26/12/2025

Ադրբեջանը Հայաստանին «նվիրատվություն է անում, որպեսզի փոխարենը նոր պայմաններ թելադրի»

Հայաստան է մտել ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակը: Մամուլում և սոցիալական ցանցերում, բնականաբար, քննարկվում է կողմերի միջև առևտրա-տնտեսական փոխհամագործակցության հեռանկարի հարցը:

Մտահոգությունների առարկա է հարցը, թե Հայաստանն Ադրբեջանին ի՞նչ կարող է առաջարկել և արդյոք այնտեղ պատրա՞ստ են հայկական ապրանքներ իրացնել: Խնդիրն, իրոք, հրատապ է. եթե տնտեսական կապերը փոխադարձ և համարժեք-հավասարակշռող չլինեն, ապա կստեղծվի տպավորություն, որ Ադրբեջանը Հայաստանին «նվիրատվություն է անում, որպեսզի փոխարենը նոր պայմաններ թելադրի»:

Ադրբեջանական բենզինի մասով «Ազատություն» ռադիոկայանը որոշակի պարզություն մտցրել է, 600 տոննայի գնորդը ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է, որտեղ դեռ հաշվարկում են ապրանքի վերջնական ինքնարժեքը, որպեսզի մանրածախ գին սահմանեն, բայց նախապես ասել են, որ «գինը, հավանաբար, ցածր կլինի», քան ներկայումս կա:

Հայաստան է մտել ադրբեջանական 1200 տոննա բենզին: Առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հանրությունը կիմանա նաև մյուս գնորդի կամ գնորդների անունները:

Պարզվում է, Ադրբեջանում նույնպես քննարկում են Հայաստանի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների թեման: Բաքվի մամուլը փորձագետներից փորձել է պարզել, թե Հայաստանից ի՞նչ ապրանքատեսակներ կարող են Ադրբեջան արտահանվել:

Տնտեսագետ Զահիդ Մամեդովը modern.az-ին ասել է, որ դեռ խորհրդային ժամանակներից Հայաստանը սննդամթերթի «բրենդային ապրանքներ է արտադրել, որ հայտնի են նաև այսօրվա Ռուսաստանի շուկաներում»:

Նա հատկապես առանձնացրել է հայաստանյան պահածոները, հյութերը, մուրաբաները և գինեգործական ապրանքները, որ Ադրբեջանում պահանջարկ կունենան: «Եթե Հայաստանը զարգացնի գյուղմթերքների վերամշակման արտադրությունը, ապա կարող է խոշոր ծավալի արտահանումներ իրականացնել դեպի Ադրբեջան»,- ասել է Մամեդովը:

Ուշագրավ է, որ լրատվամիջոցի այս հրապարակմանն ընթերցողները թողել են շուրջ երեք տասնյակ մեկնաբանություններ:

Հանրային տրամադրությունների առումով դրանք գրեթե ադրբեջանական բենզինի ներկրման հայաստանյան արձագանքների հետ գրեթե նույնական են: Այնքան, որ ռուսերենով մեկնաբանության հեղինակը «շատ վաղ է» համարում Ադրբեջան հայաստանյան սննդամթերի ներկրումը, քանի որ «նրանք կարող են մեզ թունավորել»:

Տիկինը, երևի, Ադրբեջանից դուրս է մշտապես ապրում, ամենայն հավակնությամբ՝ Ռուսաստանում: Ճիշտ այդպես էլ Ֆեյսբուքի ռուսաստանաբնակ հայ օգտատերը «բացահայտել է», որ ադրբեջանական բենզինը «քայքայիչ հատկություն ունի»: