26/12/2025

Փաշինյանի «աշխարհաքաղաքական խաղերն» ու ուկրաինացի դժբախտ երեխաները. Մի բանաձևի հետքերով

Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 3-ի հատուկ նստաշրջանում բանաձեւ է ընդունել, որով «Ռուսաստանից պահանջում է անհապաղ, անվտանգ եւ անվերապահ վերադարձնել բոլոր ուկրաինացի երեխաներին, որոնք բռնի դուրս են բերվել կամ տեղահանվել են իր զորքերի օկուպացրած տարածքներից»:

Փաստաթղթում Ռուսաստանին կոչ է արվում դադարեցնել ուկրաինացի երեխաներին ստիպողաբար տեղահանելու, ծնողներից եւ օրինական խնամակալներից բաժանելու եւ նրանց կարգավիճակը, այդ թվում՝ քաղաքացիությունը փոխելու եւ որդեգրելու գործելակերպը, ինչպես նաեւ՝ անչափահասների գաղափարական մշակումը:

Բանաձեւը պաշտպանել է 91 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն եւ Եվրամիության երկրները, Ուկրաինան եւ Վրաստանը: Դեմ է քվեարկել 11 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Կուբան, Իրանը։ 57 երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Հայաստանը եւ Կենտրոնական Ասիայի պետությունները, ձեռնպահ է քվեարկել:

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն իր զորքերի օկուպացրած տարածքներից դուրս է բերել առնվազն 20 հազար երեխա, որոնցից ընդամենը շուրջ 1850-ին է հաջողվել վերադարձնել:

Մոսկվան համաձայն չէ այդ թվերին, ինչպես նաեւ՝ «բռնի տեղահանում» ձեւակերպմանը՝ պնդելով, թե երեխաների դուրսբերումն իրականացվել է նրանց «անվտանգության ապահովման նպատակներով», եւ որ պատրաստ է նրանց վերադարձնել հարազատներին, եթե նրանք դա խնդրեն:

Դեռեւս 2023-ի մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր տվեց։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական տեղահանման մեջ։

Թեեւ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձեւերը պարտադիր չեն կատարման համար, ի տարբերություն կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձեւերի, այդուհանդերձ, եվրաատլանտյան կուրս որդեգրած ՀՀ իշխանությունների այս որոշումը միանգամայն տարակուսելի է՝ հատկապես Մոսկվայի հետ վատթարացող հարաբերությունների ֆոնին։ Մյուս կողմից էլ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ «խաղեր տվող» Փաշինյանի ռեժիմի վերջին որոշումը՝ ձեռնպահ մնալ առեւանգված ուկրաինացի երեխաների վերադարձը պահանջող ՄԱԿ-ի բանաձեւի հարցում, այնքան էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ այս իշխանախումբը նույնիսկ արցախցիների ճակատագրի եւ, որ ամենից ցավալին է՝ հատկապես հայ ռազմագերիների հարցում «ձեռնպահ» է մնում։

Բայց նաեւ մի կարեւոր նրբերանգ․ այս որոշման թիկունքում երեւում են նաեւ ԵՄ այն բյուրոկրատների «ականջները», որոնք, փաստորեն, ֆինանսավորում են Փաշինյանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը։

Ամենից թարմ օրինակը․ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպման շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ստորագրել են համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ Այդ մասին հայտարարվեց Միրզոյանի, Կալլասի եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ Եվրոպայի «երկաթե լեդիներն» ազդարարել էին, որ խոշոր գումարներ են «հոսելու» Հայաստան՝ այս դեպքում էլ վկայելով, որ նրանց «շուրթերով» Եվրամիությունը, ըստ էության, ֆինանսավորում է Փաշինյանի եւ իր խմբակի վերարտադրման հնարավորությունը՝ 2026 թ․ խորհրդարանական ընտրությունների միջոցով։

Դե, իսկ ԱՄՆ-ի ու անձամբ Թրամփի հետ ՀՀ գործող իշխանությունների ջերմ հարաբերությունների մասին էլ չենք մոռանում՝ վաշինգտոնյան համաձայնագրեր, Բաքվի հետ խաղաղության հռչակագիր, TRIPP եւ այլն։ Ավելին, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը շարունակում է ակտիվ ջանքերն ուկրաինացի երեխաներին հայրենիք վերադարձնելու հարցում․ ժամեր առաջ նա հայտարարեց, որ Պուտինի հետ անձնական նամակագրության եւ համալիր ջանքերի, համագործակցության արդյունքում՝ առեւանգված եւս մի քանի երեխայի Ռուսաստանը վերադարձրել է Ուկրաինային։ Այնպես որ, պաշտոնական Երեւանի դիրքորոշումն այս հարցում կարող էր մի փոքր այլ լինել, եթե իսկապես «գլուխը թեքել» է դեպի Արեւմուտք եւ շարունակում է հաճոյանալ Սպիտակ տան ղեկավարի վարչակազմին։

Ընդհանուր առմամբ, սա վկայում է ոչ թե փաշինյանական ռեժիմի քաղաքական կամքի բացակայության, անվճռականության, ոչ կայուն ու տարերային արտաքին քաղաքականության մասին, այլ ընդհանրապես՝ որեւէ տեսակի կոնկրետ արտաքին քաղաքականության բացակայության։

ՀԳ․  Ի դեպ, ՀՀ իշխանությունները, որոնք ժամանակ առ ժամանակ ներկայանում են որպես երդվյալ «արեւմտամետներ», առաջին անգամ չէ, որ կարեւոր հարցերում դե ֆակտո քվեարկում են Ռուսաստանի օգտին։ Սա՝ որպես արձանագրում, այլ ոչ թե որպես հանդիմանություն։