27/07/2024

Պատժամիջոցները շրջանցելու քաղաքական ռիսկի դիմաց Անկարան Մոսկվայից ավելին է ակնկալում

Միջազգային մամուլը վերջին օրերին մի քանի անգամ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի մասին Ռուսաստանի նախագահ Պուտինի «նշանակում է՝ նա մեր մարդն է» արտահայտությանը:

Պուտինը, ինչպես հայտնի է, հիշել է Բլինքենի խոսքը, որ իր պապը հրեական ջարդերից փրկվել եւ Ռուսաստանից տեղափոխվել է ԱՄՆ: Կրեմլի «խոհանոցը» պեղել եւ պարզել է, որ Բլինքենի նախապապը ծնվել է Պոլտավայում, իսկ ԱՄՆ տեղափոխվել է Կիեւից՝ 1904 թվականին: «Եթե ԱՄՆ պետքարտուղարն ասում է, որ իր նախապապը Ռուսաստանից է տեղափոխվել ԱՄՆ, ուրեմն ընդունում է, որ ոչ մի Ուկրիանա պետություն չի եղել» – Բլինքենին «մերկացրել է» Ռուսաստանի նախագահը եւ ծաղրել. «Հետեւաբար, նա մեր մարդն է»:

Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվելու լինենք, ապա համարենք, որ չի եղել նաեւ Ֆինլանդիա կամ Լեհաստան, որովհետեւ Բլինքենի նախապապը նույն հաջողությամբ կարող էր ԱՄՆ տեղափոխվել Ռուսաստանից՝ մինչ այդ բնակված լինելով Հելնսինգֆորսում կամ Գդանսկում: Բայց հետաքրքիր է, որ Բլինքենի պուտինյան «մերկացումից» ոգեւորվել են նաեւ Թուրքիայում:

dicGazete-ն, մասնավորապես գրում է, որ Ուկրաինայի մասին Պուտինի ասածը` Ուկրաինան ստեղծել է Խորհրդային Միությունը, բոլորովին էլ մասնավոր-առանձնակի վերաբերմունք չէ, նա նկատի է ունենում նախկին խորհրդային բոլոր հանրապետություններին, այդ թվում՝ Ադրբեջանին եւ Կենտրոնական Ասիայի երկրներին:

Ասել, թե Թուրքիայում աջակցում են Ուկրաինան ոչնչացնելու կամ մասնատելու պուտինյան նախագծին, ակնհայտ սխալ է: Թուրքիային, ամենայն հավանականությամբ, գոնե այս փուլում ձեռնտու է ռուս-ուկրաինական պատերազմի երկարաձգումը, Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության խորացումը, քանի որ այդ դեպքում Անկարան կողմերից յուրաքանչյուրի հետ լայն քննարկումների դաշտ է ստանում:

Թուրքիայի արտահանող ընկերությունների ասոցացիան այս տարվա առաջին ամսվա տվյալներ է հրապարակել: Ըստ այդմ, նախորդ տարվա հունվարի համեմատ Թուրքիայից Ռուսաստան արտահանման ծավալները կրճատվել են շուրջ քառասուն տոկոսով: Գումարային արտահայտությամբ դա մոտ չորս հարյուր միլիոն դոլար է:

Մամուլում արտահոսք է հայտնվել, որ Պուտինի Անկարա այցը հետաձգվել է, որովհետեւ Թուրքիան ռուսաստանյան գազի ներկրման երեք նախապայման է առաջադրել. Թուրքիա մատակարարված գազի հետագա վերավաճառքի եւ այլ գործարքրների հետ Ռուսաստանը ոչ մի առնչություն չպետք է ունենա, գազի գնի համար պետք է կիրառվի քսանհինգ տոկոսի զեղչ, իսկ վճարումների համար տրվի երկամյա տարկետում:

Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալների կրճատումն, իհարկե, պայմանավորված է նաեւ Թուրքիայի նկատմամբ Արեւմուտքի գործադրած «կանխարգելիչ քայլերով»: Պատժամիջոցները շրջանցելու քաղաքական ռիսկի դիմաց Անկարան Մոսկվայից ավելին է ակնկալում եւ, թերեւս, պահանջում: Այս համատեքստում Մոսկվա-Վաշինգտոն լարվածության համար մամուլում կարելի է Պուտինին հերոսացնել, բայց գործնականում սեփական խնդիրների լուծման հավելյալ լծակներ ստանալ եւ հարկ եղած դեպքում կիրառել:

Համասլավոնական համերաշխության փլուզումը, երեւի, վերջին երկու հարյուր տարում Թուրքիայի ամենամեծ բոնուսն է: Անկախ նրանից, թե դրանում ո՞րն է Անկարայի դերակատարությունը: Իսկ թե ի՞նչ կտա դա Ռուսաստանին՝ անհայտ է: Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջամիլեւն այսօր Ղրիմում բնակվող թաթարներին հավաստիացրել է, որ Ուկրաինան թերակղզին մայրցամաքային Ռուսաստանին կապող կամուրջը եւ անհնազանդության կոչ արել՝ խոստանալով առաջիններից մեկը մտնել Սիմֆերոպոլ: Ընդ որում՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ: Անշուշտ՝ խորհրդանշական ուղերձ է, ինչից Թուրքիայում ակնհայտորեն շատ ավելի կոգեւորվեն, քան ԱՄՆ պետքարտուղարի պուտինյան «մերկացումից»: