«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», – երեկ հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Քաղաքագետ, եվրոպագետ Տիգրան Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ որևէ խնդիր չէր լինի, եթե Եվրոպայի աջակցությունն այս հարցում ունենար ինստիտուցիոնալ բնույթ: Սակայն եթե դա քաղաքականացված է և աշխարհաքաղաքական զարգացումներով ու արտաքին դիմակայությունը Հայաստան բերելով է պայմանավորված, ապա դա արդեն խնդիր է: Գաղտնիք չէ, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրված 15 միլիոնն ուղղված է հենց Ռուսաստանից իբրև թե Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմներին դիմակայելու համար: Խաչատրյանը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Կալասի խոսքերով ՀՀ իշխանություններն են աջակցություն խնդրել, ինչը հարցեր է առաջացնում:
«Հարց է առաջանում, Հայաստանի իշխանությունները Ռուսաստանից նման խնդիր տեսնո՞ւմ են, և եթե տեսնում են, ապա ինչո՞ւ չեն բարձրաձայնել ռուսական կողմի իրենց գործընկերների հետ զրույցի ժամանակ»,-շեշտեց Խաչատրյանը: Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների կողմից դեպի Եվրոպա ձգտելու մասին հայտարարություններին, ապա եվրոպագետը նկատում է, որ Հայաստանը Եվրամիությանը միանալու պաշտոնական որևէ հայտ կամ ցանկություն չի ներկայացրել: Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, որ ԵՄ-ին միանալը նպատակ է, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ այժմ չկա, մեր զրուցակիցն ասաց, որ դրանք իրարամերժ հայտարարություններ են: «Ընդունված օրենքը Եվրամիությանը անդամակցելու ցանկության կամ նպատակի մասին դա ընդամենը այդ նպատակի մասին օրենք է, այլ ոչ թե գործնական քայլ կամ դիմում Եվրամիությանը. դրանք տարբեր բաներ են: Հայաստանն այսօր ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է և լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ` Եվրամիությանն անդակացելու որևէ գործընթաց չկա»,-ասաց եվրոպագետը: Այսինքն, սկզբում պետք է դառնալ ասոցացված անդամ, ազատ առևտրի գոտի ստեղծել, այնուհետև` վիզաների ազատականացում և այսպես շարունակ:
«Նման գործընթաց չկա՝ կա գործընկերություն, դա համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն է, որը չի հակասում ԵԱՏՄ-ին և այդ համաձայնագրի շրջանակներում ընդամենը քայլեր են կատարվում այդ գործընկերությունը մի քիչ ավելի խորացնելու: Իսկ վերջին փաստաթուղթը` ռազմավարական օրակարգի մասին, ընդամենը հարստացրել է այդ գործընկերությունը մի շարք ուղղություններով»,-ասաց Խաչատրյանը: Այնինչ, գործընկերության մեջ աշխարհաքաղաքական իմաստ է մտցվել` իբրև թե Ռուսաստանից ուղղորդվող հիբրիդային պատերազմների դեմ պայքարելու համար տրամադրված 15 միլիոն եվրոյով, սակայն անդամակցությունն ու ինտեգրացիան մի բան են, գործընկերությունն` այլ բան է: «Հայաստանը չի ինտեգրվում Եվրոպային, Հայաստանը Եվրամիության գործընկերն է»,-եզրափակեց Տիգրան Խաչատրյանը:






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու