ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը մեկնաբանել է Վաղարշապատի համայնքային ընտրության արդյունքները: Իր ասելով, «կա մեկ գլոբալ պատճառ. ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ ՔՊ-ն՝ կյանքի մասին: Մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը…»:
Եվ եզրակացնում է, որ այդպես լինելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններում: Կրկնելով ինքնաարդարացման այն միտքը, թե «դաժան փորձությունների միջով իրար հետ անցնելով, ի վերջո ապոկալիպսիսը թողել ենք անցյալում, և այսօր առջևում միայն կյանքն է»:
Կարծում եմ, որ եթե մի օր անցկացվի մանիպուլյացիոն մտքերի համաշխարհային մրցույթ, ապա ինքը տեղ կզաբաղեցնի առաջին հնգյակում:
Իսկ ինչո՞ւ ոչ առաջինը՝ հարցին պատասխանեմ այսպես. երևի այլ տարածքներում ևս լինեն նիկոլանմաններ, որոնց մասին մենք ուղղակի տեղյակ չենք: Ու դա բացահայտվի հենց այդ մրցությի շնորհիվ:
Կարծես թե վատ միտք չէ, և եթե որևէ միլիարդատեր նախաձեռնի այն, ապա Հայաստանի «ժողովրդավար» վարչապետի մասին կիմանան ոչ միայն ԵԱՏՄ-ում ու Արևմուտքում, այլև ողջ աշխարհում:
Ինչևէ, վերադառնալով «մեծարգո վարչապետի» աշխարհացունց մտքին՝ ասեմ, որ այդտեղ ՔՊ-ի հաջողության բանալին հաստատ գլոբալ պատճառը չէր և ո՛չ էլ դրա դրսևորումները: Այն է՝ ո՛չ ապոկալիպսիսի և ո՛չ էլ կյանքի մասին խոսույթները:
Այդ բանալին զուտ տեխնիկական և տեխնոլոգիական բնույթի ձեռնածությունների և ընտրախախտումների մեջ էր: Խոսենք նախ տեխնիկականի մասին. 2021-ի տեղական ընտրությունից հետո ստեղծված Խոյ համայնքը այս ընտրությունից առաջ միավորվեց Վաղարշապատին:
Եվ միավորված համայնքապետի ԺՊ նշանակվեց Խոյ համայնքը ղեկավար Մեխակյանը: Ով, նախ, Արցախյան առաջին ազատամարտի հերոսներից Մեխակ Մեխակյանի որդին էր և ապա «իրենց տղան»: Եվ հենց նախկինում Խոյ բնակիչների 60 (±) տոկոսանոց մասնակցության ու քվեներն իրենց «համաերկրացուն» տալու շնորհիվ էլ Մեխակյանը շահեց ընտրությունը:
Ընդ որում, բուն Վաղարշապատում ՔՊ-ն 200 ձայնով պարտվեց «Հաղթանակ» դաշինքին: Սա ընտրատարածքային փոփոխությունների ամերիկյան մեթոդ է, ինչը լավ աշխատում է այնտեղ: Եվ եթե չեմ սխալվում մեկ անգամ կիրառվել է նաև մեզանում՝ կարծեմ 2-րդ ընտրատարածքի առնչությամբ: Եվ կրկին տեղական ընտրության առումով, ինչի համար, ի դեպ, իշխանությունը քննադատվեց ընդդիմության կողմից:
Անցնենք ՔՊ-ի նախաձեռնած տեխնոլոգիական բնույթի ձեռնածությանը: Հաշվի առնելով «մեծարգո վարչապետի» անձնական վարկանիշի սարսափելի անկումը և նրան հետ կապված կուսակցության վարկանիշի համարյա թե զրոյացումը, ՔՊ-ի ողջ քարոզարշավն անցկացվել է զուտ «համաերկրացի» Մեխակյանի անունից: Ի դեպ, «իրենց տղայի» վրա քարոզարշավ կառուցելը ևս ամերիկյան մեթոդ է հատկապես տեղական ընտրություններում:
Եթե չեմ սխալվում, հենց «Հրապարակ»-ն էր բացահայտել, որ պետբյուջեի, այսինքն ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին գործող իշխանությունը վերջերս այդ բնույթի ծառայություններ ստանալու պայմանագիր էր կնքել ամերիկյան ինչ-որ ընկերության հետ:
Ասվածին ավելացնենք նաև բոլոր այն խախտումները, որ բացահայտվել ու բարձրաձայնվել են լրագրողների և օբյեկտիվ դիտորդական առաքելությունների կողմից, ասենք ընտրողներին կաշառելը (հիշենք գյուղական դպրոցի տնօրենն և ՀԿ նախագահ տիկնոջ «բարեգործությունը») կամ իրավապահների միջոցով մարդկանց ահաբեկելը (հիշենք կաթողիկոսի եղբորն ու նրա որդուն ձերբակալելը, որոնք միակը չէին):
Ահա այդ երեքի՝ տեխնիկական և տեխնոլոգիական բնույթի ձեռնածությունների և ընտրախախտումների, շնորհիվ էլ ՔՊ-ն շահեց Վաղարշապատի համայնքային ընտրությունը: Եվ դրանում, բնականաբար, բացարձակ որևէ դեր չի խաղացել Նիկոլի հիշատակած գլոբալ պատճառը:






Բաց մի թողեք
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»
Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»
Պուտինը «Նովոռուսիայից» ոչ մի քայլ ետ նահանջելու մտադրություն չունի