26/12/2025

Ռուսաստանը կարող է ներքին թշնամի ստանալ՝ իսլամական ծայրահեղականության կողմից

Ռուսաստանի Դաշնության «ուժային կառույցները բացահայտել են տղամարդու ինքնությունը, ում ձերբակալելու փորձի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, և ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից զոհվել է»:

Տեղեկությունը տարածել է ՌԻԱ Նովոստի պետական գործակալությունը:

Ըստ այդմ, «ՃՈ աշխատակիցները ծառայողական ավտոմեքենայի մոտ նկատել են կասկածելի անձնավորության և երբ մոտեցել են, որպեսզի բերման ենթարկեն, նա գործի է դրալ պայթուցիկ սարքը, երեքն էլ տեղում սպանվել են»:

Լրատվամիջոցը հայտնել է, որ պայթուցիկը գործի դրած անձը «ծնվել է 2001 թվականին»: Այլ տեղեկություններ ուժային կառույցները չեն հրապարակայնացրել: ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ «իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի նկատմամբ ոտնձգության» և «պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության» հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, ընթանում է նախաքննություն»:

Փաստացի ՌԴ իրավապահ համակարգը, այդ թվում՝ Անվտանգության դաշնային ծառայությունը, մեկ օր անց հաստատել է մեր կողմից առաջադրված վարկածը, որ Մոսկվայի Ելեցյան փողոցում դեկտեմբերի լույս 24-ի գիշերը ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից դարձել է մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի զոհ: «Մահապարտի գոտին», որ գործի է դրվել, կիրառում են իսլամ ծայրահեղականները:

Ռուսաստանի պաշտոնական քարոզչությունը կառուցված է այն նարատիվի հիմքով, որ Ուկրաինայի դեմ «պատերազմը հայրենական է, նեոնացիզմի դեմ է, և ռազմաճակատում ուս-ուսի կռվում են բազմազգ եւ բազմադավան ու բազմամշակութային երկրի բոլոր ժողովուրդների զավակները»:

BBC-ն վերջերս բաց աղբյուրների տեղեկությունների հիման վրա ներկայացրել է ռուս-ուկրաինական պատերազմի ռուսաստանյան զոհերի տարածքային բաշխվածության պատկերը: Ամենամեծ թվով զոհեր՝ ավելի քան 7 հազար հոգի, բաժին է ընկնում Բաշկորտստանին:

Դեկտեմբերի սկզբներին մամուլին հայտնի է դարձել, որ Դաղստանի ղեկավար Մալիկովը ենթականերին սուր քննադատության է ենթարկել իրենց զավակներին և մերձավորներին պատերազմից ապահովագրելու համար:

Ավելի վաղ Regnum-ի թղթակիցը Մախաչկալայից հայտնել է, որ Դաղստանի մայրաքաղաքում «Պաղեստինի դրոշներն ավելի հարգի են, քան Ռուսաստանի եռագույնը»: Ռուսաստանյան մի քանի թելեգրամ-ալիքներ օրերս գրել են, որ պաշտպանության նախարար Բելոուսովը «հրահանգել է ստուգել չեչենական «Ախմատ» զորախմբի պարգևատրվածների անձնական գործերը»:

Սոցիալական ցանցերում տեղեկություններ են հայտնվել, որ Ռուսաստանի հարավային քաղաքներում, հատկապես՝ Դոնի Ռոստովում, Ստավորպոլում և Կրասնոդարում «շրջում են խմբեր, որ ներկայանում են որպես «Ախմատի» մարտիկներ և ահաբեկում են գործարարներին»:

Ըստ որոշ վկայությունների, «նրանք կրում են պետական բարձրագույն պարգևներ, ոմանք ներկայանում են որպես Ռուսաստանի հերոսներ»:

Մոսկվայի Ելեցյան փողոցում մահապարտ ահաբեկչի կողմից գործի դրված պայթուցիկ սարքը, հավանաբար, Ռուսաստանի իշխանություններին նախազգուշացնում է ավելի խոշոր և դաժան գործողությունների մասին:

Այդ սպառնալիքին ինչպե՞ս կարձագանքի Կրեմլը: Ուկրաինան հռչակելով «նեոնացիստական», ուկրաինացիներին՝ «ֆաշիստ», Ռուսաստանը կարող է ներքին թշնամի ստանալ՝ իսլամական ծայրահեղականություն, որի հետ «երկխոսություն» հազիվ թե ստացվի: