22/11/2024

Հայտնի է՝ երբ կհուղարկավորեն Նավալնիին

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը նշանակված է փետրվարի 29-ին, հայտնում է SHOT թելեգրամյան ալիքը։

Նախնական տվյալներով՝ նրան կարող են հուղարկավորել Մոսկվայի Բորիսովսկոյե, Տրոեկուրովսկոյե կամ Խովանսկոե գերեզմանատներում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին: Քննիչները Ալեքսեյ Նավալնիի փաստաբաններին և մորն ասել էին, որ չեն հանձնի դիակը:

Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ թույլ տալու համար տեսնել որդուն, ապա Լյուդմիլա Նավալնային ցույց էին տվել որդու մարմինը։

Նրա խոսքով՝ իշխանությունները պայմաններ էին դրել, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Նավալնին։ Մայրը չէր համաձայնել և պահանջել էր պահպանել օրենքը, որը պարտավորեցնում է քննիչներին դիակը հանձնել մահվան պատճառը պարզելու պահից երկու օրվա ընթացքում։ Այնուհետև քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը: