26/01/2026

Ի՞նչ մակարդակի և ձևաչափի հանդիպումներ են Իսրայելի և Ադրբեջանի միջև, ի՞նչ սպասել ․․․

Ադրբեջան այցի մեկնարկին հանդիպել եմ հրեական համայնքի առաջնորդների հետ: Ֆեյսբուքի անձնական էջում այդ մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը:

Նրա գնահատմամբ, Ադրբեջանում այսօր բնակվում է «մուսուլմանների հետ կողք-կողքի, փոխադարձ հարգանքի, կրոնական հանդուրժողականության և դավանանքի ազատության մթնոլորտում բնակվում է շուրջ երեսուն հազար հրեա», և ինքը «հավատում է Իսրայելի և Ադրբեջանի միջև կապերին»:

Սաարն ընդգծել է, որ Իսրայելում կա Ադրբեջանից «հայրենադարձած հրեական մեծ համայնք», և Ադրբեջանում բնակվող հրեաների հետ միասին նրանք երկու պետությունների միջև «հարաբերությունների ամուր հիմքն են կազմում»:

Նա հավաստել է, որ այդ «կապերը շարունակում են խորանալ», Իսրայելը «մտադիր է հետագայում եւս դրանք ամրապնդել»: Իսրայելի արտաքին գործերի նախարարի Բաքու այցի մասին ադրբեջանական հասանելի լրատվամիջոցները դեռեւս տեղեկություն չեն տարածել:

Այլ աղբյուրներից հայտնի է, որ հունվարի 26-ին Գեդեոն Սաարը պետք է ժամանի Աստանա:

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես mignews-ն է փոխանցել, Սաարի Ադրբեջան այցի այս ժամանակացույցն է անոնսավորել՝ հանդիպում նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ապա՝ հրեական համայնքի առաջնորդների հետ:

Իսրայելի ԱԳՆ ղեկավարը ֆեյսբուքյան գրառմամբ հրապարակայնացրել է, որ ժամանակացույցը խախտվել է: Ի՞նչ մակարդակի և ձևաչափի հանդիպումներ են նրան առաջարկելու Բաքվում, այս պահին պարզ չէ:

Նույն աղբյուրի տեղեկություններով, Աստանայում Սաարը «Աբրահամյան համաձայնություններին» Ղազախստանի միանալու «շրջանակներում կհանդիպի Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի, արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հետ»:

Նախատեսված է, որ նա «կմասնակցի Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին»: Իսրայելի արտաքին գործերի նախարարը Բաքու և Աստանա է մեկնել ավելի քան քառասուն գործարարների ուղեկցությամբ: Նրանք «հանդիպումներ կունենան Ադրբեջանի և Ղազախստանի պրոֆիլային նախարարների հետ»:

Աչքի է զարնում իրողությունը, որ հունվարի 10-ին Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ, որի ընթացքում «Աբրահամյան համաձայնություններին» Աստանայի միանալու համար շնորհակալություն է հայտնել:

Նաթանյահուն Տոկաևի այդ քայլը որակել է «համարձակ» և շեշտել, որ այն կնպաստի «միջազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»: Կողմերը քննարկել են բարձր մակարդակի փոխայցելություններ կազմակերպելու հետ կապված հարցեր:

Բենիամին Նաթանյահուն նույն օրը և անցած ավելի քան երկու շաբաթներին Իլհամ Ալիևի հետ շփում չի ունեցել:

Որքան էլ շարունակական է մնում իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը, Նաթանյահու-Տոկաև հեռախոսազրույցը, բարձր մակարդակով փոխադարձ այցելություններ իրականացնելու կողմերի հրապարակայնացված մտադրությունը, Իսրայելի արտգործնախարարի Բաքվում հանդիպումների ժամանակացույցի փոփոխությունը, մանավանդ Սաարի ֆեյսբուքյան գրառման ենթատեքստային ձևակերպումները թույլ են տալիս ենթադրել, որ առնվազն այս փուլում Ադրբեջանը զգալիորեն կորցրել է իսլամական աշխարհում հրեական պետության «ամենահուսալի դաշնակցի» համարումը:

Դժվար է կանխատեսել, թե իրադարձությունները հետագա ի՞նչ զարգացում կունենան, բայց իրողությունն ինքնին խիստ ուշագրավ է: