26/12/2025

Հովիկ Աղազարյանի գործով նորություն կա, ինչ է սպասվում

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործը դատարանում է. Դատարան գնացած գործով պարզվել է, որ պատգամավորը 200 հազար դոլար է պահանջել առանց կարանտինի 150-200 հազար մանր եղջերավորներ արտահանելու միջնորդության և 23 հազար դոլար՝ դպրոցին պատկանող տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան հայտնում են գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանին առնչվող մանր եղջերավորների գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Աշոտիկ Կամավոսյանին պատգամավորին կաշառք տալու ու դրան օժանդակելու համար:

Ըստ քրեական գործի՝ Կամավոսյանն ու Սլավիկ Պողոսյանը ցուցմունք են տվել, որ հանդիպել են պատգամավորին ու գործարք առաջարկել՝ 200-ից 300 հազար դոլարի դիմաց: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել:

Անձեռնմխելիությունից զրկելուց հետո մեղադրանք առաջադրվեց նաև պատգամավոր Աղազարյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար:

Նախկին ՔՊ-ականը մեղքը չի ընդունում, պնդում է՝ որպես պատգամավոր է հանդիպել Սլավիկ Պողոսյանին ու փորձել է օգնել, հետո հասկացել է՝ բարդ գործ է ու հրաժարվել է: