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ»։

«Ադրբեջանն այս առումով պարտավորություններ ունի, ինչը, ինձ թվում է, չի հերքում։ Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական և փոխադարձ հարգանքով երկխոսության միջոցով։ Նորմալացումն ինձ համար նշանակում է բաց վերքեր չունենալ, հետևաբար այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս: Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։

Ինձ համար սրանք բոլորովին այլ հարցեր են, որոնք հնարավոր չէ խառնել։ Առաջինն իրենց պապենական օջախներ ղարաբաղցի հայերի վերադարձին նպաստելն է, ինչը Ադրբեջանի պարտավորությունն է։ Երկրորդն այն հայերի հարցն է, ովքեր նախկինում ապրել են Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում, կամ ադրբեջանցիների, ովքեր նախկինում ապրել են Հայաստանում։

Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ ապրել են, կամ նույնիսկ վերադառնան այնտեղ, և դա նույնպես պետք է նորմալացման հետևանք լինի։ Սակայն սա բոլորովին այլ հարց է, քան կոնկրետ ղարաբաղցի հայերի հարցը»։

Նա վստահություն է հայտնել, որ այս հարցը կմնա առանցքային խնդիր իր իրավահաջորդի համար։

Եվրամիության հատուկ ներկայացուցչի հայտարարությունները, ի դեպ,  խիստ զայրացրել էին պաշտոնական Բաքվին։