27/07/2024

Ալեն Սիմոնյանը՝ Զելենսկու այցի, Փաշինյանի հետ հարաբերության, պատերազմի վտանգի ու եղբոր կնոջ անմեղության մասինմասին

«Նոր ընտրությունները անթույլատրելի են, դրանք պատասխանատվությունից փախչել է, և ՀՀ քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են ու նման հարց չի քննարկվում և չի քննարկվել»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Մենք վերցրել ենք պատասխանատվություն և մինչև վերջ կտանենք, մենք առաքելություն ունենք՝ ՀՀ և տարածաշրջան խաղաղություն բերել, դրանից հետո ընտրությունների ժամանակ մենք կներկայացնենք մեր տեսլականը, ընդդիմությունը՝ իր տեսլական և ՀՀ ժողովուրդը ազատ, արդար ընտրություններով կնտրի այն իշխանությանը, որը ճիշտ կգտնի»:

Խոսելով պատերազմի մասին Սիմոնյանը նկատեց՝ պատերազմ կանխատեսելն անշնորհակալ գործ է. «Բայց մեր կողմից ամեն ինչ արվել է ու արվում է, որ նման վտանգ չլինի»:

Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է գերիների վերադարձի հարցով բանակցությունները․ «Այս պահի դրությամբ՝ մոտ 25 գերի կա Արբեջանում, իրենց հետ կապված բանակցությունները շարունակվում են»։

ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ տարվում է շատ վաղուց, ինտենսիվ և բացահայտ ձևով․ «Երբ որ տարբեր ռուսական քարոզիչներ, ցավոք հաճախ հայկական աղավաղված ազգանուններով ՀՀ-ում միտինգներ և երթեր են անոնսում և դրանց մասին խոսում, ուստի հիբրիդային պատերազմի մասին խոսելը արդեն մովետոն է»:

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ՀՀ այցի մասին լուրերին Սիմոնյանն ասաց, որ նման տեղեկություն այս պահին գոյություն չոււնի. «Բայց եթե նման այց լինի կարծում եմ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե Հայաստան»:

«Եթե վարչապետը կկարծի, որ ինձ ասելիք ունի, մենք մշտապես շփման մեջ ենք, ազնիվ, անկեղծ շփման մեջ»: Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե վերջին շրջանում խոսվում է, որ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում լարվածություն կա․ «Իմ և ՀՀ վարչապետի հարաբերությունները ինստիտուցիոնալ հիմքի վրա են, նաև ընկերական հիմքի վրա, և նման բան պնդելը նշանակում է չիմանալ մեր հարաբերությունների մասին»:

Ալեն Սիմոնյանը համոզված է, որ իր եղբոր կինը մեղավոր չէ։ Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում․ «Նման բան անհնար է, որովհետև, երբ ծանոթացել եմ այն ամենին, ինչում մեղսագրվում է, իմ համոզմունքն ամրապնդվել է»։

ԱԺ նախագահը, սակայն, պնդեց՝ եթե մարդը մեղավոր է, անկախ նրանից, թե ով է, պետք է կրի համապատասխան պատիժ․ «Նման հարցերը պետք է ստանան իրավական լուծում, և դրանից այն կողմ որևիցե քննարկումն անտեղի է: Չի կարող, ենթադրենք, իմ եղբայրը, կամ ես հանցագործություն գործենք, և երկրի վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը կամ որևիցե պաշտոնյա կանչի, կուլիսում քննարկի և ասի՝ գիտես ինչ՝ քանի որ դու ես, կամ քո եղբայրը, արի «ծածկադմփոց անենք»: Ես վստահ եմ, որ մեղադրանքը սխալմունք է, և ժամանակի ընթացքում պարզ կլինի, բայց դա նաև չի նշանակում, որ համակարգը, պետությունը պետք է կուլիսային արդարադատություն իրականացնի»:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվել էր, ապա՝ գրավի դիմաց ազատ թողնվել: Գործը վերաբերում է Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումներին: