Ուկրաինայի նախագահի աշխատակազմի թելեգրամ-ալիքը հաստատել է տեղեկությունը, որ ստացել է ուկրաինական կարգավորման Թրամփի ծրագիրը, և Վլադիմիր Զելենսկին մոտակա օրերին պատրաստվում է այն քննարկել ԱՄՆ նախագահի հետ:
Կա՞ արդյոք նման պայմանավորվածություն, թե Ուկրաինայի նախագահը փորձում է պատասխանի համար ժամանակ շահել, պարզ կլինի ամենամոտ ժամանակներս: Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Երմակը «մնացել է Թուրքիայում, որտեղ սպասվում է նրա հանդիպումը Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ»:
Ռուսաստանը դեռևս ուկրաինական կարգավորման Թրամփի ծրագրի վերաբերյալ պաշտոնական տեսակետ չի հայտնել: Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից զատ նորություն չկա:
Տեղեկատվական բացը փորձել է լրացնել «Նեզավիսիմայա գազետան»՝ ի մի բերելով արևմտյան մամուլում վերջին երկու օրերին տեղ գտած «արտահոսքերը»: Ըստ այդմ՝ Թրամփի ծրագիրը բաղկացած է 28 կետից, որ շարադրված են «չորս բաժնում»:
Պարբերականը համադրել է առկա բոլոր տեղեկությունները և ստացել այսպիսի պատկեր. «Ռուսական զորքերը կանգնեցնում են առաջխաղացումը, ետ քաշվում ներկայումս վերահսկվող տարածքների փոքր մասից:
Ղրիմի և Դոնբասի Ռուսաստանին միացումը ճանաչվում է ինչ-որ երկրների, բայց ոչ Ուկրաինայի կողմից»:
Ուկրաինայի իշխանությունները պարտավորվում են նվազագույնը մի քանի տարով սառեցնել ՆԱՏՕ-ին անդամակցությունը, զգալիորեն կրճատել բանակի թվակազմը, ռուսերենը հռչակել պետական երկրորդ լեզու, չեղարկել Մոսկվայի պատրիարքության Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու դեմ հալածանքները, Դոնբասի շրջանների մի մասը ճանաչվում է ապառազմականացված:
Ծրագրի համաձայն՝ Ռուսաստանը «պետք է խոստանա չհարձակվել Ուկրաինայի և այլ երկրների վրա, ինչպես նաև ինչ-որ գումար վճարի Կիևին»: Բրիտանական The Telegraph-ի աղբյուրն այդ գումարն անվանել է «Դոնբասի վարձակալության վճար»: Ըստ ռուսաստանյան պարբերականի, ծրագրում «ոչ մի խոսք չկա պայմանավորվածությունների կատարման երաշխիքների մասին»:
Եթե այս տեղեկատվությունն, իրոք, այն է, ինչ Միացյալ Նահանգները ներկայացրել է Կիևին և Մոսկվային, ապա կարելի է, թերևս, ասել, որ ծրագիրը կազմված է «հաղթել չի կարելի պարտվել» սկզբունքով, որտեղ ստորակետ պետք է դնեն պատերազմող կողմերը:
Եվ դա թե Կիևի, թե Մոսկվայի համար չափազանց բարդ, գրեթե անիրականացնելի է, քանի որ թվարկված համարյա թե բոլոր կետերը ենթադրում են երկու երկրներում սահմանադրական փոփոխություններ:
ԱՄՆ նախագահի համար, անշուշտ, պատերազմի դադարեցումը մեծագույն ձեռքբերում կլինի, բայց Վլադիմիր Պուտինը կհամաձայնի՞ փաստացի ռազմատուգանք վճարելու կամ Դոնբասի շրջանների մի մասն ապառազմականացնելու, գրաված որոշ տարածքներ Ուկրաինային վերադարձնելու առաջարկին:
Այն էլ այն դեպքում, երբ Ղրիմի և մյուս տարածքների նկատմամբ Ռուսաստանի իրավազորությունը «պետք է ինչ-որ երկրների կողմից ճանաչվի, բայց ոչ Ուկրաինայի»: Նույն, գուցե ավելի ծանր փորձություն սպասում է նաև Վլադիմիր Զելենսկուն:






Բաց մի թողեք
Հռոմի պապը ևս խաղաղություն է խնդրում․ Երկխոսություն՝ հակամարտություններին վերջ դնելու համար
Չարլզ III թագավորը` «խորացող բաժանումից» հետո, կոչ է անում հաշտեցման և միասնության. Լուսանկարներ
Կարճ ներկայացման մոխրագույն գիծը․ Ինչո՞ւ Չաուշեսկուն ընկավ․ Այսօր նրա ու կնոջ մահապատժի օրն է. բացառիկ․ Լուսանկարներ