26/12/2025

Էրդողանն առաջինը կձեռնարկի Սիրիայի մասնատումը, ինչ անդրադարձ կունենա Հայաստանի հետ հարաբերության վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը դեկտեմբերի 22-ին այցելել է Դամասկոս:

«Անադոլուն» ներկայացրել է սիրիացի պաշտոնակից Շայբանիի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսին նրա հնչեցրած հիմնական տեսակետները: Թուրքիայի արտգործնախարարն, ըստ այդմ, արձանագրել է Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական փաստացի ինքնավարությունը կենտրոնական կառավարության «կառուցվածքում ինտեգրվելու հետաքրքրություն չի դրսևորում»:

Թուրքիան մշտապես հանդես է գալիս Սիրիայի «տարածքային և քաղաքական ամբողջականությունը հարգելու» դիրքերից: Ֆիդանը Դամասկոսում ասել է, որ Սիրիայի «կայունությունը նաև Թուրքիայի կայունությունն է»:

Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ Թուրքիայի խորհրդարանի «եղբայրության և համերաշխության» հանձնաժողովի լիազորությունները վեց ամսով երկարաձգվել են: Անկարային չի հաջողվել համոզել, որ «Քրդական բանվորական կուսակցության» առաջնորդ Օջալանը զինաթափման և «ինտեգրման» կոչ հղի Սիրիայի քրդերին:

Ըստ երևույթին, խորհրդարանական հանձնաժողովը կշարունակի Օջալանի հետ բանակցությունները: Մինչ այդ, սակայն, Սիրիայի քաղաքական ամբողջությունը վտանգվել է ոչ միայն հյուսիս-արեւելքում և հարավում, այլև կենտրոնական նահանգներում, որտեղ ԱՄՆ-ը հակաահաբեկչական գործողություններ է սկսել «Իսլամական պետության» խմբավորումների դեմ:

Ասադի վարչակազմի տապալումից հետո դա ամերիկյան առաջին բացահայտ ռազմագործողությունն է, որ սկսվել է, երբ ամերիկացի երկու զինծառայող և քաղաքացիական թարգմանիչն սպանվել են Սիրիայի անվտանգության աշխատակցի կողմից:

Զուգահեռաբար թուրքական մամուլը տեղեկություն է տարածել, որ Բաշար Ասադի եղբայր Մահերը, որ սիրիական բանակի գեներալ էր և ապաստան է գտել Մոսկվայում, «հիսուն միլիոն դոլար է ներդրել, որպեսզի կազմակերպի Լաթաքիայի շրջանի ալևի բնակչության զինված ապստամբությունը»:

Անցած ամռանն այդ շրջանում Սիրիայի անցումային կառավարության ուժերը վայրագություններ են գործել և բացառված չէ, որ տեղի բնակչությունն իրոք ապստամբի:

Սիրիայի հարավային՝ Իսրայելի հետ սահմանակից, նահանգներում, որտեղ զգալի թվով դրուզներ են բնակվում, իրավիճակը փաստացի հսկում են իսրայելական բանակը և դրուզների ինքնապաշտպանական խմբավորումները:

Ըստ էության, անցումային կառավարության իրավազորությունը սահմանափակվում է մայրաքաղաք Դամասկոսով: Այդ պատճառով Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ամբողջական վերահսկողությունը գործնականում չի կայանում:

Որքանով հասկացվում է, Էրդողանն առայժմ ձեռնպահ է մնում Սիրիան օկուպացնելու ռազմագործողությունից, բայց դա կարող է ժամանակավոր լինել: Եթե քրդերը, դրուզները և ալիևիները լիովին չընդունեն ալ-Շարաայի կառավարության լեգիտիմությունը, իսկ այդ հավանականությունը չափազանց նվազ է, ապա Դամասկոսի կենտրոնական իշխանությունը կփլուզվի, նրա հետ էլ «օսմանյան Սիրիա» նախագիծը:

Այդ դեպքում, հավանաբար, Էրդողանն առաջինը կձեռնարկի Սիրիայի մասնատումը, ինչ անդրադարձ կունենա Հայաստանի հետ հարաբերության վրա։