27/07/2024

«Ինչու հարուստներինն առաջինը չեք քանդում, կրակի հետ խաղ մի արեք»․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ Երևանի քաղաքապետրանի գործակարգավարական նիստի ժամանակ անդրադառնալով ինքնակամ տեղադրված գովազդների ապամոնտաժման աշխատանքների խոչընդոտներին, հիշեցրեց, որ քաղաքապետարանը մեկ ընդհանուր մարմին է:

«Չենք կարող ունենալ ոչ օրինական գովազդների համար հնարավոր պայքար բոլոր միջոցներով, իսկ այլ ոլորտներում տարբեր խնդրանքներ հենց այդ նույն մարդկանց կողմից։ Սա կարևոր սկզբունք է, որ մենք մեկ ընդհանուր կառույց ենք, մեկ ընդհանուր թիմ, և երբ ինչ-որ մեկը, որևէ սուբյեկտ պայքարում է մեր իսկ, մեր ավագանու կողմից սահմանված կանոնների դեմ և տարատեսակ մեթոդներ է կիրառում, թող չակնկալի այլ հարցերում որևէ տեսակի աջակցություն»,- ասաց Ավինյնաը:

Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանի գործակարգավական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում շինությունների ապամոնտաժման կապակցությամբ եղած որոշ մեկնաբանությունների` սեփականության իրավունք չունեցող մարդկանց դուրս հանելու մասին:

«Երբեմն, երբ նույնիսկ դժվարին որոշումներ ենք կայացնում հանրային տարածքներից վերադարձի հետ կապված` սկսում են այդ խոսակցությունները` «ինչու հարուստներինն առաջինը չեք անում», ուզում եմ հիշեցնել, որ այդ գործընթացն ինտենսիվ կերպով սկսվել է 2022-ի վերջից: Վստահեցնում եմ` նույն օղակաձև այգում, տարբեր այգիներում, որտեղ իրականացրել ենք քանդման աշխատանքներ, հաստատ խեղճ մարդկանց տարբեր օբյեկտներ չեն քանդվել, բայց երբ խոսքը հեկտարներով այգու, դրա մեջ տարատեսակ քոլիկներ քանդելու մասին է լինում, մենք անբեկելի ենք, որևէ կոմպրոմիս հնարավոր չէ, հնարավոր է միմիայն քննարկել այդ մարդկանց, եթե իրականում ունեն կեցության խնդիր, այդ խնդիրների լուծումը: Սա է այն մոտեցումը, որ որդեգրել ենք դեռ 2 տարի առաջ, և այս մոտեցումից հետ չենք կանգնել»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանն ապօրինի շինության քանդման աշխատանքներ է իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում։

Քաղաքապետի հրամանով քանդվելու է Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված 8 բնակելի տուն:

Ապամոնտաժման հետևանքով 2 ընտանիք կապահովվի ժամանակավոր բնակության վայրով։

Նա նաև նշեց. «Վերջին անգամ եմ զգուշացնում՝ կրակի հետ խաղ մի արեք»։ Երևանում ապամոնտաժվել է 452 ինքնակամ տեղադրված գովազդ։