26/12/2025

Ի՞նչ է ծրագրում Մոսկվան Հայաստանում, ինչ սպասել

ԵՄ-Հայաստան ռազմավարական համագործակցության մասին Ադրբեջանի ԱԳՆ «դժգոհագրում» մի ինտրիգային դիտարկում կա: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիտարկել է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների գործարկման ոլորտում համագործակցությանը վերաբերող բաժնում խոսք է գնում ոչ թե TRIPP նախագծի, այլ Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» մասին և գտնում, որ Ադրբեջանը Եվրամիության հետ «լրացուցիչ խորհրդատվությունների անհրաժեշտություն է տեսնում»:

Բաքուն ակնհայտորեն փորձում է Հայաստանի և ԵՎրամիության ռազմավարական գործընկերությունը ներկայացնել որպես Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների «հակակշիռ» կամ առնվազն Հայաստանի համար լրացուցիչ ռեսուրս, որի գործնական կիրառման դեպքում Ադրբեջանի «շահերը կտուժեն»:

Այդ ֆոնին դեկտեմբերի 9-ի իրադարձությունների խճանկարը բավական խորհրդանշական է:

Այդ օրը Հայաստանի վարչապետը ժամանել է Բեռլին, որտեղ նույն օրը կայացել են նրա հանդիպումները նախ Գերմանիայի նախագահ Շտայնմայերի, ապա վարչապետ Մերցի հետ: Բանակցությունների մասին մանրամասնություններ հայտնի չեն և հազիվ թե հրապարակայնացվեն:

Պետք է, թերևս, արձանագրել, որ Գերմանիայի կանցլերն այսօր Եվրոպայի, թերևս, ամենաազդեցիկ գործիչն է: Նախօրեին նա Ուկրաինայի հարցով վճռական հայտարարություն է արել, իսկ ավելի վաղ ընդունել է Իսրայելի վարչապետին: Կանցլեր Մերցը վերջերս հյուրնընկալվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից:

Նույն օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրատիսլավայում դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Վերջինս եվրոպական հազվագյուտ գործիչներից է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ քաղաքական շփումները պահպանում է, Եվրամիության կառույցներում որոշակիորեն աջակցում է Մոսկվային:

Ֆիցոն և Ալիևը քննարկել են ռազմավարական համագործակցության հեռանկարները, որ ներառնում է նաև ռազմաարդյունաբերական ոլորտը:

Դեկտեմբերի 9-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Առաջին նախագահի գրասենյակի տեղեկատվությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը և զարգացման հնարավորությունները:

Նույն օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Միժայիլ Գալուզինը գտնվել է Բաքվում: Ադրբեջանի իշխանական մամուլի փոխանցմամբ, նա այցելել է Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմի առաջնորդարան, որտեղ թեմակալ Ալեքսին նրան պատմել է «Ադրբեջանի իշխանությունների կողմից թեմին ցուցաբերած աջակցության, իշխող կրոնական հանդուրժողականության և մշակութային բազմազանության մասին»:

Ռուսաստանի փոխարտգործնախարարն, անշուշտ, ՌՈՒԵ թեմի առաջնորդարան այցի համար չէ, որ Բաքվում է, բայց այդ մասին կողմերը դեռևս տեղեկություն չեն տարածել: Ի՞նչ է ծրագրում Մոսկվան:

Հատկանշական է, որ Գալուզինը Բաքու է գործուղվել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ Ալիևի բանակցություններից մեկ օր անց, իսկ Երևանում Ռուսաստանի դեսպանը գրեթե համաժամանակյա հանդիպում է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Առաջին նախագահի գլխավորած ՀԱԿ-ը ներկայումս Նիկոլ Փաշինյանի թերևս ամենաեռանդուն և արմատական քննադատն է: Ալիևը կմիանա՞ հակափաշինյանական շարժմանը: