05/10/2024

Ռուսաստա՞նն է Ալիեւին դրդում գնալ լարվածության

Վերջին օրերին քաղաքական եւ փորձագիտական տեսակետ է գեներացվում, որ «եթե Ռուսաստանը որոշի, Ադրբեջանը Սյունիքում ուժով կբացի միջանցքը, ուստի չարյաց փոքրագույնը միջանցքի հսկողությունն Ռուսաստանին հանձնելն է»:

Ոչ ոք, կարծես, չի փորձում անդրադառնալ ոչ պակաս կարեւոր մի հարցի. «Իսկ «միջանցքի» գլխավոր շահառու Թուրքիան համաձա՞յն է, որ Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ իր հաղորդակցությունը ռուսական հսկողության տակ գտնվի»:

Anadolu պետական գործակալությունը խմբագրական վերլուծություն է հրապարակել, որ անդրադառնում է Եվրամիություն-Կենտրոնական Ասիա հաղորդակցության խնդրին: Այսպես կոչված «միջին միջանցքն» արդեն գործում է. Կենտրոնական Ասիայից բեռները հասնում են Ադրբեջան, Բաքու-Կարս երկաթուղով՝ Թուրքիա, իսկ այնտեղից՝ Եվրամիության երկրներ: Եվրահանձնաժողովը որոշել է տասը միլիարդ եվրո ծախսել՝ արդիականացնելու լոգիստիկան: Թե ինչ է դա նշանակում՝ կիմանան մասնագետները:

Էական է, որ Թուրքիայի պաշտոնական խոսափող լրատվամիջոցն ընդգծում է, որ Կենտրոնական Ասիա-Եվրամիություն բեռնափոխադրումների ամենակարճ երթուղին Ադրբեջան-Թուրքիան է, որ կգործի, երբ «բացվի Զանգեզուրի միջանցքը»: Չնայած Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները բարդ են, բայց ապրանքաշրջանառության եւ առեւտրի ծավալներն աճում են,- գրում է Anadolu-ի հեղինակը: Հասկացվում է, որ Բաքու-Կարս երկաթուղու թողունակությունը Կենտրոնական Ասիա-Թուրքիա-ԵՄ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հեռանկարին չի համապատասխանում, կա «երկրորդ գծի անհրաժեշտություն»:

Եվրահանձնաժողովի նախատեսած տասը միլիարդ եվրոյի ծախսերում Սյունիքում հաղորդակցության վերականգնման ծրագիր կա՞, քննարկվու՞մ է: Ֆրանսիայի հասցեին Իլհամ Ալիեւի հռետորաբանությունը դեռեւս վկայություն չէ, որ Բաքուն Բրյուսելի հետ «Զանգեզուրի միջանցքի» թեմա չի քննարկում կամ Եվրամիությունը միանշանակորեն սատարում է «միջանցքի» նկատմամբ Հայաստանի բացարձակ ինքնիշխանությանը: Հակառակ դեպքում Anadolu-ի խմբագրականը չէր եզրափակվի նման բազմանշանակ ձեւակերպումով. «Ի՞նչ երթուղով կտեղափոխվեն «մետաքսը եւ համեմունքները»՝ կապրենք, կտեսնենք»:

Կանխատրամադրվածությունը, որ «ռուս-թուրքական շահերը համընկնում են, եւ Մոսկվան զոհաբերում է Հայաստանի ինքնիշխանությունը» կամ «չարյաց փոքրագույնը ռուս-թուրքական համաձայնությունների միջակայքում հնարավորինս նվազ կորուստներով տեղավորվելն է»՝ իրական քաղաքականության հետ ի՞նչ առնչություն ունեն: Եթե ամեն ինչ այդքան հեշտ եւ պարզունակ լիներ, ապա իրավիճակն այսքան բարդ, բազմապլան եւ բազմաշերտ չէր լինի:

Ի վերջո, երեւի, պետք է ընդունել, որ Ալիեւը քաղաքական կամիկաձե չէ եւ 2020 թ. սեպտեմբերի 27-ի հարձակման հրամանը համաձայնությունների դրսեւորում էր: Այլ բան է, որ մենք խնդիրներից տեսնում ենք այն, ինչ «ջրի երեսին է»: Իսկ ի՞նչ կա խորքում: Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն Իլհամ Ալիեւը դրական է գնահատել, բայց սահմանին իրավիճակն ավելի անկայուն է, քան մինչ այդ էր: Ռուսաստա՞նն է Ալիեւին դրդում գնալ լարվածության: