26/12/2025

Թափանցիկ ակնարկ է, որ ՌԴ ահաբեկիչները կարող են «հայտնվել Կենտրոնական Ասիայում և Կովկասում»

ՀԱՊԿ Բիշքեկի գագաթնաժողովի շուրջ փորձագիտական քննարկումներում գերիշխում է այն գնահատականը, որ «Ռուսաստանը ձգտում է վերահաստատվել Կենտրոնական Ասիայում»:

Ամենայն հավանականությամբ, պատահական չէ, որ Վլադիմիր Պուտինի Ղրղզստան պետական այցին ընդառաջ Չինաստանը, Իրանը և Թուրքիան երկաթուղային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր են ստորագրել:

Այդ երթուղին անցնում է Կենտրոնական Ասիայի երեք թուրքախոս երկրներով՝ Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, ապա մտնում Իրանի տարածք, այնտեղից՝ Թուրքիա, ապա՝ Եվրոպա:

Թուրքական մամուլը բաց տեքստով գրում է, որ այդ պայմանավորվածությունը Չինաստանին հնարավորություն է տալիս «անընդմեջ կապ ստեղծել Եվրամիության հետ՝ շրջանցելով Ռուսաստանի և Բելառուսի տարածքը»:

Կենտրոնական Ասիան, մասնավորապես Ղազախստանը և Թուրքմենստանը, ապահովում են նաև այսպես կոչված «միջին միջանցքով» դեպի Եվրոպա Չինաստանի հաղորդակցությունը, որտեղ դեր ունեն նաև Ադրբեջանը և Վրաստանը:

Այս ֆոնին Կենտրոնական Ասիայի «վերաներկալման» Ռուսաստանի նպատակադրվածությունը բոլոր առումներով խնդրահարույց է, եթե տարածաշրջանում ֆորս-մաժոր տեղի չունենա: Մոսկվայում, երևում է, մշակվում է Կենտրոնական Ասիայի երկրների «ահաբեկման քաղաքականություն»:

Ռուսաստանյան մի քանի լրատվամիջոցներ ՀԱՊԿ Բիշքեկի գագաթնաժողովից հետո Աֆղանստանում «թափառող ջիհադականների» մասին գրեթե համաժամանկյա հրապարակումներ են անում:

Դատելով տեղեկությունների բնույթից և որակից, այդ քարոզչությունն ուղղորդվում է ՌԴ հատուկ ծառայությունների կողմից: Խոսքը վերաբերում է «Ալ-Քայիդայի» դաշտային հրամանատարներից մեկին՝ Աբու Բաքր Բադաշխանիին, որ Սիրիայում Ասադի վարչախմբի տապալումից հետո տեղափոխվել է Աֆղանստան:

Ըստ ռուսաստանյան մամուլի, նրա հետ Աֆղանստան են «տեղափոխվել 7-8 հազար ուզբեկ, ղազախ, կովկասցի ջիհադականներ, որ, սակայն, թալիբների կողմից անտեսված են և փնտրում են ֆինանսական հովանավորներ»:

Որքանո՞վ է հավաստի այս տեղեկությունը, առկա իրավիճակում այնքան էլ կարևոր չէ: Եթե հարկ լինի ստեղծել «թափառող ջիհադականների» խմբեր, ապա հատուկ ծառայությունների համար մեծ դժվարություն չի լինի: Խնդիրը խոսույթ ձևավորելու մեջ է:

Հատկապես շեշտվում է, որ «թափառիկ ջիհադականներն էթնիկ ուզբեկ են, ղազախ կամ կովկասյան ծագում ունեն», իսկ ակնարկը, որ նրանք «թալիբներից անտեսված են և ֆինանսական հովանավոր են փնտրում»,- թափանցիկ ակնարկ է, որ ահաբեկիչները կարող են «հայտնվել Կենտրոնական Ասիայում և Կովկասում»:

Աշխարհաքաղաքական նշանակության հաղորդակցությունը, լինի դա տրանսպորտային, թե խողովակաշարային կամ մալուխային, առաջին հերթին ենթադրում է անվտանգության երաշխիքներ:

Ռուսաստանյան մամուլի այդ հրապարակումները վկայում են, որ Մոսկվան «թափառող ջիհադականությունը» ներկայացնում է որպես Կենտրոնական Ասիա-Կովկաս ինտերգրացիայի սպառնալիք:

Եզրակացությունը պարզ է. «Այն կարող է չեզոքացվել միայն ՀԱՊԿ անվտանգային միջոցներով»: Իսկ ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է: