22/11/2024

Երբ մենք գրում ենք՝ «լավ պատուհան», դեպքերի 90 տոկոսում ստանալու ենք վատը, դպրոց կառուցել չգիտենք. վարչապետ

«Ես ուզում եմ հիմա պատուհանին անդրադառնալ, ծորակին, ցնցուղին»: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով դպրոցաշինության ստանդարտների մասին:

«Ես համոզված եմ արդեն, որ մենք չենք կարող նկարագրել, մենք այդ կարողությունները չունենք, որ մեզ այս պատուհանն է պետք: Գնում ենք՝ պատուհանը դրած է, ասում են՝ բա ձեր ուզածը պատուհան չի, է՜, հեսա դրել ենք: Պատուհան է, բայց արանքից փչում է, տեսքը այն չի, որակն այն չի, և այստեղ են մեր պրոբլեմները: Իսկ կա՞ն արդյոք աշխարհում մասնագետներ, ովքեր կարող են ճշգրիտ նկարագրել, էն ծորակը, որը մեզ պետք է: Այո՛, կան այդ մասնագետները, բայց իրենց պետք է, ասենք, ամիսը տալ 1 միլիոն և ավելի աշխատավարձ: Մինչև այս հարցը չլուծենք՝ այս իրավիճակն ենք ունենալու»,- նկատեց Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ աշխարհի այն հատվածը, որը ստեղծել է մետաղապլաստե պատուհանների երևույթը, նաև տեխնիկական պարամետրեր է դրել:

«Ասել է պլաստմաս ու կողքը գրել է կոդ, գրել է փական ու կողքը դրել է կոդ: Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մենք մեր իմացած բառապաշարով ուզում ենք նկարագրել տեխնիկական պարամետրը. պատուհանը լա՞վն է, թե՞ չէ, որ շատ սեղմենք, կգնան դատի կտան, կասեն՝ «հեսա, տեսեք, պատուհան է՝ բացվում-փակվում է»: Մեր պրոբլեմն այդտեղ է, մենք ասում ենք՝ տեխնիկական առաջադրանք գրեք, գալիս են մեսրոպատառ ոսկեղենիկ հայերենով գրում են՝ լավ պատուհան, մենք էլ ասում ենք՝ ինչ լա՜վ տեխնիկական առաջադրանք է, գրած է՝ լավ պատուհան: Մենք պետք է տեխնիկական առաջադրանքն այնպես գրենք, որ ոսկեղենիկ մեսրոպատառ ոչ մի բառ չգրվի, գրենք կոդեր, թվեր, որ մենք կարդանք չհասկանանք, մասնագետը կարդա՝ հասկանա, բայց որպեսզի մենք սա անենք, մեզ պետք է մասնագետ, որ այս լեզուն գիտի: Մեզ մոտ այդ մասնագետները կա՛մ չկան, կա՛մ քիչ են: Այսինքն, երբ որ մենք ասացինք՝ լավ պատուհան, դեպքերի 90 տոկոսում ստանալու ենք վատ պատուհան»,- ընդգծեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նաև մանրամասնեց՝ տեխնիկական աշխարհն ունի իր լեզուն, որը մենք չգիտենք. «Արձանագրենք՝ մենք չգիտենք, եկեք հասկանանք՝ ոնց սովորենք, գոռանք, ճվանք, կտրուկ գործողություններ անենք, պետք է սովորենք լեզուն, այն լեզուն, որը չգիտենք: Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք զրոյից սովորում ենք, բայց սովորելու պլան պետք է ունենանք, թե ոնց սովորել»:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով նախարարությանը կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է մի շարք միջոցներ հատկացնել կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար։

Նախարարը պարզաբանեց՝ այդ վերաբաշխումը վերաբերում է հետևյալին․ «Երկու մանկապարտեզին, վեց մոդուլային դպրոցին, մեկ ավագ դպրոցի մասնաշենքին, 15 դպրոցի մարզադահլիճի կառուցմանը և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին։ Ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննական ծառայությունների համար»։

ՀՀ վարչապետն էլ, անդրադառնալով դպրոցաշինության ոլորտի ժամկետներին, նկատեց․ «Տարեսկզբին տեղի ունեցածի նախապատմությունը որ լավ պատկերացնեք, ասեմ՝ ես սկզբից հարց էի դրել, թե երբ են ավարտվելու այդ օբյեկտների աշխատանքները։ Այն բոլոր դեպքերում, երբ պայմանագրով սահմանված ժամկետների կասկածներ կային, ասացի՝ ժամկետներ ասեք, բայց այն պետք է պահպանվի։ Գնացինք, տեսանք այն, ինչ տեսանք»։

Ըստ վարչապետի՝ հիմա երկու դիլեմա կա. «Մի դեպքում ասենք՝ հա, լավ, կառուցեք՝ երբ կկառուցեք։ Էդ նշանակում է շինարարություններն անվերջ կշարունակվեն։ Երկրորդն էլ՝ հստակ ժամկետներ դնենք, բայց իքս պահի ժամկետները պետք է երկաթյա լինեն, հակառակ դեպքում կարող են շինարարությունները տասնյակ տարիներով կամ մի քանի տարով շարունակվեն»։