Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը նախապես չհայտարարված այց է կատարել Արաբական միացյալ էմիրություններ: Այդ մասին տեղեկացնում է իսրայելական yenet կայքը, որի տեղեկություններով Ռեգևը «շտապել է ԱՄԷ, որպեսզի կանխի «Տնտեսական մայրուղի» ծրագրից Իսրայելին դուրս թողնելու թուրք-ֆրանսիական դավադրությունը»:
Խոսքը միջազգային մամուլում IMEC անվանումով հայտնի տրանսպորտային միջանցքի մասին է, որ պետք է Հնդկաստանը Մերձավոր Արևելքի միջոցով կապի Եվրոպային:
Այդ նախագծի շուրջ Իսրայելը Հնդկաստանի և ԱՄԷ-ի հետ նախկինում բանակցություններ է վարել, բայց վերջնական համաձայնություն չի կայացել Գազայում իրավիճակի սրացման և պատերազմի պատճառով:
Տրանսպորտային այդ նախագիծն ունի նաև «Խաղաղության մայրուղի» անվանումը: Ըստ կանխածրագրի, Հնդկաստանից բեռները ծովային ճանապարհով պետք է հասնեն Աբու -,Դաբի, այնուհետև երկաթուղով տեղափոխվեն իսրայելական Հայֆա նավահանգիստ և առաքվեն Եվրոպա: Երկաթուղային հաղորդակցությունը ենթադրաբար պետք է անցնի Աբու-Դաբի-Դուբայ- Սաուդյան Արաբիա- Հորդանան-Հայֆա երթուղով:
Ըստ իսրայելական աղբյուրների, Թուրքիան և Ֆրանսիան «համատեղ ձգտում են երկաթուղային գծի ուղղությունը փոխել դեպի Սիրիա և Լիբանան, որպեսզի տարածաշրջանում ամրապնդեն իրենց ոչ միայն կոմունիկացիոն, այլև ռազմավարական դիրքերը»:
Ի՞նչ արդյունքի է հասել Իսրայելի տրանսպորտի նախարարը, այդ մասին ոչ միայն պաշտոնական տեղեկություն, այլեւ փորձագիտական որևէ կարծիք դեռևս հայտնի չէ:
Խնդիրն, ըստ երևույթին, ոչ այնքան ԱՄԷ-ի, որքան Սաուդյան Արաբիայի դիրքորոշումն է, որ Իսրայելի հետ ցանկացած համագործակցություն պայմանավորում է Պաղեստինի պետության հռչակմամբ: Ընդ որում, որոշակիորեն հասկանալի է այդ հարցում Ֆրանսիայի կոշտ դիրքորոշումը:
Ամիսներ առաջ հայտնի է դարձել, որ Սիրիայի նոր կառավարությունը Տարտուս նավահանգիստը վարձակալությամբ տրամադրել է ֆրանսիական մի ընկերության, որ պարտավորվել է արդիականացնել բոլոր ենթակառուցվածքները: Եթե Հնդկաստան-Եվրոպա առևտրային երթուղին անցնի Սիրիայով, ապա Տարտուսը կշահագործվի որպես հանգրվանային նավահանգիստ:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինս չի թաքցնում, որ թեև հարգում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը, բայց ղեկավարվում է «աշխարհաքաղաքական շահերի առաջնահերթությամբ»:
Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սիրիայի և Լիբանանի նկատմամբ «հոգածությանը», իսկ իրականում՝ Օսմանյան ազդեցության տարածքի փաստացի վերականգնմանը:
Միջազգային մամուլում դեռեւս երկու տարի առաջ տեսակետ է տարածվել, որ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումը «հրահանգավորել է Թուրքիան, որպեսզի ծափանի «Խաղաղության մայրուղի» ծրագրի իրականցումը»:
Այլևս գաղտնիք չէ, որ թուրք-իսրայելական մրցակցությունը հասել է բարձրակետի: G 20 գագաթնաժողովից տունդարձի ճանապարհին Էրդողանը պատասսխանել է իր թիմի լրագրողների հարցերին:
Անդրադառնալով Իսրայելի հետ հարաբերություններին, նա ասել է, որ Թուրքիան «իրավիճակը լարվածության անդառնալի կետի հասցնել, բայց եթե դա տեղի ունենա, պատրաստ է բոլոր միջոցներով պաշտպանել սեփական ազգային շահերը»:
Վերջին երկու-երեք ամիսներին Թուրքիան Իսրայելին պարբերաբար մեղադրել է Հունաստանի և Կիպրոսի հետ Միջերկրականի արևելյան հատվածում «հակաթուրքական դաշինք ձևավորելու» մեջ:
Թուրքական մամուլը նաև ահազանգում է, որ տնտեսական և առևտրային գործունեության «անվան տակ Իսրայելը դիրքեր է գրավում» նաև Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն գոտում: Չափազանց դիտարժան է, որ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցին ընդառաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հունանստանին մեղադրել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ և սպառնացել, որ «պատասխան անպայման կհետևի»:
Թուրքական մամուլը Զախարովայի հայտարարությունը որակել է իբրև «Մոսկվայի ապտակ Աթենքին»: Ընդ որում, Զախարովան նույն ճեպազրույցի ժամանակ Թուրքիային երախտագիտություն է հայտնել ուկրաինական հարցում դիրքորոշման համար: Ռուսաստանը Թուրքիային նաև Իսրայելի հետ դիմակայության հարցո՞ւմ կսատարի:






Բաց մի թողեք
Հ1-ի ամանորյա ծրագրում նորից ընդգրկված չէ Գարեգին Բ-ի ուղերձը, փոխարենը՝ Վահագն Ալեքսանյանը կխոսի
Ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից պետական հանցանք է կատարվել, արդյոք «ահաբեկիչներ են գործում»