22/11/2024

Հիմա շատ դժվար է մեր բնագծերն աննկատ անցնել. Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին

«Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է մեկ հոգի»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Թե ինչ հոդված է, շուտով Քննչական կոմիտեն հայտարարություն կանի»,- հավելեց նա:

Քոչարյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն էլ է հաստատել, որ մեկ հոգի է սահմանը հատել, երկրորդի մասին խոսք չկա։

Ըստ Քոչարյանի՝ հիմա շատ դժվար է մեր բնագծերն աննկատ անցնել։

«Ամեն անգամ մենք այդ բնագծերի կարողություններն ավելացնելով՝ համարյա հնարավորություն չենք թողնելու՝ նման թափանցումները դառնան իրականություն»,- ասաց նա։

Քոչարյանը դեռ չգիտի՝ ինչ ճակատագիր կունենա ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին. «Հոդվածից է կախված՝ ինչ հոդվածով է մեղադրվում, դրանից հետո ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենանք խոսելու, մենք էլ գերիներ ունենք»:

Լուսադեմին Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ինքնաձիգով և 1 պահատուփով: Վերջինիս հայկական զինված ուժերի զինծառայողները վնասազերծել են:

Ազգային անվտանգության ծառայությունից հաղորդել են, որ դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ Ռուսլան Փանախովը մոլորվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: