Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարը թելեգրամ-ալիքի գրառմամբ հաստատել է, որ Նովոշախտինսկ քաղաքի տարածքում «մի քանի պայթյուն է տեղի ունեցել, իրականացվում են հրդեհիշջման աշխատանքներ»:
Այդ մասին հայտնել է ռուսաստանյան «Կոմերսանտը»: Նահանգապետը զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի հանրայնացրել:
Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն, ուկրաինական ռազմաօդային ուժերին հաջողվել է խոցել Նովոշախտիսկի նավթավերամշակման գործարանը:
Այդ ձեռնարկությունը տարեկան վերամշակում է ավելի քան յոթ տոննա նավթ և արտադրում է մազութ, դիզելային վառելիք և բենզին: Ուկրաինական կողմի տեղեկատվությունից հասկացվում է, որ հարձակումն իրականացվել է «օդ-երկիր» հրթիռների միջոցով:
Աղբյուրները հայտնել են, որ Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-երի հարձակման է ենթարկվել նաև օգոստոսին: Արևմտյան լրատվամիջոցները վկայակոչել են սոցիալական ցանցերում Նովոշախտինսկից «ստացվող լուսանկարները, որ վկայում են լայնածավալ հրդեհների մասին»:
Այս ֆոնին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիս է հրավիրել և Ուկրաինայի նախագահին անվանել «ոչ ադեկվատ անձնավորություն, որի որոշումներ ընդունելու ունակությունը խիստ կասկածելի է»:
Պեսկովը Զելենսկուն համարել է «անկիրթ», քանի որ վերջինս տեսաուղերձում որպես բոլոր ուկրաինացիների ամենամեծ սպասելիք սահմանել է Պուտինի մահը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է նաև ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցին: Նա ասել է, որ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Մայամիում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ բանակցություններից հետո վերադարձել է «նոր փաթեթով, որ ներկայումս ենթարկվում է վերլուծության»:
Ըստ Պեսկովի, «ԱՄՆ հետ շփումները շարունակելու» որոշում կընդունի Վլադիմիր Պուտինը՝ կախված ամերիկյան առաջարկությունների վերլուծության արդյունքներից: Կրեմլի խոսնակը բացահայտել է, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույց չի ծրագրվում, Պուտինը Թրամփին Ծննդյան տոների առթիվ «շնորհավորել է հեռագրով»:
Դատելով բանակցային վերջին փաստաթղթի մասին Պեսկովի անորոշ դատողություններից, Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի առաջարկությունները գնահատում է անընդունելի: Reuters-ը և Bloomberg-ը, վկայակոչելով «Կրեմլին մոտ աղբյուրների», նախօրեին հայտնել են, որ Մոսկվան «քսան կետից բաղկացած նախագծի վերաբերյալ մի քանի սկզբունքային առարկություն ունի»:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ տեղեկությունը «կեղծ» է որակել եւ վստահեցրել, որ արևմտյան լրատվամիջոցները «Կրեմլում ոչ մի աղբյուր չունեն:
Ըստ երևույթին, չափազանց լավատես են այն փորձագետները, որ նոր տարվա առաջին երեք ամիսների կտրվածով ռուս-ուկրաինական պատերազմի ավարտ են կանխատեսում:
Ռուսաստանյան մամուլի հրապարակումները հուշում են, որ Վլադիմիր Պուտինը «Նովոռուսիայից» ոչ մի քայլ ետ նահանջելու մտադրություն չունի: Պեսկովի ակնարկը, որ ԱՄՆ հետ շփումները շարունակելու որոշում կընդունի Պուտինը, կարելի է հասկանալ նաև բանակցություններից Ռուսաստանի դուրս գալու հեռանկարի իմաստով:






Բաց մի թողեք
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»
Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»
Գոնե այս տարի 10 սրբապիղծներն այլևս չեն արշավելու Մայր տաճարի վրա