Այսօր Կասպից ծովը, ցավոք, բախվում է մի շարք լուրջ բնապահպանական մարտահրավերների, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի «Կազինֆորմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Ամենահրատապ խնդիրներից մեկը ջրի մակերեսայնացումն է՝ ջրի մակարդակի արագ անկումը, որը ներկայացնում է ինչպես բնապահպանական, այնպես էլ՝ տնտեսական սպառնալիքներ։ 2022 թվականին Կասպից ծովի վեցերորդ գագաթնաժողովում ես բարձրացրեցի Կասպից ծովի էկոլոգիական հավասարակշռության խախտման հարցը։
Ցավոք, այդ ժամանակվանից ի վեր իրավիճակը միայն վատթարացել է։ Կասպից ծովի ջրի մակարդակը արագորեն նվազում է, և դրա պատճառները չեն սահմանափակվում միայն կլիմայի փոփոխությամբ։
Ստեղծված իրավիճակում կարևոր է, որ բոլոր կասպյան երկրները հաստատեն սերտ համագործակցություն, ակտիվորեն փոխանակեն գիտական տեղեկատվություն և մշակեն հետևանքները մեղմելու համակարգված միջոցառումներ», – ասել է Ալիևը։
Նրա պնդմամբ, Կասպից ծովի մակարդակի անկումը և դրան առնչվող բնապահպանական փոփոխությունները սպառնում են կենսաբազմազանությանը և էկոհամակարգի դիմադրողականությանը, պահանջելով համակարգված միջոցառումներ բնությունը պաշտպանելու և էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար։
«Ավելին, Ադրբեջանը, Ղազախստանը և մերձկասպյան մյուս երկրները կարող են և պետք է ակտիվորեն առաջ մղեն Կասպից ծովը պաշտպանելու նախաձեռնությունները տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։
Աճող միջազգային բնապահպանական ռիսկերի պայմաններում Կասպից ծովը այլևս պարզապես ջրային տարածք չէ և դառնում է մեր համատեղ պատասխանատվության և միասնական գործողությունների անհրաժեշտության խորհրդանիշ», – հավելել է Ադրբեջանի ղեկավարը:

Բաց մի թողեք
Ալիևը Թրամփին անվանել է «իսկական խաղաղության մարդ», Պուտինին՝ «պատերազմի»
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է
Սուտ TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի