09/10/2024

ԱԱԾ մարմինների աշխատողի օրը նշելու ամսաթիվը կփոխվի

Ազգային անվտանգության ծառայությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է վերանայել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու ամսաթիվը: Չզեկուցվող այս հարցը ներառված է ՀՀ կառավարության վաղը տեղի ունենալիք նիստի օրակարգում։

ԱԱԾ մարմինների աշխատողի օրը, ինչպես հայտնի է, նշվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 20-ին։ Նախագծով առաջարկվում է այն նշել ամեն տարի հունվարի 8-ին: «2024 թվականի հունվարի 8-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-1-Ն, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-3-Ն օրենքները, որոնցով, ըստ էության, համակարգային փոփոխություններ են նախատեսվել Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի նշանակման և ծառայության կազմակերպման կարգի մասով, ինչն էլ հիմք ընդունելով՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշել յուրաքանչյուր տարի հունվարի 8-ին»,- նշված է նախագծին կից հիմնավորման մեջ։

Նշենք, որ ԱԱԾ աշխատողի օրը նշելու ամսաթվի փոփոխության հանրային պահանջը նոր չէ, որ ձևակերպվել է։ Մասնավորապես նախորդ տարի՝ 2023-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ էր այցելել դեկտեմբերի 20-ին, համացանցում մի շարք օգտատերեր հարց բարձրացրին՝ ինչու է Փաշինյանը ԱԱԾ այցելել «սովետական ԿԳԲ-ի օրը», այն դեպքում, երբ մեր երկրի անվտանգության մարմինները ստեղծվել են 1991 թվականի դեկտեմբերի 4-ին։ «Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առ այսօր ԱԱԾ-ի օր է համարվում դեկտեմբերի 20-ը՝ տոնելով 1917 թվականի այս օրը Ֆելիքս Ձերժինսկու գլխավորած ВЧК-ի ստեղծումը։ Դեկտեմբերի 20-ը հենց այն կառույցի օրն է, որը գործել է հայերի ու հայկական պետականության դեմ: Այն կառույցի օրն է, որը սպանել է Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին, Գարեգին Նժդեհին, Մովսես Սիլիկյանին, Զապել Եսայանին ու միլիոնավոր այլ մարդկանց»՝ այսպիսի քննադատություն էր հնչում երկրի ղեկավարի հասցեին։

«Քանի դեռ Հայաստանում որպես տոն նշվելու է ՉԵԿԱ-ի հիմնադրման օրը, Հայաստանը չի լինելու անկախ, ինքնիշխան, ժողովրդավար ու իրավական պետություն, այլ Ռուսական կործանվող կայսրության ենթակա տարածք»,- գրել էր սոցցանցի օգտատերերից մեկը։

Նշենք, որ 1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» ՀՀ օրենքով ՊԱԿ-ը վերանվանվեց Ազգային անվտանգության պետական վարչություն (ԱԱՊՎ):
1995թ. ԱԱՊՎ-ն վերանվանվեց ՀՀ Ազգային անվտանգության նախարարություն:

1996թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների միավորման արդյունքում ձևավորվեց ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն (ՀՀ ՆԳ և ԱԱՆ), որը կրկին տարանջատվեց 1999թ. նոյեմբերի 13-ին:
ՀՀ նախագահի հրամանագրով 2002թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԱՆ-ն վերակազմավորվեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԿԱ ԱԱԾ):

2018 թվականի հունիսի 28-ին հաստատվեցին ՀՀ վարչապետին ենթակա պետական մարմին հանդիսացող ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) նոր կանոնադրությունը և կառուցվածքը, ստեղծվեց առանձնացված ստորաբաժանում՝ տնտեսական անվտանգության ապահովման և կոռուպցիայի հակազդման գործա­ռույթներով: