27/07/2024

Այդօրինակ դերակատարները զբաղված են քաղաքական հայտերով, պարբերաբար կեղտի պես դուրս գալով ջրի երես

Նախօրեին հայտնի է դարձել, որ հետախուզվող, Մոսկվայում պատսպարվող Միհրան Պողոսյանը, որն ավելի հայտնի է Հայաստանում տարիներ առաջ ունեցած բանանի ներկրման մենաշնորհով, ԴԱՀԿ ղեկավարի պաշտոնով, Պանամայի օֆշորի հայտնի գործով, վերջերս էլ՝ ավելի քան մեկ տոննա թմրանյութի ներկրման պատմությամբ, որ իրականացվել է նրա՝ բանան ներկրող ընկերության բեռներով, բացել է կուսակցություն եւ պայքարելու է ազգային միասնության ու այդ միասնությամբ Հայաստանը փրկելու, Հայաստանը ներկայիս գործող կառավարությունից ազատելու համար:

Առաջին հայացքից սա այլ բան չէ, քան քաղաքական անեկդոտ, որի հանդեպ պետք է պարզապես համապատասխան վերաբերմունք՝ ոչ ավելի: Ամբողջ հարցն այն է սակայն, որ առերեւույթ այդ քաղաքական անեկդոտի կամ այդօրինակ անեկդոտանման պատկերների տակ ծավալվում է հայկական քաղաքական ողբերգությունը, արդեն գրեթե երեք տասնամյակ, ու կարծես թե չունի վերջ: Հայաստանի որեւէ իշխանություն պարզապես կերազի, որպեսզի իր դեմ «սրբազան» պայքարի դուրս գա ԴԱՀԿ Միհրանը, որը նախկին կառավարող համակարգի թերեւս ամենաօդիոզ, ամենավարկաբեկված դերակատարներից մեկն էր:

Եվ, երբ այդօրինակ դերակատարները այսօր զբաղված են քաղաքական հայտերով, պարբերաբար դուրս գալով ջրի երես, անկասկած է մի բան, որ այդ ամենի արդյունքը լինելու է Հայաստանի հասարակական-քաղաքական արդիականացման հեռանկարի ճահճացումը: Նախկին կառավարող համակարգն իր առավել եւս օդիոզ դեմքերով, որոնց գործոնն առավել հնչեղ անտուրաժ է ստանում Մոսկվա փախած լինելու եւ այնտեղ ապասատանելու հանգամանքի շնորհիվ, անխափան եւ թերեւս անթերի աշխատող մի արգելափակոց է Հայաստանի ներկայիս կառավարող մեծամասնության համար՝ քաղաքական մրցակցության որեւէ լուրջ հեռանկար թույլ չտալու համար:

Ըստ երեւույթին այդտեղ է նաեւ հարցի պատասխանը, թե ինչու եւ ինչպես են կարողացել այդ մարդիկ դուրս գալ Հայաստանից եւ խուսափել այն քրեական պատասխանատվությունից, որին նրանց իբրեւ թե փորձել է ենթարկել Հայաստանի նոր իշխանությունը: Շատերն են թերեւս լսել «բանանային պետություն» արտահայտությունը, որը խորհրդանշում է այդ պետության բովանդակազրկությունն ու գործնականում ամբողջական ենթակայությունը արտաքին գործոններին: Հայաստանի պարագայում թերեւս շրջանառության մեջ կարող է մտնել «բանանային ընդդիմություն» հասկացությունը, որպիսին ունենալ կերազի ցանկացածծ իշխանություն, առավել եւս հանրային վարկանիշի էական խնդիր ունեցողը: