Մալայզիայում ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը գործուղվել է Փհենյան, որտեղ հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին և նրան փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրավոր ուղերձը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը Կիմ Չեն Ին -Լավրով բանակցություններից որոշ մանրամասնություններ է փոխանցել:
«Կողմերը քննարկել են Հյուսիս-արեւելյան Ասիայի իրավիճակը և եկել միասնական տեսակետի, որ Կորեական թերակղզում լարվածությունն աճում է այնտեղ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական ակտիվության աճի, միջուկային զենքի ներգրավմամբ զորաշարժերի պատճառով»,- ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում:
Ըստ այդմ, «Մոսկվան և Փհենյանը պնդում են, որ Կորեական թերակղզու շուրջ խնդիրների համալիրը պետք է կարգավորվի դիվանագիտական-քաղաքական ճանապարհով»: Երկկողմ հարաբերությունների առումով Կիմ Չեն Ինը և Լավրովը «հատուկ ուշադրություն են դարձրել գործնական ոլորտներում համագործակցությանը՝ շեշտադրելով բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»:
Խոսքն, անկասկած, ռազմական համագործակցության մասին է, ինչի շուրջ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Փհենյան պաշտոնական այցի ընթացքում:
Հյուսիսային Կորեա Լավրովի այցին կարելի էր աշխարհաքաղաքական մեծ կարևորություն չտալ, եթե այն չհաջորդեր Փհենյանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մենի հայտարարությանը, որ նա արել է հուլիսի 3-ին: «Մենք պետք է ԱՄՆ հստակ կոորդինացիայով Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները բարելավենք»,- ասել է Հարավային Կորեայի նախագահը:
Ընսմին, նա կարևորել է իրողությունը, որ վերջին շրջանում Փհենյանը «թուլացրել է քարոզչական հարձակումների տոնը և սահմանափակել հաճախականությունը»: Դա թույլ է տվել հուսալ, որ կողմերին կհաջողվի «զարգացնել միջկորեական երկխոսությունը և թերակղզում հարթել համակեցության և համագործակցության ճանապարհ»:
Ավելի վաղ միջազգային մամուլում տեղեկություն է տարածվել, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման հնարավորությունը:
Այս համատեքստում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի Փհենյան այցը թողնում է միջկորեական երկխոսությունից և ԱՄՆ հստակ կոորդինացիայով Կարեական թերակղզում համակեցության և համագործակցության ճանապարհ հարթելու հեռանկարից Հյուսիսային Կորեայի առաջնորդին «արգելափակելու» փորձի տպավորություն:
Այդ այցի մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ Կորեական թերակղզում լարվածության պատասխանատվությունը հասցեագրվում է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, կարելի է եզրակացնել, որ Ռուբիո-Լավրով բանակցությունները, շատ մեղմ ասած՝ արդյունավետ չեն եղել:
Ռուսաստանին կհաջողվի՞ ընկեր Կիմին «կապած պահել իր մարտակառքին»: Եթե ՌԴ ԱԳՆ շեշտում է Պուտին-Կիմ Չեն Ին մակարդակով ձեռք բերված գործնական պայմանավորվածությունների կատարման հրատապությունը, ապա կարելի՞ է ենթադրել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը «պարտավորություններից խուսանավելու» վարք է դրսևորում:






Բաց մի թողեք
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»
Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»
Պուտինը «Նովոռուսիայից» ոչ մի քայլ ետ նահանջելու մտադրություն չունի