25/11/2024

«Իսկական արվեստը երբեք չի ծերանում»,- այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

«Իսկական արվեստը երբեք չի ծերանում, որովհետև այն մշտապես թարմանում է մշտապես նորոգվող կյանքի կողմից: Արվեստագետը չպետք է սարսափի այն բանից, որ ինքն է ճերմակում: Սարսափելին արվեստի ծերությունն է: Այդ իսկ պատճառով էլ պետք է ապրել և աշխատել այնպես, որպեսզի երբեք չծերանա արվեստը»,- այս խոսքերի հեղինակը նկարիչ Մարտիրոս Սարյանն է։

https://JazzBlues.EU Իրոք, նա ստեղծել է արվեստ, որը երբեք ծերանա, մշտապես մարդկանց կգերի իր վառ գույներով ու կզարմացնի հետքրքիր լուծումներով։

Այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1880 թվականին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում: Սարյանի նախնիները այստեղ էին վերաբնակվել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիից: Գաղթի հետևանքով անեցի հայերի մի մասը բնակություն էր հաստատել Ղրիմում: 18 – րդ դարի վերջին Եկատերինա Երկրորդ իշխանուհու հրամանով նրանք վերաբնակվել էին Ռուսաստանի մերձազովյան տափաստաններում:

1895 թվականին Սարյանն ավարտել է Նոր Նախիջևանի քաղաքային հայ-ռուսական հանրակրթական ուսումնարանը: Արդեն դպրոցական տարիներին նրա նկարչական հաջողությունները խրախուսվել էին գովասանագրերով: Դպրոցն ավարտելուց հետո Սարյանն աշխատանքի է ընդունվում փոստային գրասենյակ: Այստեղ ազատ ժամերին նա ամսագրերից պատկերներ էր վերանկարում և գրասենյակ եկող հետաքրքիր մարդկանց ճեպանկարներ էր անում: Սարյանի ավագ եղբայր Հովհաննեսը, քաջալերելով Մարտիրոսի հետաքրքրությունը, նրան ծանոթացնում է իր բարեկամ նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտ Ա. Արծաթբանյանի հետ: Գնահատելով պատանու բնատուր օժտվածությունը՝ Արծաթբանյանը Մարտիրոսին պատրաստում է ընդունելության քննությունների:

«Ես չգիտեմ, թե երբ է նկարիչը ծնվել իմ մեջ: Երևի այն օրերից, երբ լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական հայրենիքի մասին, այն օրից, երբ խաղում էի արևի տակ ու հրճվում բազմապիսի ծաղիկների, թիթեռների, մեղուների գույներով: Գույն, լույս, երազ – ահա ինչով եմ ես այրվել»,- գրել է Սարյանը:

1897 թվականին Մարտիրոս Սարյանը դառնում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող: 1901–1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: Մերձավոր Արևելքի երկրներ` Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.) ուղևորությունների ողջ ընթացքում նկարչին առաջնորդել է արևելյան աշխարհի և ինքն իրեն, որպես այդ աշխարհի մի մասնիկը, ըմբռնելու ձգտումը:

1911 թվականին Եգիպտոս (Կահիրե, Գիզա, Մեմֆիս, Լուքսոր) կատարած ուղևորությունը հարստացրել է Սարյանի արվեստը նոր աշխատանքներով, որոնք դարձան նրա ինքնատիպ ոճի վառ արտահայտումները:

1911 թվականի աշնանը Հռոմի ժամանակակից արվեստի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսում ներկայացված Սարյանի նոր աշխատանքները մեծ հետաքրքրքություն առաջացրին գեղարվեստի աշխարհում: Սակայն նկարչի ստեղծագործության հետագա զարգացումը ընդհատվել է հայ ժողովրդի ողբերգական իրադարձություններով:

«Եվ ահա 1915 թվականին ես լսեցի այն փորձանքի մասին, որ նորից բաժին էր ընկել Հայաստանին: Ամենը թողեցի և գնացի հայրենիք: Էջմիածնում և նրա շուրջը ես հանդիպեցի Թուրքահայաստանի եղեռնից փախած մարդկանց խմբերի: Իմ աչքերի առջև մահանում էին մարդիկ, իսկ ես գրեթե ոչնչով չէի կարողանում օգնել նրանց… Ես ծանր հիվանդացա, ինձ տեղափոխեցին Թիֆլիս՝ հոգեկան խոր խանգարման ակնհայտ նշաններով», – հիշում էր Սարյանը:
Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Բայց առաջինը, ինչ ստեղծել է ծանր ապրումներից հետո, դա կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր:

1918–1919 թվականներին Սարյանը ընտանիքով ապրում է Նոր Նախիջևանում: Նկարիչը դառնում է Ռոստովի հայկական գավառագիտական թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը:

Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ա. Մյասնիկյանի հրավերով 1921 թ. Սարյանն ընտանիքով տեղափոխվում է Երևան` մշտական բնակության: Այստեղ նա հիմնում է հնագիտության, ազգագրության, կերպարվեստի պետական թանգարան, մասնակցում է Երևանի գեղարվեստի ուսումնարանի և կերպարվեստի աշխատողների ընկերության կազմակերպմանը: 1922 թվականին Սարյանի էսքիզներով ստեղծվում են Սովետական Հայաստանի զինանշանն ու դրոշը:
Իր արվեստում Սարյանն այս շրջանում ձգտում է պատկերել Հայաստանն իր շոշափելի գոյությամբ Նկարիչը ուղևորություններ է կատարում Հայաստանի տարբեր շրջաններ, ստեղծում իր աշխատանքները բնության գրկում: Այդ տարիներին Իտալիայում ապրող հայ մեծն անաստեղծ Ավետիք Իսահակյանը, որը հետագայում դառնում է Սարյանի մտերիմ ընկերը, «Հայրենիք» թերթում (Փարիզ, 5 օգոստոսի, 1924թ.) տպագրում է մի հոդված, որտեղ նկարչի արվեստը գնահատում է, որպես հայ մշակույթի զարգացման համար պատմական խոշոր նշանակության երևույթ:

1925 թ. Մարտիրոս Սարյանին շնորհվում է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում:
1950–60ական թվականներին Սարյանը նկարում է նաև այլ ժամանակակիցների, ոչ այնքան խոշոր, բայց մտածող և իրենց ժամանակի ողջ դրամատիզմը ապրող մտավորականների:
1966 թվականին Մ. Սարյանը ստանում է Հայաստանի ԽՍՀ Պետական մրցանակ: Լույս է տեսնում նկարչի «Գրառումներ իմ կյանքից» հուշերի գիրքը (սկզբից հայերեն, ավելի ուշ հրատարակվեց 4 լեզվով): 1967 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում բացվում է Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը: Անհատական ցուցահանդեսներ է ունենուման Ռումինիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում:

Մարտիրոս Սարյանը վախճանվել է 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին:

«Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քան արվեստը»:

«Բնությունը ստեղծել է մարդուն, որպեսզի նրա միջոցով տեսնի իրեն, հմայվի իր հրաշք գեղեցկությամբ»:

Լուսանկարները՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կայքից։