Վաշինգտոնում Թրամփ-Փաշինյան-Ալիևի գագաթաժողովի նախօրեին ադրբեջանական «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն հնարավոր համաձայնության գլխավոր խոչընդոտ է գնահատել ռուս-ադրբեջանական լարվածությունը:
Նա իրավիճակը «մասամբ» նմանեցրել է 2008 թվականի հետ, երբ Ռուսաստանը պատերազմում էր Վրաստանի դեմ և «Բաքու-Ջեյհան նավթամուղը հայտնվել էր իրական սպառնալիքի տակ, մեծ էր հավանականությունը, որ ռուսական արկերը կարող են վնասել ռազմավարական ենթակառուցվածքը»:
«Այսօր Մոսկվայի ռազմական սցենարը գործնականում չի փոխվել: Միակ տարբերությունն այն է, որ Ռուսաստանի նպատակը այսօր ոչ թե Վրաստանն է, այլ Ուկրաինան: Եվ այս անգամ հարվածի տակ է ընկել խողովակաշարը, որով Ադրբեջանն սկսել է Ուկրաինային գազ մատակարարել»,- մանրամասնել է ադրբեջանցի փորձագետը:
Խոսքը վերաբերում է օգոստոսի 5-ին Ռուսաստանի կողմից Օդեսայի մարզում «Օռլովկա» գազամղիչ կայանի ոչնչացմանը, որը պետք է «ռևերս եղանակով ապահովեր Եվրոպայից ադրբեջանական գազի Ուկրաինա տարանցումը»:
Ռուսաստանը վնասել է նաև գազատա՞րը՝ այդ մասին մանրամասնություններ չկան, բայց ռազմական գործողության ենթատեքստը դրանից չի փոխվում, Մոսկվան խոչընդոտում է Ադրբեջան-Ուկրաինա էներգետիկ համագործակցությանը:
«Ադրբեջանը մտադիր է բոլոր հարևանների, այդ թվում Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններ ունենալ, բայց եթե Կրեմլը շարունակի իր հարեւաններին դիտել ոչ որպես իրավահավասար գործընկերների, ապա դա չափազանց դժվար է լինելու»,- դիտարկումներն ամփոփել է Շահինօղլուն, որի վերլուծական կենտրոնը գործում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ֆինանսական հովանավորությամբ և, բնականաբար, քաղաքական ուղղորդմամբ:
Ադրբեջանցի վերլուծաբանի նկատառումները կարելի է վիճարկել կամ ընդունել, դրանցում տեսնել Հայաստանի հասցեին շատ վատ թաքցված «զգուշացումներ», դրանք կարևոր են, բայց, թվում է, ամենաինտրիգայինն այն է, որ նա ուկրաինական պատերազմը զուգահեռում է վրացականի հետ և հիշեցնում, որ այն ժամանակ Բաքու-Ջեյհան նավթամուղը կարող էր ռուսական արկերի «պատահական թիրախ դառնալ»:
Ընդ որում, Վրաստանի դեմ հարձակումից կարճ ժամանակ առաջ Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը 2008 թվականին այցելել է Բաքու, ռուս-ադրբեջանական հարաբերություններն այդ փուլում վերելքի մեջ էին, իսկ այսօր բոլորովին այլ պատկեր է. չորրորդ ամիսն է, ինչ ռուս-ադրբեջանական որևէ պաշտոնական շփում տեղի չի ունեցել:
Եթե պայմանականությունները մի կողմ թողնենք, ապա Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող վերլուծական կենտրոնի տնօրենը փաստացի խոր մտահոգություն է բացահայտում, որ ԱՄՆ հովանու ներքո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ առաջընթաց Ադրբեջանին կարող է Բաքու-Ջեյհան նավթամուղի առնվազն «տեխնիկական վթար» արժենալ:
Պետք է ընդունել, որ դա ամենևին էլ մտացածին չէ: Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունն օրերս Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին մեղադրել է ռուսական նավթի տարանցման դեմ «դիվերսիաներ նախապատրաստելու և կատարումն ուկրաինական կողմին հանձնարարելու» մեջ:
Բաքու-Ջեյհան նավթատարի և առհասարակ Ադրբեջանի նավթագազային ծրագրերի օպերատորը բրիտանական BP-ն է: Չպետք է ուշադրությունից դուրս թողնել, որ Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին Վաշինգտոն հրավիրելու մասին տեղեկությունը հաջորդել է Շոտլանդիայում ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդիպմանը:






Բաց մի թողեք
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»
Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»
Պուտինը «Նովոռուսիայից» ոչ մի քայլ ետ նահանջելու մտադրություն չունի