Հայաստանն ունի իրադարձությունների հետևից հասնելու անհրաժեշտություն

- in Հրապարակ

Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակը պետք է լինի Հայաստանի միջազգային սուբյեկտության բարձրացումը, նախօրեին տեղի ունեցած դիվանագետների հավաքի իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երևանում անցկացվել է Հայաստանի դեսպանների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք, որում ուղենշվել են արտաքին քաղաքականության հիմնասյուներն ու անելիքները: Կա տարածված արտահայտություն, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Միևնույն ժամանակ, այդ արտահայտությունը կարելի է վերափոխել, կամ անհրաժեշտ է լրացնել, որ արտաքին քաղաքականությունը նաև տնտեսական կարողությունների շարունակությունն է, ինչ-որ իմաստով այդ կարողությունները նաև համալրելու համար: Ինչպիսի՞ խոսք է գնացել հանդիպման փակ մասում այդ թեմայով, հայտնի չէ, սակայն հանդիպման բաց մասում թե՛ վարչապետի, թե՛ արտգործնախարարի ելույթում քիչ է եղել կամ գրեթե չի եղել անդրադարձը Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին: Մինչդեռ, այդ բաղադրիչի շեշտադրում արվել է թե՛ նախկին իշխանության շրջանում, երբ հատուկ փոխնախարարի հաստիք ավելացավ հենց տնտեսական հարցերով զբաղվելու համար, և թե՛ նոր իշխանությունն է շեշտադրել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ու դիվանագիտության խնդիրն է նաև ներդրումներ ներգրավել Հայաստան:

Վերջին հաշվով, տնտեսապես հնարավորինս ինքնաբավ, իսկ պրակտիկ իմաստով՝ ավելի շուտ դիվերսիֆիկացված պետությունն է, որ կարող է հավակնել սուբյեկտային արտաքին քաղաքականության: Իսկ Հայաստանի համար դիվերսիֆիկացված տնտեսական ներուժը հրատապ խնդիր է, եթե հաշվի առնենք այն, որ մեր գրեթե բոլոր ձվերը, տարբեր հանգամանքներից ելնելով՝ տարեցտարի կուտակվել են հիմնականում մեկ զամբյուղում՝ ռուսական կամ եվրասիական, կամ օլիգարխիկ, որը հիմնական թելերով տարել է նույն ռուսական ուղղությամբ: Այդ իմաստով, Հայաստանը շաբաթներ առաջ արել է էական հայտարարություն Իրանի հետ ներքին սպառման համար գազի ձեռքբերման շուրջ բանակցության վերաբերյալ: Միաժամանակ, Երևանը հայտարարել է, և այդ մասին հնչել է նաև նախօրեի հավաքում, որ պատրաստ է Չինաստանի հետ քննարկել ենթակառուցվածքային ռեգիոնալ նախագծերի մասնակցության հարցը: Հրապարակային մակարդակում այդ հայտարարություններն արդեն իսկ նշանակալի են, սակայն ամեն ինչ, բնականաբար, կախված է լինելու հնարավորինս արագ արդյունքի արձանագրումից: Մյուս կողմից, արդյունքը կարող է լինել ոչ միայն կոնկրետ վիճակագրության տեսքով, այլ նաև քաղաքական քննարկումների ավելի հրապարակային գործընթացների, որոնք կարող են լինել նաև արտաքին քաղաքական որոշակի ֆորմատների ձևավորման նախադրյալներ, երբ, օրինակ, Իրանի հետ գազի բանակցությանը կարող է միանալ Վրաստանը, հաջորդիվ Եվրամիությունը, գուցե Ուկրաինան: Կամ Չինաստանի հետ ենթակառուցվածքային՝ ենթադրաբար, Մետաքսի ճանապարհի չինական ծրագրի շուրջ բանակցությանը կարող է միանալ Իրանը:

Հայաստանն այդ առումով ունի իրադարձությունների հետևից հասնելու անհրաժեշտություն, քանի որ մեր շուրջն այդ իմաստով ձևավորված են ամենատարբեր ֆորմատներ, որոնցից ոչ բոլորն են, իհարկե, ստացել առարկայական քաղաքական և տնտեսական արդյունքներ, սակայն ինքնին որպես գործընթաց ապահովում են մասնակիցների որոշակի սուբյեկտություն: Անշուշտ, սխալ է միարժեք պնդել, որ դա պետք է լինի նաև Հայաստանի սուբյեկտության չափման, այսպես ասած, նշաձողը կամ ինդիկատորը, որովհետև հայկական պետական սուբյեկտությունն ունի իր ռեգիոնալ առանձնահատկությունը, և այդ տեսանկյունից առանցքում արցախյան հաղթանակն է և ստատուս-քվոն: Սակայն մյուս կողմից, այստեղ արդյունավետության համար հույժ կարևոր է տնտեսական դիվերսիֆիկացիան և, ըստ այդմ, որոշակի ինքնաբավության հենքը, առանցքը պահելու և դրա շուրջ իրավիճակը հնարավորինս բազմաշերտ ֆորմատներով բյուրեղացնելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...