26/12/2025

Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել

Մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում քաղբանտարկյալների թեմայով լսումների ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիր ուժերին եւ շրջանակներին միավորվելու կոչ արեց՝ ասելով, որ իշխանության բռնաճնշումների պայմաններում պետք է մի կողմ դնել տարաձայնություններն ու միավորվել, որպեսզի իրավիճակի փոփոխություն լինի։

Հրապարակ թերթը գրել է․ «Անկախ տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններից՝ գոյություն ունեն առանցքային օրակարգային հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցել»,- ասաց նա եւ ներկայացրեց այն կետերը, որոնց շուրջ կարող են համագործակցել ընդդիմադիր ուժերը։

«Բոլոր օրինական միջոցներով ձեւավորել հակազդեցություն բռնաճնշումների եւ քաղաքական հետապնդումների նկատմամբ, Հայ առաքելական եկեղեցու եւ ազգային արժեքների պաշտպանություն, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն։ Պետք է առաջնորդվել «Որեւէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է» սկզբունքով։ Այսինքն` եթե ՀՀ որեւէ քաղաքացի հալածանքի է ենթարկվում այս իշխանության կողմից, մենք պետք է մեկտեղենք ջանքերն ու պայքարենք նրա իրավունքների պաշտպանության համար»։ Կետերից մեկով էլ առաջարկվում է ընդդիմությանը՝ միմյանց չվարկաբեկել, բացառել միմյանց հանդեպ հակաքարոզչությունը, քանի որ «ընդդիմությունն այսօր մի թիրախ ունի՝ այսօրվա չարիքի իշխանությունը»։ Վեցերորդ՝ վերջին կետն էլ այն մասին էր, որ վարչախմբի հետ ցանկացած (այդ թվում՝ հետընտրական փուլում) համագործակցությունը բացառվի: Այսինքն՝ ըստ էության, առաջարկվում է Գյումրու ընտրությունների սցենարը կիրառել, երբ ընտրություններից առաջ ընդդիմադիրները բացառեցին ՔՊ-ի հետ համագործակցությունը եւ ընտրություններից հետո միավորվեցին: «Այս համակարգով համագործակցությունը չպետք է որեւէ կերպ կաշկանդի եւ սահմանափակի քաղաքական ուժերի՝ իրենց ծրագրերից ու քաղաքական կողմնորոշումներից բխած գործունեության ազատությունը»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանն եւ ասաց, որ այս օրակարգով խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ։ Նախորդ շաբաթ նա հանդիպումներ է ունեցել ՀՀԿ, «Ազատություն», «Հայրենիք» կուսակցությունների ղեկավարների, հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրավապաշտպանների, փաստաբանների հետ։ «Ընդհանուր առմամբ, անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում: Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ»,- հանդիպումներից հետո հայտարարեց Սաղաթելյանը։

Սերժ Սարգսյանի թիմում դեմ չեն համագործակցությանը, բոլոր կետերի հետ համաձայն են, սակայն կարծում են՝ իրականանալի չէ միմյանց չվարկաբեկելու կետը, քանի դեռ այդ հարցը չեն լուծել` իրար չքննադատելու, ավելորդ է քննարկել համագործակցության հարցը։ Իսկ հարցի լուծումը հետեւյալ կերպ են պատկերացնում` «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը պետք է անձամբ երաշխավորի դա, եւ իր աջակիցներն ու թիմակիցները պետք է հետեւեն նախագահի հորդորին։ Ինչպես գիտեք, վերջին երկու տարին Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի միջեւ հրապարակային փոխհրաձգություններ կան: Դժվար է ասել՝ Քոչարյանի թիմակիցներն են նախարձակ, թե` Սերժ Սարգսյանի, սակայն յուրաքանչյուրը դիմացինից է քայլ ակնկալում: Ի դեպ, մի քանի օր առաջ լրագրողները Սերժ Սարգսյանին դատարանի բակում հարց ուղղեցին՝ ընդդիմադիր դաշտի համախմբման մասին։ «Ծանոթ եմ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը։ Նա եկել է, եւ բոլոր այդ դրույթները, որ նա շարադրել է գրավոր, մեզ վաղուց ծանոթ են, վաղուց դրա մասին խոսում ենք։ Կարեւորը հայտարարություն անելը չէ, կարեւորն այն է, որ բոլորը գիտակցեն, որ տակից, կողքից կամ բացահայտ իրար չքննադատեն, հատկապես՝ Հանրապետականին»,- ասել էր ՀՀ երրորդ նախագահը։

Իշխան Սաղաթելյանին երեկ հարցրինք՝ ի՞նչ փուլում է իր նախաձեռնած գործընթացը։ «Հանդիպումները շարունակվում են, այսօր «Հայաքվեի» հետ ենք հանդիպելու, վաղը՝ «Մայր Հայաստանի», ընդհանուր փոխըմբռնում կա այդ հարցերի շուրջ, մեկ օրում չեն կայանալու այդ համաձայնությունները, ծանր բանակցությունների շրջան պետք է անցնի»,- պատասխանեց նա։ ՀՀԿ-ի հակընդդեմ առաջարկից հետաքրքրվեցինք՝ միմյանց չվարկաբեկելու հարցում երաշխիքի մասին, մասնավորապես, որ հայտարարություն են ակնկալում Ռոբերտ Քոչարյանից: Հարցրինք՝ պատրա՞ստ են ապահովել այդ երաշխիքները, կլինի՞ նման հայտարարություն: «Նախ՝ ես ծանոթ չեմ նման պահանջի, երկրորդ՝ ոչ մի տեղ «իրար խփելը» միակողմանի չէ, բայց, ամեն դեպքում, ես չեմ ուզում դրա վրա կանգ առնել, շատ առաջնային հարցեր կան: Իհարկե, կարեւոր է նաեւ այդ հարցը, բոլոր հարցերի շուրջ փորձում ենք համաձայնության գալ, մենք նորմալ հանդիպում ենք ունեցել ՀՀԿ-ի հետ, խոսել ենք բոլոր հարցերի մասին, բայց առաջնային օրակարգ գոյություն ունի, որի շուրջ համախոհությունն անհրաժեշտ է: Բանակցությունները շարունակվում են»:

«Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանն էլ մեզ հետ զրույցում կարեւորեց ընդդիմադիր ուժերի համագործակցությունը եւ վստահեցրեց, որ իրենց ուժն ակտիվ ներգրավվածություն է ունենալու գործընթացին․ «Մենք առնվազն մի քանի առանցքային կետեր ենք տեսնում, որոնք վերկուսակցական են եւ բոլոր՝ իրապես ընդդիմադիր ուժերի միջեւ կարող են համագործակցության եւ ընդհանուր մոտեցումների ձեւավորման կետեր հանդիսանալ: Մասնավորապես, Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կետը, ես կարծում եմ, որ եկեղեցին հենց այն ազգային օրակարգն է, որի շուրջ իրական ազգային կուսակցությունները կարող են ունենալ միասնական դիրքորոշում, կամ՝ Հայաստանում օրեցօր ավելացող քաղբանտարկյալների իրավունքների հիմնահարցը եւ այլն։ Առնվազն 4-5 կետ կա, որոնց շուրջ ընդդիմադիրները քաղաքական երկխոսության լայն հնարավորություն ունեն»։ Գալստյանը հիշեցրեց, որ համաշխարհային պրակտիկայում եւս տարածված է ընտրություններից առաջ նման քննարկումների արդյունքում համաձայնության փաստաթղթերի ստորագրումը․ «Ձեւավորում են նման պակտեր՝ միմյանց վրա չհարձակվելու եւ նման այլ հարցերի վերաբերյալ։ Մենք գոնե տեսնում ենք, թե վերջին ամիսներին ընդդիմադիր տարբեր ճամբարներ ինչպես են միմյանց դեմ նախաձեռնում հարձակումներ՝ օգտագործելով ողջ ռեսուրսները, որն անթույլատրելի ճոխություն է եւ իշխանություններին թույլ է տալու վերարտադրվել»։ Ասաց, որ իրենց նկատմամբ էլ են եղել «մանր-մունր կսմիթներ», բայց վստահեցրեց՝ նախաձեռնողն իրենք չեն եղել, սակայն ընդգծեց, որ սպասվող համագործակցության առանցքն այլ՝ առավել կարեւոր կետ է․ «ՔՊ-ի հետ ձեռքսեղմումը ֆիքսել որպես կարմիր գիծ». «Այդ պակտում պետք է ամրագրվի ամենակարեւորը՝ ապագա ընտրություններում, դրանից առաջ եւ հետո, առհասարակ՝ որեւէ պարագայում ով սեղմեց ՔՊ-ի ձեռքը կամ ով չեզոքություն պահպանեց` այնպիսի քաղաքականություն վարեց, որը թույլ կտա այս կամ այն կերպ իշխանությունների վերարտադրությունը, խախտելու է համաձայնությունը եւ դառնալու է իշխանամերձ կամ իշխանական օրակարգը սպասարկող»։ Խաչիկ Գալստյանի խոսքով՝ չարժե այս համաձայնության հարցում նախապայմաններ դնել, եթե բոլորի գլխավոր նպատակն իշխանություններին հեռացնելն է, ապա ինքնաբերաբար պետք է գան այն կետին, որ միմյանց չվարկաբեկեն, չքննադատեն:

«Երբ դաշտում երկու ուժ իրար թիրախավորում են, դա մուլտիպլիկատիվ էֆեկտ է ապահովում ողջ ընդդիմադիր դաշտի վրա, եւ շարքային, չեզոք ընտրողը, որ դժգոհ է իրավիճակից, մտածում է՝ ընդդիմադիր ճամբարում իրար հոշոտում են, սա ընդհանուր դաշտի վրա է իր բացասական ազդեցությունը թողնում, մարդիկ հիասթափվում են ոչ միայն իշխանությունից, այլեւ՝ ընդդիմությունից, ընտրում են պասիվ վարքագիծ, չեն մասնակցում ընտրություններին, իսկ այդ իրավիճակը ձեռնտու է իշխանությանը»: