Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կառավարման ճգնաժամի մեջ է:
Չնայած նրան, որ վերջերս հասարակական կազմակերպությունը մեծ համագումար էր հրավիրել և նախագահ ընտրել ընկերության նախկին գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին, սակայն պարզվում է՝ այս փաստը հեղինակավոր կազմակերպության նախագահողների սրտով չէ։
Տեղի ունեցած համագումարից ընդամենը ժամեր անց redcross.am կայքում ընկերության նախագահությունը ընտրությունները որակել էր անօրինական:
Կարմիր խաչում ստեղծված իրավիճակի հետ կապված Աննա Եղիազարյանը և ընկերության մի շարք աշխատակիցներ Բաց նամակով դիմել են ՀՀ պետական կառույցներին և դրանց ղեկավարներին՝ ակնկալելով հարցի լուծման համար միջամտություն: Այն ներկայացնում ենք՝ ստորև.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Հարգելի պարոնայք և տիկնայք նախարարներ,
Ցավով ենք նշում, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Հայկական Կարմիր խաչի ընկերություն ՀԿ-ն (ՀԿԽԸ) հայտնվել է կառավարման լրջագույն ճգնաժամի մեջ, ինչը հանգեցրել է Ազգային ընկերության գործունեության խաթարմանը։
Պետք է նշել, որ ՀԿԽԸ-ն երկար ու ձիգ տարիներ կանգնած է եղել պետության կողքին՝ տանելով մարդասիրական ոլորտում իր աջակցող դերը, գործադիր մարմնի անթերի աշխատանքի շնորհիվ վաստակելով գործընկերների վստահությունը, ինչի շնորհիվ կարողացել է սատար կանգնել պետական մարմիններին աղետների ու ճգնաժամերի ժամանակ։
Դրա մասին են վկայում նաև վերջին 4 տարիների ընթացքում տեղի ունեցած աղետներին ՀԿԽԸ արագ և մասնագիտացված արձագանքները։
Համոզված ենք տեղեկացված եք, որ ս․թ․ փետրվարի 15-ին տեղի է ունեցել ՀԿԽԸ արտահերթ 28-րդ համագումարը, որի ընթացքում դադարեցվել են ՀԿԽԸ նախկին նախագահության անդամների լիազորությունները, ընտրվել է նոր նախագահ և նոր նախագահության կազմ։
Մինչ այդ՝ 02․02․2024թ․-ին, նախկին նախագահ Մխիթար Մնացականյանը, չհամակերպվելով այն փաստի հետ, որ ՀԿԽԸ կանոնադրության համաձայն, այլևս հնարավորություն չունի նախագահ ընտրվելու, և որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը չի կարողանալու դարձնել իր ընտանիքի սեփականությունը, ՀԿԽԸ նախագահության նիստին ապօրինաբար նշանակվեց նախագահի պաշտոնակատար, որի իրավունքը չուներ։
Որից հետո, ՀՀ օրենսդրության և ՀԿԽԸ կանոնադրության կոպիտ խախտմամբ նշանակված և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես Կազմակերպության գլխավոր քարտուղար գրանցված Արթուր Արիստակեսյանի հետ աշխատելն անհնարին համարեցին ՀԿԽԸ 9 բաժիններից 8-ի ղեկավարները, կենտրոնական գրասենյակի անձնակազմի մեծ մասը, ինչպես նաև 12 մարզային և տարածքային մասնաճյուղերից 9-ի նախագահները և նախագահությունները, համապատասխան համայնքային մասնաճյուղերի անդամներն ու կամավորները։ Արդյունքում անձնակազմի մի մասը օրենքի խախտմամբ ազատվել է աշխատանքից։
ՀԿԽԸ կառավարման այս լրջագույն ճգնաժամի, ինչպես նաև 28-րդ արտահերթ համագումարի և դրա արդյունքների մասին տեղյակ են ՀԿԽԸ բոլոր համագործակից կողմերը, այդ թվում՝ ՀՀ պետական կառավարման մարմինները, միջազգային դոնոր կազմակերպությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման ֆեդերացիան։
Սակայն, մինչ օրս, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից դրսևորած անգործությունը թույլ է տալիս ենթադրել, որ նշված անհարկի ձգձգումները հետապնդում են մեկ նպատակ՝ խուսափել կայացնել իրավաչափ որոշում։
Այս պահին ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակը զավթած, մարդասիրական ողջ գործունեությունը տապալած, ապօրինաբար իրենց ղեկավար հռչակած անձանց պատճառով լրջագույն վնաս է հասցվել կազմակերպության հեղինակությանը, միջազգային գործընկերների կողմից ընդհատվում է համագործակցությունը, վտանգի տակ է մարդասիրական բոլոր ծրագրերի շարունակականությունը։ Ազգային ընկերության բնականոն աշխատանքների դադարեցումը մեծ հարված է նաև մեր պետության հեղինակությանը։
Այսպիսով, դիմում ենք Ձեզ պահանջով, իր մանդատով կառավարությանը մարդասիրական ոլորտում աջակցող կառույց ՀԿԽԸ-ի բնականոն գործունեությունն անհապաղ վերականգնելու և օրինականությունը հաստատելու նպատակով ձեռնարկել գործուն քայլեր, քանի որ վտանգված է Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով՝ ՀՀ խոցելի բնակչությանն ուղղված միջազգային կազմակերպությունների ահռելի ֆինանսական միջոցների և տարիների ընթացքում կայացած ծառայությունների տրամադրումը։
Այլապես ստացվում է, որ ձեր բոլորի աչքի առաջ կործանվում է կայացած Ազգային ընկերությունը, իսկ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալության կողմից որոշումները կայացվում են ոչ թե ՀՀ օրենքին տառին համահունչ, այլ՝ ինչ-ինչ ուժերի քմահաճույքով»:
Բաց մի թողեք
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար
Բայդենի բռունցքի վերջին ուժը Ռուսաստանի վրա՝ Թրամփին իշխանությունը փոխանցելուց առաջ
Թբիլիսիում ի՞նչ է ծրագրվում, հեղաշրջում կլինի՞