Ամերիկյան և եվրոպական դիվանագետները Բեռլինում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններում համաձայնեցրել են երկու փաստաթուղթ, որտեղ շարադրված են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները:
Նախագիծը ներառնում է Ուկրաինայի ԶՈՒ ուժեղացում, ուկրաինական տարածքում եվրոպական զորքերի տեղաբաշխում եւ Կիևի կողմից ամերիկյան հետախուզության ավելի ակտիվ օգտագործում:
Ինչպես գրում է ռուսաստանյան «Կոմերսանտը», այդ տեղեկությունը The New York Times –ին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից:
Այդ փաստաթղթերը պետք է մեկ այլ՝ Ուկրաինայում կրակի դադարեցման մասին, համաձայնության հիմք հանդիսանան: Ամերիկյան կողմի ներկայացմամբ, «անվտանգության երաշխիքները կհամոզեն, որպեսզի Կիևը տարածքներ զիջի և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից»:
Ըստ տեղեկությունների, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «շարադրված են ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերրորդ հոդվածի հանգույն»: Ուկրաինայի նախագահ Զելենսկին պնդում է, որ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը վավերացվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից:
Երկրորդ փաստաթուղթը սահմանում է ավելի մանրամասն ցուցումներ, թե ամերիկյան և եվրոպական ուժերն «ինչպես են համագործակցելու ուկրաինական բանակի հետ, որպեսզի պաշտպանեն Ուկրաինան: Ըստ այդմ, «եվրոպական զորքերը պետք է տեղաբաշխվեն Ուկրաինայի արևմուտքում, կրակի դադարեցման գծից հեռու»:
Բանակցողները դեռեւս չեն համաձայնեցրել, թե եվրոպական որ երկրներն են պատրաստ «մասնակցելու Ուկրաինայի պաշտպանությանը», բայց պարբերականի հարցման արդյունքներով ԱՄՆ-ում իշխող տեսակետ կա, որ Ռուսաստանի նախագահը «վերջնարդյունքում կհամաձայնի Ուկրաինայում եվրոպական ուժերի ներկայությանը, որ կգործեն ՆԱՏՕ-ի ենթակայությունից դուրս»:
Որքանո՞վ է այս տեղեկությունը գոնե մոտ իրականությանը, դժվար է ասել: Doetche Welle-ի ռուսական ծառայությունը գտնում է, որ «ութ պատերազմ դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը ծխածածկույթ է»:
Գերմանական լրատվամիջոցը Թրամփի նախաձեռնություններից հաջողված է համարում միայն «Ադրբեջանի և Հայաստանի միջև շուրջ քառասուն տարի տևած լարվածության դադարեցումը», մյուս բոլոր դեպքում «որոշումներն իրավիճակային են, քաղաքական-քարոզչական»:
Կանցլեր Մերցն անձնապես բանակցություններին ներգրավված է եղել, մեծ է հավանականությունը, որ գերմանական հեղինակավոր լրատվամիջոցի գնահատականը որոշակի առումով նաև պաշտոնական է:
Բեռլինյան երկօրյա բանակցությունների արդյունքների մասին լավատեսական կամ առնվազն ոչ հոռետեսական «արտահոսքերի» ֆոնին ՌԴ նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Ուշակովը ՏԱՍՍ-ին ասել է, որ «փաստաթղթի ընդունելի լինելու առումով դրա մշակմանը եվրոպացիների մասնակցությունը լավ ոչինչ չի ասում»:
Ընդսմին, նա հավաստիացրել է, որ Մոսկվայում «վերախմբագրված առաջարկությունները դեռևս չեն ստացվել»: Ըստ որոշ աղբյուրների, առաջիկա կիրակի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկովը «կժամանի Մոսկվա»:
Իսկ պատերազմն Ուկրաինայում, ամենայն հավանականությամբ, կշարունակվի:






Բաց մի թողեք
Հռոմի պապը ևս խաղաղություն է խնդրում․ Երկխոսություն՝ հակամարտություններին վերջ դնելու համար
Չարլզ III թագավորը` «խորացող բաժանումից» հետո, կոչ է անում հաշտեցման և միասնության. Լուսանկարներ
Կարճ ներկայացման մոխրագույն գիծը․ Ինչո՞ւ Չաուշեսկուն ընկավ․ Այսօր նրա ու կնոջ մահապատժի օրն է. բացառիկ․ Լուսանկարներ