27/07/2024

Լվովյան փողոցի բնակիչները քաղաքապետարանի դիմաց են. նրանք պահանջում են հանդիպում Տիգրան Ավինյանի հետ

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի բնակիչներն այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց։

Նրանք պահանջում են հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Վերջիններս հայտարարել են, որ սրացումներ չեն ուզում, սակայն քննարկում հարկավոր է։

Բնակիչների խոսքով՝ այն տարածքներում, որտեղ այժմ քաղաքապետարանը իրականացնում է ապօրինի շինության քանդման աշխատանքներ, իրենք ժամանակին այդ հողատարածքները վերցրել են, այգիներ հիմնել, բայց ընդլայնվող ընտանիքներ են եղել, որոշել են նաև տուն կառուցել։

Ըստ բնակիչների՝ հարցի լուծում են խնդրում։

«Հարգում եմ վարչապետին, քաղաքապետին, պահ է եղել՝ հանդիպում եմ ունեցել քաղաքապետի հետ, խոնարհվել եմ իր առջև, հիմա էլ եմ խոնարհվում, որ բարեկեցիկ աշխատանքներ է արել, բայց մենք էլ ենք այդ տարածքները մարքել, ծառ ենք տնկել, գեղեցկացրել ենք։ Սեփականաշնորհված տներ կան, մենք էլ խնդրում ենք՝ քննարկենք զրուցենք, հասկանանք մեկս մյուսին, մեր մի հարկանիի համար վճարենք, կանաչ գոտին էլ կպահենք»,- հայտարարել են բնակիչները։

Նրանց հետ հանդիպել է քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանը, որը նշել է՝ պատրաստ են լսել բնակիչների դիտարկումները:

«Անօրինական կառուցված գույքը օրինականացնելու ձեր հեյտերը չեն ընդունվել: Քաղաքապետի որոշման մեջ նշված է, որ այդ տարածքներում օրինականացման գործընթաց չի կարող լինել»,- պարզաբաել է Տարոն Գևորգյանը: