Ուկրաինական կարգավորման ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա առաջիկա կիրակի՝ Մայամիում: Այս տեղեկությունը հայտնել է ամերիկյան Politico պարբերականը:
Ամերիկյան կողմը կներկայացնեն Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկովը, իսկ Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը:
Ըստ Politico-ի, բանակցությունների արդյունքները կքննարկվեն Սպիտակ տանը, եթե ռուսական կողմն ընդունի «վերախմբագրված առաջարկությունները»: Պարբերականի աղբյուրները հաստատել են ավելի վաղ տարածված տեղեկությունը, որ նորացված առաջարկություններով ԱՄՆ-ը Ուկրաինային «տրամադրում է ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածով նախատեսվող անվտանգության երաշխիքներ»:
Նախագծով Ուկրաինան ստանում է Եվրամիությանն ազատ անդամակցության իրավունք: Դոնբասին վերաբերող դրույթները «չեն կոնկրետացվում», այդ հարցը «մնում է լրացուցիչ քննարկումների առարկա»:
Նույն օրը Միացյալ Նահանգների Սենատը յոթանասուն «կող» և քսան «դեմ» ձայների հարաբերակցությամբ հաստատել է եկող տարվա ռազմական բյուջեն, որ կազմում է 901 միլիարդ դոլար: Նախատեսվում է երկու տարում Ուկրաինային հատկացնել 800, իսկ Մերձբալթյան երեք երկրներին՝ 175 միլիոն դոլար աջակցություն:
Օրենքը Պենտագոնին արգելում է Եվրոպայում ամերիկյան զորքերի թվաքանակը 76 հազարից կրճատել և լուծարել Եվրոպայում ամերիկյան ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը:
Սպիտակ տան աղբյուրը հայտնել է, որ նախագահ Թրամփը Սենատի հաստատած օրենքը «կստորագրի առանց առարկության»:
Այս տեղեկություններին զուգահեռ Կիևի սոցիոլոգիական ուսումնասիրությունների ինստիտուտը հրապարակել է հանրային հարցման ընթացիկ արդյունքները: Ուկրաինացիների 61 տոկոսը պատրաստ է բոլոր փորձությունները կրել, բայց Դոնբասից զորքերը դուրս չբերել:
Հարցման ենթարկվածների մեկ երրորդը կողմ է զորքերի շփման ներկայիս գծով հրադադարի հաստատմանը, բայց պայմանով, որ ռուսական օկուպացիան իրավաբանորեն չճանաչվի: Ուկրաինացիների 54 տոկոսը «լիովին աջակցում է» նախագահ Վլադիմիր Զելենսկուն, 32-ը՝ «բացարձակապես մերժում»:
Եվրոպական որոշ աղբյուրներ հայտնել են, որ եթե ռուս-ամերիկյան բանակցություններում Մոսկվան մերժի «խաղաղության օրակարգը, ապա ԱՄՆ Կոնգրեսը քվեարկություն կընդունի Ռուսաստանի դեմ համալիր պատժամիջոցներ սահմանող բանաձևը, որ երկուսակցական է»:
Եթե ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևին Մայամի «հրավիրելու» մասին տեղեկությունը հավաստի է, ապա դա արդեն իսկ խոսում է Ռուսաստանի հետ շփումների մակարդակը կտրուկ իջեցնելու մասին:
Այսինքն, ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումներն «իջեցվում են փորձագիտական մակարդակի»: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը «պատերազմը կշարունակի նաև եկող տարի»:






Բաց մի թողեք
Ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում
ԱՄՆ վիզայի արգելքը թիրախավորում է նախկին եվրահանձնակատար Բրետոնին՝ սոցիալական ցանցերի ենթադրյալ գրաքննության պատճառով
Մորուքավոր նվեր տվողի ճանապարհորդությունը․ Համաշխարհային շուկաները տարին փակում են զգուշավոր նոտայով