26/12/2025

ՀԱՊԿ-ին Իրանի անդամակցությունը խնդրահարույց կլինի նաև Հայաստանի համար

Աշխաբադում կայացել է Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական համապարփակ համագործակցության մասին տարեսկզբին Մոսկվայում ստորագրված պայմանագրով նախատեսված գործնական ծրագրերի ուղղությամբ կատարվող աշխատանքները: Երևում է, այդ հանդիպումն իրանական կողմի համար ստեղծված իրավիճակում ավելին է, քան արարողակարգային ևս մեկ շփումը:

Այդ է վկայում դեկտեմբերի 15-ին ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ Իրանի պետական ռադիոհեռուստաընկերության հարցազրույցը, որից որոշ մանրամասնություններ փոխանցել է ՏԱՍՍ-ը:

Խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին, Լավրովն ընդգծել է Մոսկվայի անփոփոխ դիրքորոշումը՝ Իրանը «պետք է մնա միջուկային զենքի չտարածման մասին միջազգային պայմանագրի կողմ»: Հասկացվում է, որ թեման Պուտին-Փեզեշքիան հանդիպմանը քննարկվել է, և Ռուսաստանի նախագահը Իրանի միջուկային ծրագրին լիովին աջակցելու պարտավորություն չի ստանձնել:

Մոսկվան շարունակում է մնալ այն տեսակետին, որ Իրանը միջուկային ծրագիր իրականացնելու իրավունք ունի, բայց չպետք է միջուկային տերություն դառնա: Առնվազն այս փուլում, երբ ուկրաինական կարգավորման հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը Պուտինի համար գրեթե էքզիստենցիալ կարևորություն ունի, նա Իրանի միջուկային ծրագրի հարցում Դոնալդ Թրամփին հակադրվելու «շռայլություն թույլ չի տա»:

Փոխարենը, որքան էլ սենսացիոն չհնչի, Ռուսաստանն Իրանին առաջարկում է ՀԱՊԿ-ի շրջանակներում անվտանգային համագործակցություն: ՀԱՊԿ-ի վերջին գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինը անդամ երկրներին առաջարկել է համատեղ ռազմաարդյունաբերական համակիր ստեղծելու ծրագիր և ակնարկել, որ դրան կարող են մասնակցել նաև տարածաշրջանի այլ երկրներ:

Ըստ երևույթին, նա այդ գաղափարը Աշխաբադում Իրանի նախագահ Փեզեշքիանին ներկայացրել է: Իրանը ռազմաօդային, հակահրթիռային և ՀՕՊ համակարգերը վերականգնելու, վերազինելու և արդիականացնելու գերխնդիր ունի:

Սպառազինությունների արևմտյան շուկան Թեհրանի առջև փակ է և տեսանելի ապագայում հազիվ թե բացվի: Այս բնագավառում Իրանի գործընկեր կարող են լինել Ռուսաստանը, Չինաստանը, գուցե նաև՝ Պակիստանը: Բայց Թեհրանը կմիանա՞ ՀԱՊԿ-ին,- հարցը հազիվ թե միանշանակ պատասխան ունի:

Այդուհանդերձ, Լավրովը բացահայտել է Թեհրանից Մոսկվայի երրորդ և ոչ պակաս կարևոր ակնկալիքը: Բանն այն է, որ մի քանի տարի առաջ ստորագրված «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» համաձայնագիրը Իրանի խորհրդարանում դեռեւս վավերացում չի անցել:

Լավրովն անոնսավորել է, որ մերձկասպյան երկրների հերթական գագաթնաժողովը կանցկացվի Թեհրանում՝ եկող տարվա օգոստոսին և հույս հայտնել, որ մինչ այդ «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիան Իրանի կողմից վավերացված և ուժի մեջ մտած կլինի, որպեսզի վերջնականապես փակվի Կասպից ավազանում արտատարածաշրջանային երկրների ներկայության բացառման հարցը:

Խիստ կարևոր է, որ Բաքու այցից հետո Իրանի արտաքին գործերի նախարարը խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու նպատակի մասին:

Ադրբեջանը «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիայի կողմ է, ինչպես նաև իր տարածքով պետք է ապահովի Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդակցությունը:

Եթե Իրանը ՀԱՊԿ-ի հետ առնվազն ասոցացված ռազմա-տեխնոլոգիական համագործակցություն սկսի, ապա գործնականում կստացվի, որ Ադրբեջանը ստանձնում է հանգուցային դերակատարություն, բայց իր զինված ուժերը բերում թուրքականի, այսինքն՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին լրիվ համապատասխանության մակարդակի:

Կարելի է ենթադրել, որ այդ «դելիկատ հարցը» Վլադիմիր Պուտինը քննարկել է արդեն Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: ՀԱՊԿ-ին Իրանի անդամակցությունը կամ նրա հետ Իրանի ասոցացված համագործակցությունը խնդրահարույց կլինի նաև Հայաստանի համար: