Այսօր Գյումրու ավագանին անցկացրեց տարվա վերջին նիստը, որն անցավ լարված մթնոլորտում։ Օրակարգում 34 հարց էր, սակայն հիմնական ուշադրությունը սևեռված էր 2026 թվականի համայնքային բյուջեի վրա։
Նիստի ընթացքում ՔՊ խմբակցությունը հետևողականորեն դեմ էր հանդես գալիս օրակարգային հարցերին՝ այդ թվում նաև բյուջեին։ ՔՊ-ն փաստացի հակադրվում էր ավագանու մյուս չորս խմբակցություններին՝ փորձելով չհաստատել ներկայացված նախագծերը։
Քննարկման ընթացքում ՔՊ խմբակցությունը կրկին բարձրացրեց մանկապարտեզներում հաճախումները անվճար դարձնելու հարցը՝ որպես սոցիալական նախաձեռնություն։ Առաջարկը չընդունվեց՝ ֆինանսական հնարավորությունների բացակայության պատճառաբանությամբ, ինչից հետո ՔՊ-ն միահամուռ դեմ քվեարկեց քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթին։
Չնայած դրան՝ ավագանու մյուս խմբակցությունները՝ «Կոմունիստական կուսակցությունը», «Իմ քաղաքը», «Իմ հզոր համայնք» և «Հայաստան» խմբակցությունները, հանդես եկան միասնական դիրքորոշմամբ։ Նրանց 18 կողմ ձայները դարձան վճռորոշ, և 2026 թվականի բյուջեն ընդունվեց՝ ՔՊ-ի 13 դեմ ձայների պայմաններում։
Ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամները մեզ հետ զրույցում նշեցին, որ սա թերևս փաստեց այն, որ իշխանության Գյումրին զավթելու փորձերը գնալով ավելի են ձախողվում։
Այսպիսով, Հանրապետության երկրորդ քաղաքի բյուջեն հաստատվեց քաղաքական դիմակայության պայմաններում․ ՔՊ-ի փորձը՝ գործընթացը կանգնեցնել կամ ձգձգել, արդյունք չտվեց, և ավագանու մեծամասնությունը անցավ հաջորդ տարվա ֆինանսական ծրագրերի իրականացմանը։
Հաստատված բյուջեով Գյումրու ընդհանուր եկամուտները կկազմեն 7 մլրդ 582 մլն դրամ։






Բաց մի թողեք
ՀԷՑ-ում պարգևավճարների համար հատկացվել է 305.6 մլն դրամ
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ու հաստատված բոլոր հայ անձանց