27/12/2025

Ադրբեջանը զինադադարի պայմանավորվածությունը չի կատարում, իսկ Հայաստանը դրա դեմ «ոչինչ չի ձեռնարկում»

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի հանրության ներկայացուցիչների Բաքու այցի և «արդյունքների» շուրջ մամուլում և սոցիալական հարթակներում հնչող ամենատարածված թերահավատ տեսակետն այն է, որ եթե Ադրբեջանը «խաղաղություն է ուզում, ինչո՞ւ մեր գերիներին չի ազատում»:

Ոմանք անգամ պատվիրակության անդամներին քննադատում են, որ «գերիների հետ չեն հանդիպել»:

Հայկական կողմը Բաքվում զուտ իրավական առումով ռազմագերիներ չունի: Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող անձանց մեծ մասը հայրենադարձվել է:

Ներկայումս Բաքվում պահվում են Արցախի ռազմա-քաղաքական նախկին ղեկավարները, 2020 թ. դեկտեմբերին Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի տարածքում և 2023թ. սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմից հետո չպարզված հանգամանքներում Ադրբեջանի կողմից առևանգված անձինք:

Խծաբերդում և Հին թաղերում առեւանգված անձանց Ադրբեջանը ճանաչում է «ապօրինի զինված խմբավորման անդամներ», նրանց դեմ քրեական գործ հարուցվել է նոյեմբերի 9-ի «զինադադարը խախտելու և ռազմական գործողություններ հրահրելու հիմքով»:

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել, երևի գիտի միայն այդ պահի դրությամբ ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատարի տեղակալ Վոլկովը, որ, ըստ տեղեկությունների, հայ զինվորականներին առևանգելու գործողությանը ներկա է եղել:

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը առևանգվել են Ստեփանակերտում: Նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը «կամավոր հանձնվել է»:

Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և գեներալ Դավիթ Մանուկյանը առևանգվել են Հակարիի անցակետում:

Ի՞նչ հանգամանքներում և ինչպես են առևանգվել կամ «հանձնվել» մյուս անձինք, հայտնի չէ:

Այսպիսով, խոսքը ոչ թե ռազմագերիների, այլ տարբեր իրավիճակներում առևանգված և Բաքվում ապօրինաբար պահող անձանց մասին է, որոնց Ադրբեջանը կամ դատապարտել է երկարաժամկետ ազատազրկման, կամ մոտ ժամանակներս կդատապարտի:

Այս իրավիճակում հնարավոր է երկու հանգուցալուծում, կամ Հայաստանը և Ադրբեջանը կգան քաղաքական համաձայնության, և Իլհամ Ալիևը «դատապարտվածներին ներում կշնորհի», կամ նրանք կդիմեն ՄԻԵԴ:

Ակնհայտ է, որ հայ զինվորականները, ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչները, առանձին անձինք Ադրբեջանի կողմից առևանգվել և «դատվել ու դատվում են» բացառապես քաղաքական նպատակներով:

Եվ հենց դա էլ խնդրին չափազանց մեծ բարդություն է հաղորդում: Այս դեպքում կեղծախոսությունը, երբ խնդիրը միտումնավոր տեղափոխվում է այն հարթություն, որ Ադրբեջանը զինադադարի պայմանավորվածությունը չի կատարում, իսկ Հայաստանը դրա դեմ «ոչինչ չի ձեռնարկում»,- առևանգված անձանց միայն վնասում է: