27/07/2024

Համաձա՞յն եք, որ գերիներին բերենք, «Զանգեզուրի միջանցք»-ը տանք. Գագիկ Մելքոնյան

Այսքան ժամանակ մենք համոզվեցինք, որ ՀԱՊԿ-ը մեզ, բացի վնաս տալուց, ոչ մի բանով չի օգնել։

Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Մնացած մեր դաշնակիցները մեզ ոչ մի բանով չեն օգնել։ Երբ հակառակորդի զորքերը գտնվում էին մեր ինքնիշխան տարածքում, ոչ ոք նույնիսկ քաղաքական հայտարարություն չի արել, որ Ադրբեջանը իր զորքերով գտնվում է ՀՀ-ի տարածքում։ Մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, մեր սահմանները մենք պետք է պահենք, մեր անվտանգությունը մենք պետք է ապահովենք։ Պետք է ձեռք բերենք ժամանակակից սպառազինություն»,- ասաց նա։

Վերջինս նկատեց՝ ՀԱՊԿ պարտականությունների մեջ է մտնում, որ բոլոր անդամ պետությունների սահմանները, եթե խախտվում են, անմիջապես արձագանքեն դրան, սակայն արձագանք այդպես էլ չի եղել:

«Երբ որ Ղազախստանում հեղաշրջում էր սպասվում, միանգամից ՀԱՊԿ-ը հավաքվեց, գնաց ճնշեց այ հեղափոխությունը, այդ թվում՝ նաև մեր զորքերն են այնտեղ եղել, դա ծածկելու բան չէ։ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները մասնակցեցին դրան, դա ՌԴ կամքն էր, որ հանկարծ Ղազախստանում հեղաշրջում չլինի, ժողովրդավարություն չստեղծվի, դրա համար գնացին հարցերը կարգավորեցին եկան: Երբ Հայաստանի սահմանները հակառակորդը ներխուժել էր, ոչ ոք նույնիսկ քաղաքական հայտարարություն չարեց, երեք տարի մի քանի անգամ էսկալացիայի են ենթարկվել մեր սահմանները, ՀԱՊԿ-ն չի արձագանքել։ Երբ եվրադիտորդները եկան, իրենք ասացին՝ մենք էլ դիտորդներ ուղարկենք, բայց մեզ այդ դիտորդները պետք չեն, քաղաքական հայտարարություն արեք, մնացածը մենք կորոշենք»,- նշեց նա։

Անդրադառնալով լրագրողների այն հարցին՝ ինչո՞ւ է ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել, որ որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, ՀՀ-ն որոշել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին, Մելքոնյանը նկատեց․ «Դա իշխանությունները կորոշեն, ամեն ինչ առևտրի առարկա է, պետք չէ մեր ամեն գաղտնիքի մասին բարձրաձայնենք։ Գերիներից 4 տարի է անցել, որովհետև իրենք մեծ պահանջներ են դնում, դուք համաձա՞յն եք, որ գերիներին բերենք, «Զանգեզուրի միջանցք»-ը տանք»։

Խոսելով նաև Ադրբեջանի այն պահանջից, որ հայկական կողմը պետք է իրենց տրամադրի ականապատ դաշտերի քարտեզները, պատգամավորն ընդգծեց․ «Ադրբեջանը որ Ղարաբաղը հայաթափեց, էդ քարտեզները մնաց Ստեփանակերտում, թող գնան, հավաքեն»։