Ու Եկեղեցու մասին։
Պլան ունեցողը միշտ հաղթելու է չունեցողին։ Անգամ, եթե պլանը վատն է։
Որպես աքսիոմ պիտի արձանագրել, որ Նիկոլը շարունակելու է հարձակվել Եկեղեցու վրա՝ շոշափելով թույլ տեղերը, սողոսկելով ճեղքերն ու լայնացնելով դրանք։ Այս համակարգային և հետևողական ջանքերը, եթե չստանան նույնպիսի համակարգային և հետևողական հակազդեցություն, ապա ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ հանգեցնելու են Եկեղեցու զավթմանը։
Սակայն պլան ունենալու համար անհրաժեշտ է պատկերացում կազմել կողմերի ուժերի մասին։ Իմ կարծիքով ամենակարևորը այն է, որ պիտի հասկանալ, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում երկու կողմերի՝ Նիկոլի ու Եկեղեցու բանակները։ Այստեղ ես միտումնավոր եմ գործածում ռազմա-պատմագիտական անալոգիաները, քանի որ իմ կարծիքով դրանք առավել ճշգրիտ են նկարագրում հարցի էությունը, սակայն, իհարկե, պետք չի մոռանալ, որ ցանկացած անալոգիա թերի է։
Եվ այսպես․
1․ Նիկոլի բանակը կայուն մոբռեսուրսով պրոֆեսիոնալ կադրային բանակ է, որը Նիկոլը երբ ու ուր կամենա, կհասցնի։ Այդ բանակի պրոֆսիոնալ մասը ՔՊ-ական ու մերձՔՊ-ական ակտիվն է, որոնք Նիկոլից ունեն երկարատև շահ (տնտեսական, պաշտոնական, ֆինանսական, ևն) կամ էլ ուղղակիորեն վարձատրվում են Նիկոլից։ Մոբռեսուրսը դա Նիկոլից վարչականորեն կախյալ համակիրներն են։ (Այստեղ պետական-ուժային բլոկը չեմ դիտարկում, դա առանձին քննելու հարց է)։
2․ Դրան ի հակառակ Եկեղեցու բանակը իրենից ներկայացնում է ֆեոդալական տիպի բանակ՝ համալրված որոշակի կամավորական (եթե կուզեք՝ աշխարհազորային) ռեզերվով։ Ֆեոդալական տիպի բանակները որոշակի առանձնահատկություններ ունեին և մասնավորապես Եկեղեցու բանակն էլ ունի ֆեոդալականին բնորոշ բոլոր համակարգային թերությունները, այն է․
* ինչ-որ ֆեոդալներ մարտականչին կարող են չներկայանալ, որովհետև այդ անգամ իրենց հարմար չէր;
* ներկայացողները կարող են ուշանալ;
*չուշացածները ներկայանում են սահմանափակ ժամանակով, որի լրանալուց հետո հետ են գնում։
Նույնը ավելի մեծ չափով վերաբերելի է կամավորներին։ Հատուկ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել – սրանք այս տիպի բանակների համակարգային, բնական թերություններն են։ Ոչ թե ֆեոդալներն են վատը (թեպետ նրանք կարող են վատը լինել), այլ այս համակարգն է այդպիսին։
Սա նշանակում է, որ թեպետ Եկեղեցու բանակը քանակապես էականորեն գերազանցում է Նիկոլի բանակին, սակայն «վճռական ճակատամարտի» օրը Էջմիածնում (կամ որտեղ որ լինի այդ «ճակատամարտը») կարող է մարդ չլինել։ Ընդ որում՝ այս պահին նախաձեռնությունը Նիկոլինն է, այսինքն՝ ինքն է որոշում, թե որ օրը և որտեղ է լինելու հաջորդը, ինչպես նաև ինքն է որոշում, թե այս մեկը դարձնի՞ վճռական, թե՞ հիմա նահանջի։
Իրավիճակի այս նկարագրությունը, հասկանում եք, շատ անհուսադրող է, քանի որ ակնհայտ է, որ վաղ թե ուշ հերթական «ճակատամարտի» տեղում Նիկոլը ստանալու է բավականին բարենպաստ պայմաններ։ Զուտ վիճակագրորեն բազմաթիվ փորձերի ընթացքում մի օրը լինելու է խիստ բարենպաստ։
Բայց սա իրերի ներկա դրվածքն է, որից էլ պիտի ելնենք։ Ու հետևաբար մեր խնդիրը հանգում է հետևյալին․ ինչպե՞ս ֆեոդալական տիպի բանակով երկար տարածության վրա հետ մղել պրոֆեսիոնալ կադրային բանակի հարձակումները։ Ոչ թե կոնկրետ ճակատամարտ(եր) հաղթել, այլ՝ պատերազմը։
Այնպես չի, թե ես ունեմ պատրաստի պլան, սակայն որոշ անհրաժեշտ ու բավականին ակնհայտ բաներ կարելի է առաջարկել։ Ու հուսով եմ, որ իմ այս առաջարկելիքները նաև խթան կլինեն, որ ավելի ողջամիտ և արդյունավետ քայլեր են առաջարկվեն ուրիշների կողմից և, հուսով եմ նաև, համապատասխան քննարկումների առիթ կլինեն հենց Եկեղեցու ներսում։
1․ Ամենահրատապն իմ կարծիքով այն է, որ Վեհափառին կից պետք է ստեղծվի օպերատիվ կառավարման մարմին, որը պիտի ունենա ճգնաժամային իրավիճակներում արագ որոշումներ կայացնելու լիազորություն (մոտավորապես ГКО–յի անալոգը)։ Այն չպիտի փոխարինի Եկեղեցու կառավարման գործող մարմինները, ինչպես ГКО-ն չէր փոխարինել կառավարությանը։ Այդ մարմնում պիտի ներառվեն առավել եռանդուն և լայնախոհ հոգևորականներ։
2․ Հաշվի առնելով Եկեղեցու բանակի ֆեոդալական բնույթը, անհրաժեշտ է վերը նշված թերությունները գոնե մասամբ չեզոքացնել բարելավելով Եկեղեցու և իր դաշնակիցների միջև կոմունիկացիան։ Մասնավորապես դաշնակիցների հետ պիտի հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեն նրանց մասնակցության մասին։ Օրինակ՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե ով մոտավորապես ի՞նչ ծավալով, ինտենսիվությամբ և տևողությամբ կարող է միանալ, երբ կարիք առաջանա։ Միաժամանակ համաձայնեցված գործելու համար պիտի առանձնացվեն կոնտակտային անձեր, ովքեր կապահովեն տեղեկությունների օպերատիվ փոխանակումը, իսկ ճգնաժամի օրերին նաև բուն համաձայնեցումը։
3․ Թեպետ, ինչպես ասեցի, Նիկոլը կարող է իր բանակը երբ ու ուր ուզում է տանել, սակայն իրականում այդ կարողությունը բացարձակ չէ։ Օրինակի համար․ որևէ խաղաղ քաղաքական բողոքի թեկուզ փոքր ակցիա պայմանական Թալինում և Թալինի քպ-ական ակտիվը մեծ հավանականությամբ չի կարողանա ներկայանալ Նիկոլի կանչով։ Սա զուտ որպես հիպոթետիկ օրինակ․ միտքն այն է, որ անհրաժեշտ է քայլեր նախապատրաստել՝ ջլատելու և հյուծելու համար Նիկոլի կադրային բանակ և մոբռեսուրսի ուժերը (ինքին հասկանալի է, որ այստեղ և ամենուր խոսքը բացառապես խաղաղ և օրինական քայլերի մասին է)։
4․ Նիկոլի բանակը նաև խոցելիություններ ունի։ Դրանք հիմնականում երկուսն են․
* Այդ բանակի հիմնական շերտը, այսպես ասենք, բնավ հասարակության սերուցքը չէ։ Հայհոյախոս քաղաքապետ-մաղաքապետները, շիրիմների վրա տրնգի տվող «մտավորականները», կիսահարբած խուլիգանախմբերը, ևն, ևն – այս մասսան ուղղակի գտածո է։
* Նիկոլին միացած եպիսկոպոսները ոնց որ հատուկ ընտրված լինեն։ Դրանց առնվազն կեսը պարբերաբար մամուլում սկանդալային պատմություններով են հիշատակվել, ունեն հանրային շատ վատ համբավ ու որևէ կերպ նրանց որպես Եկեղեցու բարենորոգիչ չի լինում փաթեթավորել։
Այս երկու հանգամանքները, չնայած քարոզչական մեծ ջանքերին, Նիկոլի վարած պատերազմը զրկում են «արդար պատերազմ» լինելու պսակից և, հետևաբար, հանրային աջակցությունից։ Անգամ հակագարեգինյան տրամադրված զանգվածներից ԼՐԱՑՈՒՑԻՉ մարդկային ռեսուրս Նիկոլը հազիվ թե կարողանա հավաքագրել։ Եվ ճիշտ հակառակը․ Եկեղեցին որպես անարդարացիորեն հալածվող՝ ունի՛ չեզոք զանգվածներից մարդ հավաքագրելու պոտենցիալ (ինչպես այդ պոտենցիալը ռեալիզացնել, առանձին մտածելիք է)։ Եկեղեցական կյանքից հեռու հանրային որոշ շերտերից տարբեր մարդիկ իրականում արդեն իսկ իրենց աջակցությունն են հրապարակային հայտնել․ բազմաթիվ աթեիստներ, քաղհասարակության իրենց քարոզած արժեքները չուրացած ներկայացուցիչներ, ևն։
* Քանի որ խոսք եղավ քարոզչական ջանքերի մասին, հարկ է նշել, որ Նիկոլի ևս մեկ թուլություն է անհաջողությունը քարոզչական ճակատում։ Այստեղ անհաջողություն ասելով նկատի ունեմ ներդրված ռեսուրսների համեմատ ստացած համեստ արդյունքը։ Չնայած ամբողջ քարոզչամեքենան․ պատգամավոր ու նախարարից սկսած, Հ1-ով ու այլ աղբամեդիաներով վերջացրած արդեն կես տարուց ավել է հակաեկեղեցական քարոզչությանն է միացել, սակայն փաստ է, որ հանրային բավարար արձագանք չգտան ոչ «Վեհարանը Վեհի» կռիչալկան, ոչ կուսակրոնության ուխտի խախտման մասին բամբասանքները, ոչ 18+ վիդեոները, ոչ «ԿԳԲ-ի գործակալ» կեղծիքը, ոչ էլ «բարենորոգման հանձնաժողով» կոչեցյալ խմբակը։ Մարդիկ մեծ հաշվով թքած ունեին՝ անկախ այն հանգամանքից հավատացին այդ քարոզչությանը, թե ոչ։ Սխալ կլինի ասել, թե արդյունքը զրո էր (օրինակ ոմանք, ովքեր միգուցե կգնային Եկեղեցուն պաշտպանելու, հիմա տանը կմնան), սակայն ակնհայտորեն սպասվածը չէր։ Անգամ Նիկոլն էր տարակուսում, թե ինչի ոչ մեկին հետաքրքիր չի Կաթողիկոսի մասին իր տարածած բամբասանքները։
Այս հանգամանքը, որ քարոզչական ճակատում տապալվել են, իսկ այդ ճակատում Նիկոլն ավանդաբար ուժեղ էր, հնարավորություն է տալիս հենց մեդիայում ուժեղ հակազդեցություն կազմակերպել։ Ընդ որում՝ այս գործում Եկեղեցին ունի բնական դաշնակից – Նիկոլից անկախ մամուլը։ Այո, երբեմն այդ մամուլի ներկայացուցիչներն էլ իրենց որոշակի մերժելի վարք են թույլ տալիս, բայց միևնույնն է հենց այդ մարդիկ էին, որ վաղաժամ բացահայտել էին, թե ովքեր են ուրացող եպիսկոպոսները, հենց այդ մարդիկ էին, որ ի ցույց դրեցին Գյումրիի ֆիասկոն, հենց այդ մարդիկ են, որ ի ցույց են դնում նիկոլական խուլիգանախմբերի դեմքը (բառիս բուն և փոխաբերական իմաստներով)։ Ու Նիկոլից անկախ մամուլը և լրագրողները շատ մեծ ավանդ ունեն այն հարցում, որ Նիկոլին դեռևս չի հաջողվել զավթել Եկեղեցին։ ԿԱՐԵՎՈՐ ԸՆԴԳԾՈՒՄ – քարոզչական ճակատում Նիկոլի տապալումը դեռ շամպայն բացելու առիթ չէ։
Եվ հետևաբար մամուլի հետ աշխատանքները ինտենսիվացնելը, այդ թվում՝ Եկեղեցու մասին որոշակի լուսավորչական աշխատանքը Եկեղեցու համար խիստ առաջնահերթություն է։ Այդպիսի լուսավորչական աշխատանքը պետք է, որպեսզի այն լրագրողները, ովքեր ի սկզբանե հեռու են եղել եկեղեցական կյանքից, ճիշտ պատկերացնեն, թե ինչ է նշանակում օրինակ Կաթողիկոսի անունը պատարագին չհիշատակելը կամ ինչ է նշանակում այլ եպիսկոպոսի կանոնական տարածք ներխուժելը, ևն։ Անշուշտ, Եկեղեցին նաև պիտի ընդառաջ գնա և պատրաստակամ լինի պատասխանել լրագրողների հարցերին (դիցուք Արշակի Սրբազանի հարցազրույցը այդ իմաստով շատ հաջող ստացվեց)։ Նաև խիստ օգտակար են հոգևորականների «ազատ ոճի» շփումները լրագրողների հետ, ինչպես օրինակ՝ Տեր Վրթանեսի հարցազրույցն էր։
5․ Մեկ այլ ճակատ, որտեղ Եկեղեցին կարող է ավելի նախաձեռնողական լինել, իրավական ճակատն է։ Ցավոք սրտի իրավական գործիքակազմը գրեթե չի կիրառվում, հավանաբար նկատի ունենալով, թե միևնույնն է ռեժիմի ենթակա դատաիրավական համակարգում որևէ արդյունքի հնարավոր չէ հասնել։ Դա մոլորություն է հետևյալ պատճառներով․
* Նախ անգամ դատաիրավական համակարգում Նիկոլի իշխանությունը դեռևս բացարձակ չէ ու ռեժիմի կամքին հակառակ որոշումներ դեռ շարունակում են կայացվել։
* Նաև պիտի հստակեցնել, թե ի՞նչն է ակնկալված արդյունքը։ Եթե Եկեղեցու դեմ ապօրինություններ գործած բոլոր անձանց արարքների լիարժեք իրավական գնահատական, ապա, իհարկե, այդպիսի արդյունք չի լինի։ Բայց արդյո՞ք նիկոլական ռեժիմն այնքան ռեսուրս ունի, որ ի վիճակի է բացարձակ անձեռնմխելիություն ապահովել իր խուլիգանախմբերի բոլոր անդամների համար։ Դատական հայցերը կամ առանձին դեպքերում հարցուցված քրեական վարույթները լրացուցիչ գլխացավանք ու զսպող հանգամանք են։ Շարքային խուլիգանը ինչքան էլ իրեն անպատիժ զգա, լրացուցիչ անգամ հարցաքննության կամ դատարան ներկայանալու ցանկություն հազիվ թե ունի։ Եվ վերջապես անգամ քրեական վարույթներ ապօրինաբար չհարուցելու դեպքերը կամ դատարանի որոշմամբ բացված վարույթներով անգործության դեպքերը, եթե այդ ամենը համակարգված փաստագրվեն ու հանրայնացվեն, նույնպես խիստ օգտակար են։ Նախ դրանք Եկեղեցու դեմ հալածանքները փաստող լրացուցիչ ապացույցներ են այսօր, այդ թվում՝ միջազգային մակարդակում ու երկրորդ, դրանք կարևոր ապացույցներ են ապագայում «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Նիկոլի և մյուսների» գործի համար։
6․ Եկեղեցու դեմ Նիկոլի հարձակման հիմնական պատճառն այն է, որ Եկեղեցին կազմակերպված, ինքնուրույն կառույց է, ինչը ցանկացած բռնապետության համար գլխավոր սպառնալիքն է։ Միամիտ են այն մարդիկ ու հոգևորականները, ովքեր անկեղծ կարծում են, որ այս հարձակումները չէին լինի, եթե Եկեղեցին «քաղաքականությամբ չզբաղվեր» (Եկեղեցին ու եկեղեցականները իրավունք ունեն և ավելին՝ պարտավոր են զբաղվել քաղաքականությամբ)։ Եկեղեցու դեմ այս ռեժիմի հարձակումները սկսվել են առաջին իսկ օրվանից, երբ Մայր Աթոռը միանգամայն լոյալ էր նոր իշխանությունների հանդեպ։ Մի՞թե տխրահռչակ «նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ժամանակ Եկեղեցին «քաղաքականությամբ զբաղվում էր»։
Ասվածը նշանակում է, որ սա ոչ թե հալածանք է միայն Հայ Եկեղեցու նկատմամբ, այլ՝ առհասարակ կրոնական կազմակերպությունների դեմ հարձակման առաջին ալիքն է։ Առաջինը թիրախում ընտրվել է ամենազորեղ կազմակերպությունը, որի ոչնչացումից կարճ ժամանակ հետո հերթը հասնելու է մյուսներին։ Զուտ այն բանի համար, որ մյուսները նույնպես կազմակերպված ինքնուրույն կառույցներ են։ Ու նրանց քաղաքական չեզոքությունը որևէ նշանակություն չունի․ իրենց գոյության փաստն ինքնին բռնապետության համար վտանգ է ներկայացնում։ Ընդ որում՝ մյուս կազմակերպությունները նաև հանրային այսպիսի լայն աջակցություն չեն ունենալու։
Այսինքն՝ այս պրոցեսը ընդհանուր հակաքրիստոնեական ու հակակրոնական պրոցես է։ Ի դեպ, օրինակ՝ այս պրոցեսներով հետաքրքրվող արևմտյան կրոնական գործիչները սա շատ լավ հասկանում են ու հենց որպես հակաքրիստոնեական էլ գնահատում են։ Եվ հետևաբար անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել նաև և Հայաստանում, և դրսում այլ կրոնական կառույցների հետ ևս (ու սա անկախ փոխադարձ վերաբերմունքից)։
7․ Խիստ անհրաժեշտ է վաղաժամ նախապատրաստվել այն բանին, երբ նորանոր եկեղեցիներ կզավթվեն ռեժիմի կողմից։ Այսօր արդեն իսկ ունենք մի իրավիճակ, երբ Օհանավանի հավատացյալները զրկված են հաղորդություն ստանալու, մկրտվելու, պսակվելու, ևն հնարավորությունից։ Նույնը կարող է պատահել այլ եկեղեցիների դեպքում նույնպես։ Եվ հետևաբար, անհրաժեշտ է քահանաներին նախապես պատրաստել, եթե կուզեք՝ ինստրուկտաժ անել, թե ինչ գործողություններ պիտի նրանք կատարեն նախքան հավանական զավթումը, և ինչ գործողություններ՝ զավթման պարագայում։ Եվ ոչ միայն քահանաները․ նաև սարկավագները, դպիրները ու աշխարհական հավատացյալները։ Օրինակ՝ քահանաները յուրաքանչյուր համայնքում պիտի նախապես ընտրեն դաշտային պատարագների ու այլ ծեսերի համար պատշաճ վայրեր և հավատացյալ ժողովրդին նախապես բացատրեն, թե զավթման պարագայում ուր և ինչու պիտի գնան։ Քահանաներն ու Եկեղեցու մյուս սպասավորները նաև պիտի նախապես անհրաժեշտ իրավական խորհրդատվություն ստանան, որպեսզի հստակ իմանան, թե իրենց հանդեպ ոտնձգությունների պարագայում ինչ արդյունավետ իրավական քայլեր ձեռնարկեն։
8․ Եվ ամենակարևորը, անշուշտ, սեփական օրակարգով անշեղորեն շարժվելն է։ Դրա լավագույն օրինակը Մայր Աթոռի ասպատակության օրը Վեհափառի պահվածքն էր, երբ Գարեգին Բ-ն չնայած տաճար ներխուժել փորձող խուլիգանախմբերին, հանդարտ ու անվրդով շարունակեց հնչեցնել իր հայրապետական խոսքը։ Սա, կներեք պաթոսի համար, բայց նավը փոթորկող ծովում վարող նավապետի կեցվածք էր, որը պիտի օրինակելի լինի շարքային նավաստիներիս համար։
Հ․Գ․ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ ինչ-որ հարցերում կարող եմ սխալված լինել, ինչ-որ հանգամանքներ հաշվի չառած։ Սրանք զուտ որոշակի ի սկզբանե հախուռն մտքեր էին, որոնք փորձեցի համակարգել որոշ չափով։ Շատ շնորհակալ կլինեմ առարկությունների, լրացումների, առաջարկների համար։
Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
«Ուղտերի երթը» և հերձվածողի սուրբծննդյան սրբապղծությունը․ Լևոն Զուրաբյան
Տարբեր ծախու հոգևորականներ, որոնք Փաշինյանի կողմից դարձել են ձեռնասուններ, ամեն ինչ անում են իրենց իսկական «տիրոջը» հաճոյանալու համար
Աշխարհիկ պետության վախճանը. Փաշինյանի «պետական» աղանդը. Սուրենյանց