26/12/2025

Ռուս – սերբական հարաբերությունները լարվում են, իսկ Պուտինն անգամ չի հիշում հայության դեմ Վուչիչի արածը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սենսացիոն բացահայտում է արել և հաստատել ավելի վաղ մամուլում տեղ գտած լուրը, որ «Yugoimport» պետական ռազմաարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ Ռադոմիր Կուրտիչը, Մոսկվայում լիազորությունների երկրորդ ժամկետով նշանակվելուց կարճ ժամանակ անց Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում «հանկարծամահ է եղել»:

Վուչիչը նաև ասել է, որ Ռուսաստանի պատկան մարմինները «դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի տրամադրել»:

Աղբյուրները հայտնում են, որ Կուրտիչի մահվանից հետո Բելգրադից «Yugoimporti» մոսկովյան գրասենյակ այցելած անձինք հայտնաբերել են փաստաթղթերի և համակարգիչների կոշտ սկավառակների կորուստ:

Ընդսմին, Ռուսաստանի պատկան մարմինները Մոսկվայում Սերբիայի դեսպանին այդ մասին տեղյակ չեն պահել: Չափազանց ուշագրավ է Սերբիայի նախագահ Վուչիչի բացահայտումը, որ այդ կապակցությամբ «որևէ շփում չի եղել նաև հատուկ ծառայությունների միջև»,- ինչից կարելի է եզրակացնել, որ սերբական կողմը դիմել է, բայց Ռուսաստանը չի պատասխանել:

Ռուսաստանի և Սերբիայի հարաբերությունները պաշտոնապես բարեկամական-գործընկերային են, բայց Բելգրադը վերջին երկու տարիներին ակնհայտորեն խուսափում է «ջերմ գրկախառնություններից»:

Անցյալ տարի Ալեքսանդր Վուչիչը վերջին պահին հրաժարվել է մասնակցել ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովին: Ընդ որում, նա իր բացակայությունը հիմնավորել է «այդ օրերին շատ կարևոր հանդիպումներ ունենալու» հանգամանքով:

Նույն շրջանում Սերբիայի նախագահը խոստովանել է, որ մոտ մեկ միլիարդ դոլարի սպառազինություններ է վաճառել, բայց դրանց «վերջին գնորդի համար պատասխանատվություն չի ստանձնել»:

Մամուլում այդ առթիվ տեսակետ է շրջանառվել, որ սերբական արտադրության 155 մլիմիտեր տրամաչափի հրետանային արկերը «երրորդ երկրների միջոցով մատակարարվել են Ուկրաինային»:

Ի դեպ, աղբյուրները հայտնել են, որ Սերբիայից տասնյակ հազարավոր հրետանային արկեր գնել է նաև Ադրբեջանը, բայց դրանք «մատակարարվել են Արաբական միացյալ էմիրություններին»:

Ըստ ամենայնի, ռուս-ադրբեջանական լարվածությունը սկսվել է այդ տեղեկությունների հրապարակայնացման ֆոնին:

Սերբական ռազմաարդյունաբերական ընկերության մոսկովյան ներկայացուցչի մահը, մանավանդ գրեթե երկու ամիս հետո այդ մասին Սերբիայի նախագահի բացահայտումների համատեքստում, իրոք «հաշվեհարդարի» կամ «վրիժառության» նման է:

Բաց աղբյուրներն այդ ընկերության մասին տեղեկություններ չեն փոխանցում: Հայտնի է միայն, որ այն «ներկայացում է Սերբիայի կառավարությունը և ռազմաարդյունաբերական համալիրը, զբաղվում է սպառազինությունների արտահանությամբ և ներմուծմամբ, ինչպես նաև դրանց հետ կապված տեխնիկական սպասրակմամբ»:

Սերբիայի ռազամաարդյունաբերական համալիրի բարձրաստիճան ներկայացուցչի մահվան հանգամանքներն, ամենայն հավանականությամբ, գոնե հանրության համար կմնան գաղտնիք:

Բայց ռուս-սերբական հարաբերություններում հետեւանքներ անպայման կունենա: Մոսկվան, այո, «յուրայիններին» երբեք չի ներում: Իսկ սերբերի համար, երևի, յուրայինների հարցում լրջորեն կողմնորոշվելու ժամանակն է: