Հայաստանի 63 դպրոցում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում, որից 33-ը՝ Երևան քաղաքում, 30-ը՝ մարզերում:
Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում առարկան պարտադիր դասավանդվում է՝ սկսած 2-րդ դասարանից:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Կրթական գերատեսչությունից:
Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ Երևանում՝ 19, իսկ մարզերում 18 պետական դպրոցների դասարաններ են ուսուցանվում ռուսերեն: Ոչ պետական դպրոցները մայրաքաղաքում երեքն են։ Մարզերում ռուսերեն ուսուցմամբ ոչ պետական դպրոցներ չկան։
Ընդհանուր առմամբ Երևանում առկա պետական և ոչ պետական դպրոցներում ռուսերեն ուսուցանվող աշակերտների թիվը 5 հազար 173 է, իսկ մարզերում՝ 1873:
Հայաստանում ամբողջությամբ ռուսական ծրագրով դասավանդվող ընդամենը մեկ պետական դպրոց կա, որտեղ աշակերտների թիվը 133 է: Այն Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցն է: Սա պետական դպրոց է, սակայն գործում է մարզային ենթակայության ներքո: Համայնքը ռուսական է, և այնտեղ ապրում են մեծ մասամբ ազգությամբ ռուսներ:
Կա նաև մեկ ոչ պետական դպրոց ամբողջությամբ միայն ռուսերեն ուսուցմամբ, որտեղ աշակերտների թիվը 279 է: Այն Երևանի «Ռոսիա» հասարակական կազմակերպության «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցն է:
Հայաստանում կա նաև երեք ռուսական դպրոց, որոնք ՀՀ-ի ենթակայության ներքո չեն․ դրանցից մեկը՝ Գյումրիում, մեկը՝ Քանաքեռում, իսկ մյուսը Արտաշատում է: Այս կրթական հաստատությունները ՌԴ ՊՆ ենթակայության տակ են և սպասարկում են ՀՀ-ում տեղակայված ռուսաստանցի զինվորականների ընտանիքներին։
Ի՞նչ է ասում օրենքը Հայաստանում գործող օտարալեզու դպրոցների վերաբերյալ
ՀՀ-ում օտարալեզու դպրոցների հարցը կարգավորվում է 2009-ին ընդունված Հանրակրթության մասին օրենքով, ըստ որի՝ հանրապետությունում օտար լեզվով հանրակրթական հաստատությունների առավելագույն թիվը 11-ն է։ Դրանցից երկուսը կարող են ստեղծվել որպես ոչ պետական ուսումնական հաստատություններ Դիլիջանում և Ջերմուկում և կրթություն կազմակերպել 7-րդ դասարանից, իսկ ինը կարող են ստեղծվել նաև միջպետական համաձայնագրերի հիման վրա և իրականացնել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր, այսինքն՝ ավագ դպրոցում։
Միաժամանակ, նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը չորսն է: Այսինքն՝ միաժամանակ կարող է լինել ռուսերենով ուսուցում իրականացնող առավելագույնը չորս դպրոց։






Բաց մի թողեք
Տավուշի մարզպետը դպրոցներում աշխատողների թիվը չգիտի
Մասիս համայնքի մանկապարտեզները գործելու են անվճար
Դպրոցից վաղաժամ հեռանալը ԵՄ որոշ երկրներում աճող խնդիր է. ԵՄ զարգացման համար մի երևույթ, որը չպետք է թերագնահատել