21/12/2024

Ozon-ով արված գնումները մեկ ամսից ավել է տեղ չեն հասնում, իսկ գրասենյակում կարծես ոչ ոք չկա

«Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է՝ քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ Ozon ռուսական առցանց առեւտրի հարթակի միջոցով պատվերներ գրանցելուց եւ վճարում կատարելուց հետո գրեթե մեկ ամիս է անցել, սակայն դեռեւս պատվերի առաքում տեղի չի ունեցել։

Խնդիրը լուծելու նպատակով քաղաքացիները դիմել են Ozon-ի առաքման կետեր, սակայն որեւէ բացատրություն ուշացման պատճառների եւ առաքման մոտակա ժամկետների վերաբերյալ չեն ստացել։

Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Ozon-ի գրասենյակային ներկայացուցիչների հետ, սակայն նրանք ողջ օրը այդպես էլ չարձագանքեցին մեր հեռախոսազանգերին։ Այցելեցինք Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող սպասարկման կերտերից մեկը, որպեսզի տեղում զրուցենք ղեկավարներից որեւէ մեկի հետ։ Այնտեղ էլ մեզ փոխանցեցին, որ իրենք եւս չեն կարողանում որեւէ մեկի հետ կապ հաստատել եւ միայն որոշ խոսակցություններից տեղեկացել են, որ բեռնափոխադրող մեքենաներն այժմ գտնվում են Հայաստանի սահմանին, եւ կան որոշակի խոչընդոտներ, ինչի պատճառով չեն կարողանում մուտք գործել մեր երկրի տարածք։

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա հուլիսին Ozon-ը Երեւանում գործարկել էր տեսակավորման կենտրոն, եւ այսօր արդեն Երեւանում գործում են պատվերների ստացման բազմաթիվ կետեր։ Արի ու տես, որ էլի քաղաքացու հարցերը մնում են անպատասխան, քանի որ պատասխանատուները «թռել են», իսկ քաղաքացիները՝ խաբվել»:

«Նախորդ շաբաթ ապրանքների առանձին խմբերի առաքման ժամանակ մաքսային անցակետում բախվեցինք որոշակի դժվարությունների: Խոսքը մարքեթփլեյսում ներկայացված տեսականու ընդամենը 1%-ին վերաբերում։

Մենք հաճախորդներին անմիջապես տեղեկացրել ենք, որ չենք կարող առաքել այդ սահմանափակ թվով ապրանքատեսակները և հայաստանյան շուկայի համար ժամանակավորապես կասեցրել ենք դրանց հասանելիությունը մարքեթփլեյսում։

Մնացած ապրանքները, որոնց առաքումն ուշացել է վերոնշյալ խնդրի պատճառով, կհասնեն պատվիրատուներին մոտակա օրերի ընթացքում։

Անխոս, հաճախորդները պետք է ստանան թարմ տեղեկատվություն առաքման ժամկետների և պատվերի կարգավիճակի մասին։ Մեր աջակցման ծառայության մասնագետները օպերատիվ կերպով պատասխանում են հաճախորդների հարցերին և լրացուցիչ տեղեկացնում առաքման նոր ամսաթվերի մասին։

Նշենք նաև, որ Ozon-ի ստացման կետերն աշխատում են որպես ֆրանչիզա։ Այնտեղ աշխատում են ստացման կետերի սեփականատերերի կողմից ընտրված աշխատակիցներ, որոնք պատասխանատու են միայն հաճախորդին ապրանքը փոխանցելու համար», – «Ozon Հայաստան» ընկերության կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյան։