26/12/2025

Սյունիքում հաղորդուղիների վերականգնման շուրջ Թեհրանից վերջերս հնչած «մտահոգությունները»

Իրանի հրթիռային ծրագրին տեղյակը աղբյուրը և ամերիկյան չորս նախկին պաշտոնյաներ NBC-ին ասել են, որ Իսլամական հանրապետությունը «կարող է ամիսը 3000 հրթիռ արտադրել»: Նրանք համարում են, որ դա Իսրայելի համար «ամենալուրջ սպառնալիքն է»:

Այս տեղեկությունը տարածվել է Բենիամին Նաթանյահուի ԱՄՆ այցին ընդառաջ: Ավելի վաղ իսրայելական մամուլը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 29-ին Նաթանյահուին կընդունի Սպիտակ տանը: Վերջին տեղեկություններով՝ Թրամփը Նաթանյահուին կհյուրընկալի Ֆլորիդայի նահանգում Մար-ա-Լագո անձնական դաստակերտում:

Այդ արարողակարգը մեկնաբաններին թույլ է տվել ենթադրել, որ Իսրայելի վարչապետը Միացյալ Նահանգների նախագահին կներկայացնի Իրանին «կանխարգելիչ հարվածներ հասցնելու ծրագիր, որ ենթադրում է նաև ամերիկյան կողմի մասնակցություն»:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը մոտ երկու ամիս առաջ Օմանի միջոցով Իրանին բանակցությունների առաջարկություն է ներկայացրել, որ Թեհրանի կողմից ըստ էության մերժվել է: Իսլամական հեղափոխության և երկրի հոգեւոր առաջնորդ Խամենեին ԱՄՆ նախագահի ձևակերպումները «ոչ հարգալի» է գնահատել:

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները վերջին երկու-երեք ամիսներին պարբերաբար գրել են, որ Իսրայելը «մինչև եկող տարվա կեսերը Իրանին նոր հարվածներ կհասցնի»: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն անցնող շաբաթասկզբին հերքել է տպավորությունը, որ ԱՄՆ հետ հարաբերությունների կարգավորումից հետո Մոսկվան «կլքի Թեհրանին»:

Իսրայելական մամուլը տեղեկություն է տարածել, որ Երուսաղեմի Սերգիևյան վանատան տարածքում բացվել է «Ռուսական տան» մասնաճյուղ: Իսրայելում ընդդիմությունը համոզված է, որ Պուտինը «խորհրդարանական ընտրություններին կաջակցի իր վաղեմի բարեկամ Նաթանյահուին»:

Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ նոր հարձակումների մասին տեղեկություններում աչքի է զարնում այն, որ Նաթանյահուն Թրամփին «համոզում է, որ դա համապատասխանում է ոչ միայն Իսրայելի, այլեւ Միացյալ Նահանգների տարածաշրջանային շահերի ամրապնդմանը»:

Հարավային Կովկասը նույնպես Իրանին սահմանակից տարածաշրջան է, որտեղ Միացյալ Նահանգները նախատեսում է մի շարք, այդ թվում՝ «Թրամփի երթուղի», ծրագրեր իրականացնել:

Սյունիքում հաղորդուղիների վերականգնման շուրջ Թեհրանից վերջերս հնչած «մտահոգությունները», հավանաբար, պայմանավորված են Իսլամական հանրապետության ավելի խոր անհանգստություններով: