Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականին մերժել է Գլխավոր դատախազության ներկայացրած հայցը, որով պետությունը փորձում էր բռնագանձել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին վերագրվող ապօրինի ծագում ունեցող գույքը։
Դատարանը եզրակացրել էր, որ դատախազության ներկայացրած ապացույցները բավարար չեն՝ նման որոշում կայացնելու համար։ Գլխավոր դատախազությունից մեզ հայտնում են․ «2024 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցն ընդդեմ Սամվել Ռուբենի Կճոյանի»:
Սակայն այս գործընթացը շարունակություն ունի: Վերը նշված մերժումից մեկ տարի անց դատախազությունը նոր հայց է ներկայացրել Նավասարդ Կճոյանի նկատմամբ, ընդ որում՝ 2025 թվականի սեպտեմբերին, երբ հարկավոր էր նրան ներգրավել Մայր Աթոռի եւ Վեհափառի դեմ սկսված արշավին: Եվ ոմանք այս հայցը դիտարկում են որպես շանտաժ, որի արդյունքում էլ Գարեգին Բ-ի ամենամերձավոր հոգեւորականներից մեկը դավաճանեց նրան եւ անցավ Նիկոլ Փաշինյանի կողմը:
Եվ այսպես. 25 թ. սեպտեմբերին Կճոյանի դեմ եւս մեկ հայց է ներկայացվել՝ կապված հողամասերի կառուցապատման իրավունքի իրավաչափության հետ, որը ներկայում դեռ քննության փուլում է։ Գործը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում է՝ իշխանության սրտի դատավորներից մեկի՝ Կարապետ Բադալյանի վարույթում։ Սա այն սուրն է, որը Կճոյանի գլխին կախված են պահում:
Հիշեցնենք, որ անցյալում բարձրաստիճան հոգեւորականը քրեական սկանդալների մշտական հերոսներից էր` դեռ նախկին իշխանությունների ժամանակ հարուցված օֆշորային սկանդալի գլխավոր գործող անձանցից: Նա 2020 թվականին այդ գործով հարցաքննության է հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն եւ ցուցմունք տվել օֆշորի գործով։
Իսկ 2020 թ. ապրիլի 13-ին նրան կանչել են ԱԱԾ ու մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասերով՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն եւ փողերի լվացում։ Որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Բայց հանկարծ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել` նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ նրա նկատմամբ կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը՝ որպես խափանման միջոց, վերացնելու մասին, քանի որ նախաքննության մարմինը նրա արարքներում հանցակազմ չի տեսել:
Հետո վերադաս դատախազը 2023 թվականի հուլիսի 11-ին քննիչի կողմից 2021 թ. դեկտեմբերի 17-ին կայացված որոշումը վերացրել է՝ դրա «վաղաժամ եւ անհիմն» լինելու պատճառաբանությամբ: Այսինքն, նա կրկին դարձել է մեղադրյալ։
Մենք ուսումնասիրեցինք «Դատալեքս» դատական-տեղեկատվական հարթակը եւ Սամվել Կճոյան ու Նավասարդ Կճոյան անունով մեղադրյալ չգտանք, միայն քաղաքացիական հարթակում նրա ապօրինի գույքի վերաբերյալ մերժված հայցն էր, որը, ի դեպ, դռնփակ կարգով է քննվել, ինչպես նաեւ՝ վերը նշված կառուցապատման վերաբերյալ հայցը։
Քրեական գործը, որով մեղադրյալ էր ներգրավվել Կճոյանը, հիշեցնենք, հայտնի օֆշորի գործն է՝ Փայլակ Հայրապետյանի, Աշոտ Սուքիասյանի մասնակցությամբ։ Վերջինիս պաշտպան Լուսինե Զեյնալյանին հարցրինք՝ 2023-ից, երբ Կճոյանը կրկին մեղադրյալ դարձավ, ի՞նչ դատական պրոցես է ընթացել։ Ասաց՝ դա իր պաշտպանյալի գործից անջատված է․ Կճոյանի մասը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ է․ «Ինքը զարգացավ, թե չզարգացավ` մենք տեղյակ չենք, իրենց մասը մայր գործի հետ էր կապված։ Գիտեմ՝ իրեն հարցաքննել են, անհարմարություններ են ստեղծել»։ Իսկ Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, որն ասաց, որ Կճոյանի նախկին պաշտպանն է, տեղեկացրեց, որ, իր տեղեկություններով, նշված գործը կարճվել է։
Սույն հոգեւորականի շուրջ ստեղծված վիճակը տեւական ժամանակ է՝ դուրս է եկել զուտ իրավական շրջանակներից եւ դարձել քաղաքական քննարկումների մաս։ Նա այն 10 բարձրաստիճան հոգեւորականներից է, որոնք վերջին ամսում դարձել են իշխանության կողմնակիցը եւ գործնականում կանգնել իշխանության կողքին՝ մասնակցելով Եկեղեցու դեմ պայքարին եւ կաթողիկոսի դեմ ուղղված գործընթացներին։ Տարիներ շարունակ հայկական մամուլում տարածվել են հրապարակումներ, որոնցում Կճոյանին վերագրվել է օֆշորային ընկերությունների եւ օֆշորային սխեմաների հետ կապ ունենալը։ Դրանցում կան պնդումներ, թե նա ֆինանսական հոսքեր է դուրս բերել Հայաստանից, պահել է միջոցներ առանց մաքսի ու հարկի գործող ազատ տնտեսական գոտիներում կամ օգտագործել է օֆշորային կառուցվածքներ՝ գույքի ծագումը թաքցնելու համար։ Կճոյանի շուրջ շրջանառված թեմաների մեջ կան նաեւ պատմություններ սիրուհիների մասին։ Ինքը` Նիկոլ Փաշինյանը, նախկինում նրան անդրադառնում էր հայտնի դարձած ձեւակերպմամբ՝ Բենթլի Կճոյան։ Նա այն քչերից էր, որոնք Հայաստանում գերթանկ «Բենթլի» մեքենաներ են տնօրինում։ Այժմ, հակառակ նախկին տրամադրվածությանը, Նիկոլ Փաշինյանը սեղմում է Նավասարդ Կճոյանի ձեռքը, նրան օգտագործում կաթողիկոսի եւ Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում` որպես ժամանակավոր, բայց շատ արդյունավետ գործիք։






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու