22/11/2024

Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ, ՀԱՊԿ-ին ՀՀ «սառեցումը» քաղաքական, ոչ թե իրավական գնահատական է

«Խաղաղության պայմանագրի բանակցությունները, ըստ էության, այսօր շարունակվում են: Այսօր և վաղը Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հենց խաղաղության պայմանագիրն են բանակցելու, և ըստ այդ բանակցությունների արդյունքների կարող ենք գնահատական տալ, թե ինչ փուլում ենք»:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Գիտեք, որ եղել է առաջարկների յոթերորդ ռաունդը, այսօր և վաղը տեքստի վրա արտգործնախարարները կաշխատեն, և դրանից հետո կհասկանանք՝ արդյոք առաջընթաց գրանցո՞ւմ են այս բանակցությունները, թե՞ դեռ լրացուցիչ բանակցությունների կարիք կա»,- մանրամասնեց Խանդանյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հայ պաշտոնյաները խաղաղության պայմանագրի տեքստի վերջին երկու փոխանակումներից հետո հետընթացի մասին են խոսել, սակայն փակագծեր չեն բացվել՝ ինչ է ցանկանում Ադրբեջանը, որ դա որակվում է որպես հետընթաց, պատգամավորը ասաց՝ ենթադրում է, որ բանակցությունների և պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների ընթացքում հոդվածներում եղել են որոշակի դետալներ, որոնք ընթացքում համաձայնեցված են եղել, բայց հետագա խմբագրումներում Ադրբեջանը հետ է կանգնել այդ համաձայնություններից:

«Մենք շարունակաբար պնդել ենք, որ համաձայնեցված հոդվածների շուրջ պետք է պահպանվեն այդ համաձայնությունները»,- նշեց Սարգիս Խանդանյանը՝ ընդգծելով՝ յուրաքանչյուր խմբագրումից հետո փոփոխություններ են տեղի ունենում, և կարևորել, որ փաստաթղթի բանակցությունները տեղի ունենան ոչ թե օնլայն ռեժիմով, այլ բուն բանակցությունների ընթացքում:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչ հույս կա, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո իր ստորագրության տերը կլինի, Խանդանյանը նկատեց՝ բացահայտում չէ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ:

«Բանակցությունների ընթացքում բանակցված և համաձայնեցված մի շարք դետալներ հետագայում փաստաթղթում իրենց արձանագրումը չեն գտնում, բայց եթե ելնենք այն կանխավարկածից, որ հույս չկա, և ինչ էլ ստորագրվի, հետագայում լարվածությունը չի ավարտվելու, ապա իմաստ չկա բանակցությունների: Մեր բանակցությունների ամբողջ իմաստը դա է, որպեսզի լարվածությունը նվազեցվի, և որոշակի շրջանակ ձևավորվի բանակցային համագործակցության, որից հետո հնարավոր կլինի տարածաշրջանում կայունություն հաստատել»,- նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության «սառեցումը» քաղաքական, այլ ոչ թե իրավական գնահատական է։ Այսպես է պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պարզաբանել Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսպես է մեկնաբանել ՌԴ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ «սառեցման» իրավական ընթացակարգեր գոյություն չունեն, ու Երևանը պետք է կոնկրետացնի իր դիրքորոշումը:

«Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում ոչ մի առաջընթաց չկա, և արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Երևանը չի մասնակցում կազմակերպության գործունեությանը»,-նշել է նա: