27/07/2024

Թրամփը հանդիպել է Իլոն Մասկին՝ փող է պետք. NYT

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը «սուպերերեքշաբթի»-ի փրայմերիզներում իր հաղթանակը ոգեշնչող է անվանել։ Նրա խոսքերը մեջբերում է Fox News-ը։

Քաղաքական գործիչն այդ օրը անվանել է հրաշալի, «անհավատալի պահ» Միացյալ Նահանգների պատմության մեջ։ «Դա նաև շատ առումներով տխուր էր, բայց միևնույն ժամանակ նաև ոգևորիչ, քանի որ մենք պատրաստվում ենք անել մի բան, որը, անկեղծ ասած, արդեն երկար ժամանակ ոչ ոք չի կարողանում անել»,- ասել է Թրամփը Ֆլորիդա նահանգում իր կողմնակիցների առաջ ելույթ ունենալիս։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը՝ մարտի 3-ին, Ֆլորիդայում հանդիպել է Space X-ի հիմնադիր Իլոն Մասկի և մի քանի հանրապետական դոնորների հետ, գրում է The New York Times-ը՝ հղում անելով հանդիպման ընթացքին ծանոթ երեք աղբյուրների։

Թրամփն ու նրա թիմը աշխատում են լրացուցիչ խոշոր դոնորներ գտնելու ուղղությամբ՝ աջակցելու համար նրա ընտրարշավին։ NYT-ի զրուցակցի խոսքով՝ Թրամփն իր կողմնակիցների առաջ գովաբանել է Մասկին և նրա հետ առանձին հանդիպելու հույս հայտնել։

Մասկը մտադի՞ր է արդյոք ֆինանսապես աջակցել Թրամփին՝ պարզ չէ, սակայն սոցիալական ցանցերում նրա վերջին գրառումները, ինչպես գրում է The New York Times-ը, ցույց են տալիս, որ նա չափազանց կարևոր է համարում ընտրություններում Բայդենի պարտությունը։

Ինչպես նշում է NYT-ը, Մասկը երկար տարիներ նվիրատվություններ է կատարել երկու կուսակցությունների թեկնածուներին, սակայն շատ գումար չի ծախսել և այն բավականին հավասարաչափ է բաշխել դեմոկրատների ու հանրապետականների միջև:

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից։

«Ժամանակն է դադարեցնել քարոզարշավը: Ես չեմ ափսոսում: Թեև ես այլևս թեկնածու չեմ լինելու, ես չեմ դադարի խոսել այն մասին, ինչին հավատում եմ», – ասել է նա:

Ինչպես նշում է Associated Press-ը, Հեյլիի դուրս գալը ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարից Սպիտակ տան նախկին սեփականատեր Դոնալդ Թրամփին դարձրեց Հանրապետական կուսակցությունից նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդը։

Հեյլին իր կողմնակիցներին կոչ չի արել աջակցել Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում։