27/12/2025

Երբ նեղ վիճակում ենք եղել, դիմել ենք արեւմտյան կառույցներին եւ աջակցություն ակնկալել նրանցից

Մենք տարիներ շարունակ հիացել ենք արեւմտյան ժողովրդավարությամբ, նախանձել այն համակարգին, որը ձեւավորվել է Արեւմուտքում` արդար ընտրություններ, խոսքի ազատություն, մարդու իրավունքների պաշտպանություն, դատական համակարգի անկախություն, իշխանության ճյուղերի տարանջատում:

Հրապարակ թերթը գրել է․ Ուրախացել ենք, երբ Հայաստանը 2001-ին դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ: Երբ նեղ վիճակում ենք եղել, դիմել ենք արեւմտյան կառույցներին եւ աջակցություն ակնկալել նրանցից:

Վստահ ենք եղել, որ մեր իշխանությունների յուրաքանչյուր շեղում ժողովրդավարության ուղուց արժանանալու է եվրոպական կառույցների դատապարտմանը, իսկ Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տալու, որ օրենսդրական այնպիսի փոփոխություններ կատարվեն մեր երկրում, որ ժողովրդավարությունից նահանջ արձանագրվի:

Մենք մեր ամենամղձավանջային երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ ժողովրդավար Եվրոպան կարող է աջակցել Հայաստանում բռնապետության հաստատմանը, որ անմեղ մարդկանց կալանավորումները կարող են խրախուսվել ԵՄ անդամ երկրների կողմից:

Որ Եվրոպան կարող է լծվել ժողովրդավարությունից խիստ հեռացած եւ բռնապետական վարք դրսեւորող ինչ-որ իշխանավորների վերարտադրության գործին եւ դա կարող է անել այսքան անթաքույց ու այսքան ցինիկ:

Որ Ռուսաստանի դեմ պայքարը կարող է այնքան կուրացնել ժողովրդավար Եվրոպային, որ նա կարող է աջակցել իրեն սպառած ու մարդու իրավունքները տոտալ ոտնահարող հայկական ինչ-որ ռեժիմի, որը չի կարողանում պաշտպանել ազգային պետության շահերը, բայց երեւութական պայքար է մղում Ռուսաստանի դեմ:

Իսկ ամենասարսափելին այն է, որ մեզ` Ռուսաստանն ու ռուսական անազատ իրականությունը տասնամյակներ շարունակ մերժողներիս, այնպես կհիասթափեցնի, որ կհամոզի` եվրոպական արժեքները կեղծ են ու ձեւական: