Միջազգային մամուլը սենսացիոն նորություն է տարածել, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն «պատմական» է որակել Նոր Կալեդոնիայի իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնությունը, որով ֆրանսիական անդրծովային այդ տարածքը ձեռք է բերում «Նոր Կալեդոնիա պետություն» անվանումը:
Համաձայնագրի մանրամասնություններն առայժմ լայնորեն չեն լուսաբանվում, հայտնի է միայն որ Նոր Կալեդոնիան կունենա քաղաքացիություն՝ ֆրանսիականի հետ զուգահեռ:
Ըստ տեղեկությունների, համաձայնությունը պետք է վավերացում անցնի Ֆրանսիայի Ազգային ժողովում և Սենատում, ապա Նոր Կալեդոնիայի բնակչության շրջանում դրվի հանրաքվեի:
Բոլոր ընթացակարգերն ավարտելուց հետո «Նոր Կալեդոնիա պետության» կարգավիճակը կամրագրվի Ֆրանսիայի սահմանադրությամբ, որտեղ կարվի հատուկ ամրագրում, որ այլ պետությունները կարող են ճանաչել Նոր Կալեդոնիան և նրա հետ հարաբերություններ հաստատել:
Դա, իհարկե, չի նշանակում Նոր Կալեդոնիայի նկատմամբ Ֆրանսիայի ինքնիշխանության չեղարկում, բայց անդրծովային տարածքների ինքնուրությունը ֆորմալացնելու ճանապարհին լուրջ առաջընթաց է:
Ֆրանսիայի Ազգային ժողովը և Սենատը 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին բանաձևեր են ընդունել: Դրանք, ինչ խոսք, Ելիսեյան պալատին չեն պարտավորեցնում, որ ճանաչի Լեռնային Ղարաբաղը, բայց քաղաքական առումով Ֆրանսիայի նախագահի համար մնում են հնարավորություն:
Ֆրանսիան կգնա՞ Լեռնային Ղարաբաղի ճանաչման ճանապարհով: Տեսանելի ապագայում նման հեռանկարը հազիվ թե իրատեսական է: Բայց Նոր Կալեդոնիայի հետ ձեռք բերված համաձայնությունը, եթե գործընթացը հասնի տրամաբանական ավարտի, նման հարցերում Ֆրանսիայի օրինակելի դիրքորոշման վկայություն է:
Չպետք է մոռանալ, որ ժամանակին Ալժիրը նույնպես հանրաքվեով Ֆրանսիայից անկախություն է ստացել:

Բաց մի թողեք
Բրյուսելը պետական սուբսիդիաների առատություն է առաջարկում Իրանի պատերազմի էներգետիկ ցնցման դեմ պայքարելու համար
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում արագացնել ԵՄ ռազմական շարժունակությունը Խորհրդի հետ բախման ֆոնին
Վտանգավոր առաքելություն. Գերմանիան կարող է ականորսական նավեր ուղարկել Հորմուզի նեղուցը ապահովելու համար