26/12/2025

Իսրայելա – Իրանական նոր պատերազմ է հասունանում, ինչ սպասել

Իսրայելական և մի քանի արաբական լրատվամիջոցներ օրերս հայտնել են, որ Իրանը «մեծացնում է բալիստիկ հրթիռների արտադրության ծավալները և իրականացնում տեխնոլոգիական արդիականացման աշխատանքներ»:

Դեկտեմբերի 22 –ին Իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաղային անուղղակի հաստատել է այդ տեղեկությունը: Նա ասել է, որ այդ «սպառազինությունը նախատեսված է բացառապես ինքնապաշտպանության և զսպման համար»: Իրանցի դիվանագետն այդուհանդերձ հավելել է, որ երկրի «հրթիռային ծրագիրը քննարկման թեմա չէ»:

Ավելի վաղ Իրանի նախագահ Փեզեշքիանը քննադատել է Միացյալ Նահանգներին, որ «հետևողականորեն զինում է Իսրայելին, բայց խոսում խաղաղության մասին»: Իրանի նախագահն ասել է, որ «անիմաստ է պահանջել մի կողմի զինաթափումը, երբ մյուսը կարող է հայտնվել և երկրի երեսից ջնջել մեզ»:

Իսրայելական ynet-ի ռազմական փորձագետի գնահատմամբ՝ այդ հայտարարությունից հետևում է, որ «Իրանը նախապատրաստվում է կանխարգելիչ հարվածներ հասցնել»:

Իրանական «Ֆարս» գործակալությունը հերքել է տեղեկությունները, որ Թեհրանը «նորագույն հրթիռների փորձարկումներ է անցկացնում», իսկ տարածված տեսանյութերն անվանել «կեղծ»: Լրատվամիջոցի մեկնաբանությամբ, «ցուցադրված կադրերը պատկերում են քաղաքացիական ինքնաթիռի օդում թողած հետքը»:

Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ վարչապետ Նաթանյահուն առաջիկայում կայցելի Միացյալ Նահանգներ: Ենթադրվում է, որ նա ԱՄՆ նախագահի հետ «կքննարկի նաև Իրանին հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորությունը»:

Այս համատեքստում աչքի է զարնում Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի այցը նախ Բաքու, ապա՝ Մոսկվա: Առաջին դեպքում իրանցի դիվանագետը խոսել է երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկկողմ նպատակադրվածության մասին:

Երկրորդ այցի իմաստը բացահայտել է ՌԴ արտգործնախարար Լավրովը: Նա լրագրողներին ասել է, որ «սխալ է տպավորությունը, թե ԱՄՆ հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Ռուսաստանը կլքի Իրանին»:

ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել: Նրա աշխատակազմից մեկնաբանել են, որ «նախագահի աշխատանքային ժամանակացույցը շատ խիտ է»: Նույն օրը Բաքու է գործուղվել Թուրքիայի փոխնախագահ Յըլմազը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա պետք է մասնակցի տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին:

Թուրքիան և Իսրայելը Մերձավոր Արևելքում ազդեցության տարածման հարցում մտել են մրցակցության նոր փուլ: Թուրքիան և Իրանը վերջերս տրանսպորտային հաղորդակցության մասին համաձայնագիր են ստորագրել՝ Թուրքմենստանի մասնակցությամբ:

Չնայած Իրանի հետ պատմա-քաղաքակրթական տարաձայնություններին, Անկարան վերջին շրջանում Թեհրանի հետ հարաբերություններում որոշակի նախաձեռնողականություն է ցուցաբերում: Իրանի դեմ Իսրայելի հրթիռային հարձակումը հղի է տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով:

Ըստ տեղեկությունների, Իսրայելը «խիստ նախազգուշացրել է Իրաքի իշխանություններին, որպեսզի զսպեն երկրի տարածքում շիադավան զինված խմբավորումներին, որ վայելում են Իրանի աջակցությունը»: