27/12/2025

Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը փոխվեց վերջապես

Լիդյա Մանթաշյանն ազատ կարձակվի։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, վերացրեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և որպես խափանման միջոց կիրառեց վարչական հսկողությունը՝ համակցված գրավով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։

Լիդյան Սրբազան պայքարի գործով անցնող միակ կինն է։

Պաշտպան Տաթևիկ Սողոյանն առաջարկել էր կիրառել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք:

Դատախազները, որ անցած շաբաթ դեմ էին Մանթաշյանի ազատ արձակմանը, այսօր ընդունելի համարեցին փաստաբանների հիմնավորումներն ու մտահոգությունները և առաջարկեցին կիրառել բացակայելու արգելք՝ գրավով:

Նախորդ նիստին դատախազները պնդել էին, թե կա ռիսկ, որ ազատության մեջ Մանթաշյանը կխոչընդոտի գործի քննությանը, դատարանն էլ երեք ամսով երկարացրել էր կալանքը:

Լիդյա Մանթաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու որոշումը, ըստ նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանի, արտահայտում է հանրային ճնշման ազդեցությունը։

«Ես վստահ եմ, որ նման որոշում չէր կայացվելու, եթե չլիներ լայն հանրային արձագանքը։ Սա կարելի է համարել հանրային ճնշման արդյունք, ոչ արդարության հաղթանակ։ Մինչ այս գործը հարուցվեց խեղկատակ ապացույցներով և Լիդյան ներգրավվեց որպես մեղադրյալ, մենք չէինք զբաղվում արդարադատությամբ և իրավաբանությամբ»,– հայտարարեց Սողոյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում։