13/12/2024

Ինչ է արձագանքել Իրանը Պապիկյանի այցի ժամանակ․ ահազանգ, թե՝ պարզապես «պրոֆիլակտիկա»

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Միմյանց ներկայացրել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները»:

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման վերաբերյալ այդ գրառումն է արել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Գրառումից տպավորություն է, որ արտահայտվածծ մոտեցումները եղել են զգալիորեն տարբեր, եթե Հայաստանի պաշտպանության նախարարը արձանագրում է ընդամենը, որ «միմյանց ներկայացրել ենք մեր մոտեցումները»:

Մինչ Իրանի նախագահի հետ հանդիպումը, Սուրեն Պապիկյանը Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է իրանցի իր գործընկերոջը, բրիգադի գեներալ Աշթիանիին: Ըստ իրանական լրատվամիջոցների, Իրանի պաշտպանության նախարարը հանդիպմանն ասել է, որ տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հանգեցնելու է ավելի վատ հետեւանքի եւ տարածաշրջանը վերածելու է բախման կետի եւ բերելու է անկայունություն: Իրանական կողմը իր այդ դիրքորոշումն իհարկե ազդարարում է պարբերաբար, որպես կանոն:

Ի՞նչ է սա նշանակում՝ դժգոհությու՞ն, որ Հայաստանը անվտանգության որոշակի մեխանիզմներ է փնտրում Արեւմուտքում, թե՞ պարզապես «պրոֆիլակտիկա», հաշվի առնելով այն, որ Իրանը թերեւս դեմ չի լինի, եթե Հայաստանի այդ փնտրտուքը օգնի կառավարել փխրուն իրավիճակը եւ պահպանել կայունությունը:

Չէ՞ որ Իրանը շահագրգռված է Կովկասի կայունությամբ, քանի որ հակառակ պարագայում դա կլինի հրդեհ իր թիկունքում, առավել եւս այսօր, երբ Թեհրանը լուծելու մեծ խնդիրներ ունի մերձավորարեւելյան թեժ կետում: Մյուս կողմից սակայն, Իրանը որեւէ կերպ չի կարող հանդուրժել թիկունքի ռազմավարական փոփոխություն, կամ ինչպես Իրանն է ասում՝ աշխարհաքաղաքական փոփոխություն: Ինչպե՞ս է պահում Հայաստանն այդ հավասարակշռությունը: Սա հայ-իրանական փոխհարաբերության առանցքային հարցերից մեկն է:

Բավականին նկատելի է, որ թերեւս հենց դա է եղել նաեւ պաշտպանության նախարար Պապիկյանի Իրան այցի հիմնական նպատակներից մեկը: Ընդ որում, հարկ է նկատել ուշագրավ մի հանգամանք: Շաբաթներ առաջ Իրան էր այցելել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու նպատակով: Նրա այցը ըստ էության նախորդել էր Մյունխենի անվտանգության համաժողովին, որի շրջանակում գերմանական միջնորդությամբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: Իրանի նախագահը ընդունելով Մհեր Գրիգորյանին հայտարարել էր, որ «համաձայն չեն» կարգավորման անվան տակ արտառեգիոնալ խաղացողների ամրապնդմանը տարածաշրջանում:

Նշանակու՞մ էր սա արդյոք, որ հայկական կողմը Մյունխենից առաջ ինչ որ շոշափվող բովանդակություն էր ներկայացրել Իրանին՝ դիրքորոշում ճշտելու համար, եւ արդյո՞ք Մյունխենից, եւ դրան հաջորդած դիվանագիտական որոշակի ինտենսիվությունից հետո պաշտպանության նախարարի այցը Իրան պայմանավորված չէր Իրանին հավաստիացնելու մղումով, որ Թեհրանը չունի ռազմավարական անհանգստության առիթ:

Մյուս կողմից, հայ-իրանական հարաբերության համար անշուշտ չափազանց անբավարար է պարզապես այդ հավաստիացումների կանոնավոր եւ օպերատիվ ռեժիմի հաստատումը եւ դա պետք է ընդամենը հիմք լինի առավել խորքային օրակարգի շուրջ արդյունավետ եւ առարկայական քննարկումների համար, ընդ որում կապված ոչ միայն Կովկասի հետ: